Դիտորդների արձանագրած ընտրակեղծիքներն ու բողոքարկող երկու քաղաքական ուժերը

yntrutyun1Մինչ իշխող կուսակցությունը տոնում է մայիսի 5-ին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընտրություններին մասնակցած երկու ուժ պատրաստվում են բողոքարկել դրանք:

Հայ ազգային կոնգրեսը մի քանի տեղամասերից վերահաշվարկ է պահանջում, մի քանիսի արդյունքներն էլ պահանջում է անվավեր ճանաչել։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իրենք էլ են բողոքարկելու ընտրությունների արդյունքները:

Դե իսկ «Բարգավաճ Հայաստանը», որքան էլ որ իր տարածած հայտարարության մեջ նշել էր, թե ընտրական մեխանիզմը Հայաստանում հիմնովին վերափոխման կարիք ունի, այդուհանդերձ ընտրությունների արդյունքները բողոքարկելու մասին ոչինչի չի հայտարարել:

ՀՅԴ մամլո խոսնակ Գայանե Մանուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Դաշնակցությունն ընտրությունների արդյունքները չի վիճարկում:

Երևանի ավագանու ընտրությունների օրը գրեթե բոլոր տեղամասերում դիտորդական առաքելություններ էին իրականացնում մի շարք կազմակերպություններ:

Դրանցից գրեթե բոլորն էլ ընտրախախտումներ արձանագրել են:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» դիտորդական կազմակերպության հաղորդակցման գծով ղեկավար Զառա Ամատունին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց 123 դիտորդներն ու տասը շրջիկ իրավական մեքենաներն այդ օրն արձանագրել են մոտ 70 իրավախախտում:

Մասնավորեցնելով ընտրախախտումների դեպքերը՝ Զ․ Ամատունին նշեց, որ օրինակ 6/15 ընտրատեղամասում քվեախցիկի հետևը հայելի է փակցված եղել, ինչն արձանագրել է իրենց դիտորդը:

Բացի այդ, հայտնաբերել են նաև թանաքի ջնջման դեպքեր, թաղային հեղինակությունները ճնշում են գործադրել ընտրողների, ինչպես նաև իրենց դիտորդի վրա՝ փորձելով ձեռքից խլել հեռախոսը։ Ընտրատեղամասերի մոտ հայտնաբերվել են մարդկանց կուտակումներ, քվեախցիկի մեջ եղել է մեկից ավելի մարդ: Թիվ մեկ ընտրատարածքի երկու ընտրատեղամասերում նույն տաքսի ծառայությունը մարդկանց էր բերում տեղմաս: 1 քվեարկող երկու անձնագրով է եկել տեղամաս, և երբ նրանից փորձել են ճշտել, թե ումն է՝ մի անծանոթ տատիկի է մատնացույց արել: Նշենք նաև որ ընտրողներից մեկի մոտ երկու ծրար է եղել, երբ նրանից հետաքրքրվել են, թե ո՞ւմն է, մատնացույց է արել մեկին, ով շատ մեծ արագությամբ հեռացել է ընտրատեղամասից։

Մյուս դիտորդական առաքելությունները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց մտահոգությունն այն է, որ գրեթե բոլոր տեղամասերում եղել են մարդկանց կուտակումներ, նկատելի է եղել ուղղորդված քվեարկությունն՝ առ այն, որ միևնույն մարդը նույն ավտոմեքենայով օրվա տարբեր ժամերին տարբեր մարդկանց է բերում քվեարկության:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանն իր հերթին նշել է, որ արձանագրվել են նաև չլիազորված վստահված անձինք: Ժողովրդին բերում էին միկրոավտոբուսներով, կամ մի անձ բերում էր մի քանի հոգու,և այդ բոլոր ռեսուրսները ներդրված էր նրա համար, որպեսզի ապահովվեր Հանրապետական կուսակցության հաղթանակը․«Մալաթիա-Սեբաստիա համայնքում մենք ունեցել ենք հղի դիտորդ, ում նկատմամբ սպառնալիքներ են հնչել: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության կողմից կանխատեսված էր ընտրությունների կեղծումը, բայց ոչ նման մասշտաբով»,- ասել է նա:

Հավելենք, որ մի քանի ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն ամփոփելիս հանձնաժողովի անդամները նկատել են, որ քվեարկել են գունավոր գրիչներով՝ բոլորը Հանրապետականի օգտին, ինչն ակնհայտորեն թաղային հեղինակություններին ինչ-որ բան ապացուցելու միտում է ունեցել: Շատ է խոսվում նաև ընտրակաշառք բաժանելու մասին, սակայն ապացույցներ կարծես թե չկան:

Կկարողանա՞ն այսօրինակ ընտրախախտումների համար ինչ-որ բան ապացուցել կամ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները՝ գոնե մեկ ընտրատեղամասում, ինչպես եղավ նախագահական ընտրություններից հետո՝ պարզ կդառնա առաջիկայում։

1in.am

Տպել Տպել