Մեր ժողովրդին մշուշոտ ապագա է սպասվում

ԱրծվիկԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կառավարության ներկայացրած ծրագիրը ծրագիր չի համարում, այլ հռչակագիր, որը չունի ոչ միայն կոնկրետություններ, այլ նաև ձևակերպումները մշուշոտ են ու անորոշ:

«Ծրագիրն այդպես էլ չի բացահայտում մեր երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները»,- նշեց պատգամավորը` վստահություն հայտնելով, որ այն կազմվել է երկրի ղեկավարի ելույթից, տարբեր քաղաքական ուժերի արտահայտած մոտեցումներից:

Նրա դիտարկմամբ, ծրագիր կազմողները խորքային պատկերացումներ չունեն, թե որոնք են հայ ժողովրդի առջև ծառացած կարևորագույն խնդիրները: ՀՅԴ-ական գործիչը նշեց նաև, թե ինչպիսի կարևորագույն հարցեր չեն ընդգրկվել ծրագրում, օրինակ ազգային ավիափոխադրողի մասին ոչ մի խոսք չկա և այլն:

Ա. Մինասյանի խոսքով, մեկ տարի առաջ էլ կառավարությունը ներկայացրեց ծրագիր, բայց ոչ մի թիրախային հարց այս ընթացքում չի լուծվել:

Արծվիկ Մինասյանի կարծիքով, ժողովուրդը չի կարող հույս կապել այս կառավարության հետ: «Ներկա իշխանությունների ամենամեծ վատությունը, որ արել են ժողովրդին, հույսը սպանելն է, իսկ հույս սպանելը նշանակում է ապագան ոչնչացնել: Մեր խնդիրն է վերականգնել այդ վստահությունը»,- ասաց նա` հավելելով, թե ինչ պետք է աներ իշխանությունը. «Իշխանությունը պետք է այս ընթացքում փորձեր կառավարության կազմում հնարավորինս ընդգրկել առողջ մասնագիտական կարողություն ունեցող, հանրության մեջ վստահություն վայելող մարդկանց»:

ՀՅԴ-ական պատգամավորի դիտարկմամբ, մեր ժողովրդին մշուշոտ ապագա է սպասվում: Նա վստահ է, որ հասարակության մեջ խռովություն կբարձրանա: Ըստ նրա, դա ուշ չի լինի:

panorama.am

Տպել Տպել