ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի լսումներին Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, որ Մինսկի խմբի մանդատն իրեն սպառել է

A-nՏալլինում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կազմակերպած՝ «Սառեցված հակամարտություններ» թեմայով լսումների ժամանակ Միջազգային Ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի և մյուս եվրոպացի փորձագետների ելույթներում նկատվել է ակնհայտ միտում՝ ԼՂՀ բանակցային գործընթացը հանել Մինսկի խմբի մանդատի շրջանակներից՝ այդ ֆորմատը տապալված համարող հիմնավորմամբ, այս մասին Tert.am-ին հայտնեց հայաստանյան պատվիրակությունից լսումներին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Ավելին՝ Սաբինա Ֆրեյզերը անգամ նման միտք հնչեցրեց, թե պետք է մտածել՝ սկզբունքները, որոնց շուրջ տարվում են բանակցությունները, արդյո՞ք կենսունակ են»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ մանրամասնելով, որ այս ելույթները հնչել են Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկման ժամանակ:

Բանն այն է, որ ռուսական պատվիրակությունը, նախապես իմանալով, որ ողջ տրամադրվածությունը հակառուսական է, բոյկոտել էր Հարավային Օսիայում և Աբխազիայում սառեցված հակամարտությունները հարցը. այն բավականին հանդարտ է անցել, փոխարենը ողջ «ծանրության կենտրոնը» տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղի վրա:

Սաբինա Ֆրեզերը նաև հայտարարել է, որ թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը հավասարապես հանդես են գալիս ռազմատենչ և ռազմական հայտարարություններով:

Թե՛ Նաիրա Զոհրաբյանը, և թե՛ Հայ Յեղափոխական Դաշնակցությունից լսումներին մասնակցող Արմեն Ռուստամյանն այս առնչությամբ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումը:

Անդրադառնալով Սաբինա Ֆրեեզերի ելույթին՝ Նաիրա Զոհրաբյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց. «Ուղղակիորեն աղավաղեց փաստերը, և ես չէի կարող տիկին Ֆրեզերին չասել, որ ինքը, մեղմ ասած՝ ճիշտ չի խոսում»: Պատասխան ելույթում ԲՀԿ պատգամավորը հայտարարել է, որ Հայաստանի առաջին դեմքերի կողմից երբևէ պատերազմի կոչ ու ռազմական հռետորաբանություն չի հնչել և ավելացրել, որ Հայաստանը պատերազմ չի ուզում, բայց պատերազմից չի վախենում, և որ Ադրբեջանը սխալ ուղու վրա է՝ կարծելով, որ կարող է մեզ վախեցնել պատերազմով:

«Ես ասացի, որ մեզ քաջ ծանոթ է ադրբեջանական զինվորի ոգին, մենք այդ ոգին տեսանք այն ժամանակ, երբ Բուդապեշտում գազանը կացնով սպանեց քնած հայ սպային»,-ասել է ԲՀԿ-ական պատգամավորը և ավելացրել, որ չնայած համանախագահող երկրների ջանքերին, վերջին տարիներին ղարաբաղյան խնդրում առաջընթաց չի արձանագրվում, քանի որ Ադրբեջանը մեկը մյուսի հետևից մերժում է միջնորդների առաջարկները:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացը Մինսկի խմբից դուրս բերելու և այլ ֆորմատ տեղափոխելու Ադրբեջանի ջանքերին, ապա Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ հայկական կողմի համար ընդունելի է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, որոնց շուրջ Հայաստանը պատրաստ է խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի մանդատի ենթակայության տակ շարունակել բանակցությունները:

Եվ ելույթի վերջում ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարել է, որ բոլորը խոսում են Ղարաբաղի մասին՝ երբևէ չլինելով այնտեղ: «Մի՛ վախեցեք գնալ Ղարաբաղ: Գնացեք ու, վստահեցնում եմ, կտեսնեք խաղաղ ապրող ժողովուրդ, որը հետևողականորեն կառուցում է իր ժողովրդավարական ապագան»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում մեկնաբանեց, որ պրոադբեջանական ելույթները Հայաստանի համար անակնկալ չեն եղել: «Հերթական անգամ Ադրբեջանը գերադասեց ոչ թե սեփական դեմքով հանդես գալ, այլ օգտագործել իր տարբեր լոբբիստներին, և մենք գիտեինք՝ ինչ դիրքորոշում ունեն ադրբեջանական լոբբիի մաս կազմող հիշյալ պատգամավորները և իրենց եվրոպացի միջազգային փորձագետ պրոտեժեները»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Արմեն Ռուստամյանն իր հերթին զուգահեռներ է տարել Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի միջև՝ հարց բարձրացնելով, թե ինչու՞ մի դեպքում անկախության միակողմանի հռչակումը համարվում է միջազգային հիմնարար սկզբունքներին չհակասող, իսկ Ղարաբաղի դեպքում՝ հակասող:

Քննարկման ժամանակ ադրբեջանամետ դիրքորոշումներով հանդես են եկել նաև Ադրբեջանի հարցով համազեկուցող Պեդրո Ագրամունդը, «Ադրբեջանի հայտնի լոբբիստ Իլյինսկին», իսկ համեմատաբար հավասարակշռված ելույթով՝ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը, որը լրջորեն քննադատել է Ադրբեջանին՝ «այս երկրում ժողովրդավարության բացակայության համար»:

tert.am

Տպել Տպել