Ռուսաստանը կարող է գազի գնի դիմաց նոր զիջումներ կորզել Հայաստանից

ԱրծվիկՀայաստանում գազամատակարարման ոլորտում պետք է ներդրվի սոցիալական բաղադրիչը: Այս կարծիքին է տնտեսագետ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ով մի քանի առաջարկներ ունի գազամատակարարման ոլորտի հետ կապված:

«Ես կարծում եմ, որ պետք է ամսական մինչև 10 հազար խմ սպառողների համար սանդղակավորումն իրականացվի այնպես, որ մինչև միջին եկամուտ ունեցողները կարողանան այսօրվա եղած սակագնով վճարել գազը, միջինից մինչև երրորդ սանդղակի վրա գտնվողները` ավելի բարձր, իսկ հարուստներն ավելի շատ պետք է վճարեն»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը:

Երկրորդ տարբերակումն, ըստ նրա, պետք է իրականացվի` տարածքային առանձնահատկությունը հաշվի առնելով: Մասնավորապես, պատգամավորը գտնում է, որ լեռնային և բարձրլեռնային բնակավայրերի և Հայաստանի հյուսիսային շրջանների բնակիչները պետք է իջեցված սակագնով սպառեն գազը: Դա նաև հնարավորություն կտա փոքր ու միջին բիզնեսն այդ բնակավայրերում զարգացնել:

«Երրորդ ուղղությունը` պետք է լինի պատշաճ վերահսկողական համակարգ` գազի որակի, սպասարկման հետ կապված` սկսած կալորիականությունից, ավարտված տնային սպասարկման համակարգի վերանայումներով: Չմոռանանք, որ ռուսական Գազպրոմ ընկերության քաղաքականությունն, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում գազը մինչև բնակչին տրամադրելն է: Եթե այլ երկրներում մինչև սահման հասցնելն է, Հայաստանում մինչև բնակարան հասցնելն է, այս տեսանկյունից ռուսական գազն ամենաթանկն է թե տարածաշրջանում, թե եվրոպական հատվածում»,- ընդգծեց պատգամավորը:

Հետևաբար, ըստ Արծվիկ Մինասյանի, Հայաստանի իշխանությունները մեղավոր են, որ չեն կարողանում այնպիսի վարքագիծ դրսևորել, որն իսկապես կապահովի ռազմավարական գործընկերություն, այլ ոչ թե վասալի և տիրոջ կարգավիճակ:

«Դատելով մեր իշխանության պահվածքից` խիստ կասկածում եմ, որ Ռուսաստանը անվճար ինչ-որ բան կտա: Հերթական գործիքները կարող են կորզել մեզնից, մասնավորապես մտավախություն ունեմ, որ կարող են ՀայՌուսագազարդ ընկերության` Հայաստանին պատկանող 20 տոկոսը կորզել կամ այլ գույք ու զիջումներ պահանջել Հայաստանից, ինչը կարող է մեր պետականությանը վնասել: Եթե այս իշխանությունները կարողանան առանց որևէ զիջումների ստանալ այդ օժանդակությունը, դա դրական ազդեցություն կունենա»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

lragir.am

Տպել Տպել