Մի օր էլ Մայիսի 28-ի խորհուրդը կհասկանաք, հո այդպես չե՞ք մնա

mayis 28Այո, մենք այլևս չենք կասկածում՝ մի օր ավանակները կփրկեն աշխարհը: Իսկ դատելով որոշ լաքեյհրատ թերթերի հրապարակումներից, կարելի է ասել, որ դրանք անպայման հայաստանյան ծագում ունեցող ավանակներն են լինելու: Երբ գործող իշխանությանը չի հաջողվում նույնիսկ Մայիսի 28-ը վերածել համաժողովրդական տոնի, և այդ տոնը դառնում է հերթական հանգստյան օր կամ մեռելոց, չգիտես՝ այլևս ինչ մտածել: Նաև բնական հարցեր են առաջանում՝ տեսնես ինչո՞ւ չեն կարողանում: Ինչո՞ւ մի քանի տարի առաջ այս տոնը տոն էր բոլորի համար, իսկ վերջին հինգ տարում այն, գոնե իշխանությունների համար, վերածվել է ինչ-որ կեղծ կատեգորիայի, որին, ճարահատ, վերաբերմունք են ցույց տալիս և միայն այդքանը:

Ինչքան էլ Սերժ Սարգսյանը փորձում է 1918-20 թթ. հանրապետությունը կապել Խորհրդային Հայաստանի, ապա՝ ներկա հանրապետության հետ, ոչինչ չի ստացվում: Զինվորական շքերթ են անում, համույթներ երգեցնում ու պարեցնում, Բիշքեկ չեն գնում, բայց մեկ է` իշխանությունը մենակ է Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում: Եվ, որպեսզի այդ միայնակությունը շատ ցցուն չլինի, փորձ է արվում խնդիրը տեղափոխել ներքաղաքական-կուսակցական հարթություն: Իսկ այստեղ կազմ ու պատրաստ սպասում են լաքեյհրատ մամուլի միջոցները, որոնց մասին հիշատակեցինք վերևում: Այո, նրանք մի օր էլ աշխարհը կփրկեն, ինչպես այսօր փորձում են փրկել ՀՀ իշխանություններին: Եվ ինչպե՞ս առատորեն չկերակրես, ուզում էինք ասել՝ խոտ չտաս սրանց: Փոխանակ ընթերցողին գորշ ու գաղջ իրականությունը ներկայացնելու, ձև են տվել իրենց, թե չեն հասկանում Դաշնակցության` այս տարվա վերաբերմունքը տոնին:

Տափակ մտածողությամբ հայտնի գրչակն այսպիսի տողեր է գրել իր թերթում. «Մայիս-28 շնորհավոր, գինի լից». դաշնակցական երգի այդ բառերը երեկ, ընդհանուր առմամբ, համապատասխանում էին օրվա խորհրդին` Առաջին հանրապետության 95-ամյակին: Սակայն տարօրինակաբար, ճակատագրի հեգնանքով, ինքը` ՀՅԴ-ն, կարծես թե, իր իսկ երգի խորհրդից մի տեսակ սահմանազատված իրեն դրսեւորեց»: Սա, ուրեմն, բողոքում է, թե ինչու 2013 թվականի մայիսի 28-ին Սարդարապատում և Բաշ-Ապարանում ՀՅԴ-ն կանգնած չէր իշխանությունների կողքին, համապատասխանաբար՝ Սերժ Սարգսյանի և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի: Այդ ինչից է, որ ԲՀԿ-ն` ի դեմս Գագիկ Ծառուկյանի, կար, իսկ ՀՅԴ-ն չկար: Կարծում ենք՝ կարիք չկար, որ սույն հռետորն իր հավի հիշողությունն այսպես դրսևորեր:

Դեռ 2009-ին ՀՀ իշխանությունները հասկացան, թե ինչու մայիսի 28-ին Դաշնակցությունն իրենց կողքին չկանգնեց Սարդարապատում: Այստեղ են ասել՝ ՀՀ իշխանությունները, հայ-թուրքական հաշտեցման ճանապարհային քարտեզը գրպաններում, հավաքվել էին Սարդարապատում, որ ի՞նչ անեին: ՀՅԴ-ն այդ օրը Սարդարապատում ցույցով դիմավորեց նրանց: Անցել է լրիվ 4 տարի: Ստորագրված են հայ-թուրքական արձանագրությունները, որոնց մի օրինակը ՀՀ իշխանությունը, որպես սրբության սրբոց, դեռ պահում է պատկան դարակում: Խնդրին անդրադառնալու փոխարեն թերթը տարակուսում է Դաշնակցության պահվածքից. «ՀՅԴ-ն դրսևորեց տարօրինակ, եթե չասենք` փոքրոգի վարքագիծ: Դաշնակցական ղեկավարները չկային Սարդարապատի պետական միջոցառմանը, նրանցից գրեթե ոչ ոք չերեւաց եւ Բաշ-Ապարանի ճակատամարտի հուշարձանի մոտ, այն միջոցառմանը, որը ավանդաբար կազմակերպել էր «Նիգ-Ապարանը»: Այ, այդտեղ, արդեն առողջ դատողության մեջ էլ չի տեղավորվում, որ չերեւան Դրոյի գերեզմանի մոտ` ինչ է թե միջոցառումը կազմակերպել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը»:

Ինչպես կասեր հանճարեղ պատմաբան և նժդեհագետ Աշոտյանը՝ «շատ մակերեսային ընկալման դիապազոն», որ ցուցաբերել է մամուլի միջոց կոչվող թերթոնը` յուր անգլուխ խմբագրի գլխավորությամբ: Վերջինս համառորեն չի ուզում հասկանալ, որ Սարդարապատը Սերժ Սարգսյանինը չէ, իսկ Բաշ-Ապարանը՝ Աղվան Հովսեփյանինը, նա չի կարողանում ըմբռնել, որ իշխանության ներկայացուցիչների կողքին կանգնելով չէ, որ Դաշնակցությունը հայ ժողովրդի և հայոց պետականության համար կարևորում է Մայիսի 28-ը: Մինչդեռ ժամանակն է ըմբռնելու՝ Մայիս-28-ը պրոտոկոլ չէ, որ հետո հաշվետվություններում գրվի՝ միջոցառմանը մասնակցեց այսքան ու այսքան մարդ: Հենց որ այս հասարակ բանը հասկանան ՀՅԴ-ի՝ Մայիս-28-ի պահվածքից դժգոհ բոլոր տարրերը, ամեն ինչ, գուցե, իր տեղը ընկնի: Այդ թվում նաև իշխանությունը գուցե կարողանա, վերջապես, իրարից տարբերել՝ միջոցառումն ու մեծ տոնը:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

yerkir.am

Տպել Տպել