Եթե մի տեղից ես կախված, միշտ էլ անակնկալների, պարտադրված իրավիճակների առջև ես կանգնում

armen-rustamyan168.am-ի հետ զրուցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով հնչող կարծիքներին, թե գազի սակագինը Հայաստանում բարձրանում է, որովհետև Ռուսաստանը ցանկանում է այդպիսով ճնշում գործադրել Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցում, նշեց. «Բացառել չի կարելի:

Բայց, ի վերջո, մենք ռազմավարական գործընկերներ ենք Ռուսաստանի հետ, բայց դրան համապատասխան և այն որակով, որ իշխանությունները խոստանում էին՝ պետք է ունենանք նաև նվաճումներ, ձեռքբերումներ: Պարզ է դառնում, որ կոնկրետ դեպքում այդ խնդիրները նույն հարթության վրա չեն լուծվի: Բայց հաստատ ինչ-որ բան արտաքին քաղաքականության մեջ մեզ մոտ այն չէ»:

Ա. Ռուստամյանը նշեց, թե արտաքին քաղաքականության հարցում գուցե ամեն ինչ հարթ չէ, որպեսզի Հայաստանը հասկանալի դառնա իր բոլոր գործընկերների համար: «Չնայած ոլորտի պատասխանատուներն ասում են, թե Հայաստանը հասկանալի է բոլորին, բայց… Հասկանալի լինել՝ նշանակում է նաև հասկանալ, թե ի՞նչ աղետալի հետևանքներ կարող են ունանալ այս կամ այն հարցերը Հայաստանում, որոնք չեն առաջացնի վիրահատական միջամտության անհրաժեշտություն և այլն»,- նշեց ՀՅԴ պատգամավորը:

Հարցին, թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լարվա՞ծ են, ինչպես շատերն են ասում, Ա. Ռուստամյանը պատասխանեց. «Սա մեկ օրվա հարց չէ: Մեզ ասում են՝ երեք տարի բանակցում ենք, բայց դրանց տխուր արդյունքների մասին մենք հիմա ենք իմանում: Եթե երեք տարի բանակցել են, այդ ի՞նչ էին բանակցում, որ մենք հիմա այս վիճակում ենք ու մեզ էլ փորձում են համոզել, թե կարողացել են այս հարցում արտոնություններ ձեռք բերել՝ այն դեպքում, երբ համեմատում ենք մյուս պետությունների հետ ու պարզ է դառնում, որ առանձնապես որևէ արտոնություն այս հարցում Հայաստանի նկատմամբ չի կատարվել»: Ա. Ռուստամյանը նշեց, թե իրենց համար շարունակում է մեծ հարց մնալ՝ ի՞նչ է արել Կառավարությունը երեք տարի շարունակ՝ բանակցելով գազի սակագնի շուրջ:

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ ինքը նաև մտավախություն ունի, որ գազի սակագնի 18 տոկոս թանկացումը կայուն չի մնա առաջիկա տարիների ընթացքում ու գուցե որոշ ժամանակ անց այն կրկին փոփոխվի: Բայց սա ՀՅԴ պատգամավորի միակ մտավախությունը չէ. «Մենք փնտրում էինք այլընտրանքային դաշտեր, ունենք հարցը լուծելու հնարավորություն Իրանի հետ: Իրանի հետ մենք ունենք գազամուղ, որը տալիս է հնարավորություն՝ մեծացնելու մատակարարումների ծավալները: Եվ այս ուղղությամբ մենք չգիտենք՝ ի՞նչ աշխատանք է կատարվում, երբ տեխնիակական հնարավորությունը սա թույլ է տալիս»:

Ա. Ռուստամյանը հավելեց նաև, թե վերջին տարիներին, այլընտրանք փնտրելու գործընթացի առումով, լուրջ քայլեր իշխանությունների կողմից չի տեսնում: «Եթե մի տեղից ես կախված, միշտ էլ անակնկալների, պարտադրված, ֆորսմաժորային իրավիճակների առջև ես կանգնում, ինչը երկրի համար վտանգավոր է: Միշտ էլ կշարունակենք մնալ այս վիճակում, եթե Ռուսաստանից կախված ենք ռազմական ու էներգետիկ կոմպոնենտով»,- ընդգծեց պատգամավորը:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
168.am

Դաշնակցությունը ժողովրդավարական կառույց է եւ իր սխալներն ուսումնասիրելու, լուծումներ գտնելու կարողություն ունի

Armen-Rustamyan_1«Ստյոպա Սաֆարյանն էլ ընդդիմության մեջ է, եթե փլատակների մեջ է՝թող դուրս գա դրանցից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը:

Հիշեցնենք, որ երեկ Կովկասյան ինստիտուտում տեղի ունեցած քննարկման ժամանակ Սաֆարյանը հայտարարել էր. «Եթե ընդդիմությունն անգամ փլատակների մեջ է, ես մտահոգված եմ նաև իշխանության վիճակով, որովհետև հավասարապես թույլ է նաև իշխող կուսակցությունը՝ այլապես վարչական ռեսուրսները իր վրա չէր քաշի»:

Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ ոչ թե ընդդիմությունն է փլատակների մեջ, այլ՝ ամբողջ հասարակությունը, որովհետև արտագաղթը, անգամ պաշտոնական տվյալներով, հասել է բարձր մակարդակի: «Էլ ճգնաժամը ո՞նց ա լինում:

Ընդդիմության վիճակն այնպիսին է, ինչպիսին ժողովրդի վիճակն է: Իսկ իշխանությանը թվում է, թե ժողովրդի վիճակը շատ լավ է, դրա համար էլ 80 տոկոս ժողովուրդն իրեն վստահում է ու ձայն է տալիս: Այս աբսուրդը նախ թող բացատրեն, ես էլ կասեմ, թե իրական համեմատությունն ու գնահատակնները ի՞նչ սանդղակով են իրականացնում: Ընտրությունն էլ ընտրությո՞ւն է, որ դրանց միջոցով կարողանանք ամեն ինչ ճիշտ գնահատել»,- նշեց նա: Նա հիշեցրեց մի պատմություն, որը տեղի էր ունեցել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ քաղաքացիներից մեկը Ա. Ռուստամյանից հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ ընդդիմությունը չմիավորվեց:

«Ինձ ընտրողն ասաց, թե ինչի՞ սենց ստացվեց, ես երեք պոստ հաղթահարել եմ, հասել ձեզ եմ ընտրել, բայց էսքան ձայն եք ստացել: Ես էլ պատասխանեցի, թե որովհետև երեք պոստ եք հաղթահարել: Իսկ պոստը գիտեք ո՞րն է, չէ, որ թաղի տղաները կանգնած հարցախույզ են անում՝ ո՞ւմ եք ընտրելու, ինչո՞ւ մեզ չեք ընտրում, նայի՝ չսխալվես… ու այսպես երեք տեղ էդ մարդն անցել է, մինչև եկել է մեզ ընտրելու: Ընդդիմության ընտրողը պետք է խոչընդոտներ հաղթահարի՝ իր կամքով: Հիմա եթե համարում են, որ ընդդիմությունը փլատակների մեջ է, ապա պետք է իրենց հարց տան, թե ինչո՞ւ այն միակ հնարավորությունը՝ միասնական ընդդիմադիր ճակատով հանդես գալու, որը այս պայմաններում պետք է օգտագործվեր, չօգտագործվեց»,- Ս. Սաֆարյանին հակադարձեց ՀՅԴ-ական պատգամավորը:

Վերջինիս խոսքով, հիմա արդեն պարզ է, որ մրցակցային ընտրություններ անցկացնելու միակ տարբերակն ընդդիմության համար միասնական ճակատն է: Հակառակ դեպքում՝ ընտրություններին մասնակցելն, ըստ նրա, անիմաստ է դառնում:

«Ամոթ է, մենք մեզ խաբում ենք, ասում ենք՝ ընտրություն ենք անցկացնում, փչացնում ենք մեզ, մեր ժողովրդին ու դատարկում ենք երկիրը: Մենք ընտություններին դուրս ենք գալիս, բայց մրցակցում ենք ոչ թե իրար հետ, այլ պետության ռեսուրսների»,- շեշտեց նա՝ ավելացնելով, որ Հայատանում ձևավորվել է մեկ մոնոլիտ համակարգ, որն անընդհատ ապահովում է իշխանությունների վերարտադրումը:

Անդրադառնալով լուրերին, թե ՀՅԴ-ում վերակազմավորումներ, կադրային փոփոխություններ են սպասվում, Ա. Ռուստամյանն ասաց, թե Դաշնակցությունը միշտ էլ առողջ գործընթացներ է ունեցել, առողջ օրգանիզմ է, ժողովրդավարական միակ կառույցն է ու իր սխալներն ուսումնասիրելու ու լուծումներ գտնելու հատկություն ունի: Դրա համար, ըստ նրա, առանց արտակարգ ու արտահերթ ցնցումներ առաջացնելու՝ Դաշնակցությունը լուրջ գնահատականներ կտա իրավիճակին՝ մինչև հաջորդ ընտրությունները:

168.am
01/06/2013

Տպել Տպել