Ի՞նչ սկզբունքների հիման վրա ԵԽ-ն կներգրավվի Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում

ԱրմՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը

Վերջերս ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը կազմակերպել էր լսումներ, այսպես կոչված, «սառեցված հակամարտությունների» վերաբերյալ: Բնականաբար, քննարկում ծավալվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ: Նմանատիպ քննարկումներ մեզ առջևում ևս սպասվում են:

Կարևորագույն խնդիր է հստակեցնել, թե մեր պաշտոնական և խորհրդարանական դիվանագիտությունը ինչ մոտեցումների վրա պետք է կառուցվի բոլոր այն քննարկումների ժամանակ, երբ որևէ միջազգային կազմակերպություն փորձում է դերակատարություն ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ցավոք, դեռևս այսպիսի հստակեցում կատարված չէ և չի իրականացվում համակարգված գործունեություն այս ուղղությամբ:

Այս խնդիրը առավել քան ակտուալ է այսօր, երբ Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների խորհրդի նախագահությունը: Իմ համոզումով, ինչը ներկայացվեց նաև այս լսումների ժամանակ, ԵԽ-ն կառուցողական և իր բնույթին համապատասխանող ներգրավվածություն կարող է ունենալ կարգավորման գործընթացի մեջ, եթե պահպանվեն հետևյալ երեք անհրաժեշտ սկզբունքները:

Առաջինը՝ ոչ թե խոսքով, այլ կոնկրետ գործողություններով չհակասելով՝ ԵԽ-ն պետք է լիարժեքորեն ճանաչի ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես հակամարտության կարգավորումն իրականացնելու միջազգային մանդատով օժտված միակ միջնորդական առաքելության լիազորությունները: Սա ոչ միշտ է այդպես, և մենք չպետք է վարանենք բոլոր այդ դեպքերի հետ կապված փաստերը ներկայացնել այս կազմակերպությանը:

Երկրորդ՝ անհրաժեշտ է, որ բոլոր այն դեպքերում, երբ ԵԽ-ում որևէ հարց է քննարկվում, որն առնչվում է Ղարաբաղի ժողովրդի անմիջական շահերին, անպայմանորեն ապահովվի Լեռնային Ղարաբաղի կոմպետենտ և օրինական ներկայացուցիչների մասնակցությունն այդ քննարկումներին: Այդպիսի նախադեպերը ԵԽ-ում բազմաթիվ են:

Երրորդ՝ ԵԽ-ն պետք է ապահովի իր իսկ հռչակած արժեքների գերակայությունը, հատկապես` կապված ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառման և մարդու տարրական իրավունքների և ազատությունների ապահովման հարցերի հետ: Մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` միջազգային ճանաչում դեռևս չունենալը չի կարող հանգեցնել հակամարտության գոտում բնակվող մարդկանց իրավունքների և ազատությունների անտեսմանը և այդ տարածքում ԵԽ որդեգրած նորմերի ու ստանդարտների չկիրառմանը:

Վերջապես` լավագույն օժանդակությունը խաղաղ կարգավորման գոծընթացին կլինի այն, եթե ԵԽ-ն քաջալերի հակամարտության բոլոր երեք կողմերին` վերահաստատել 1994թ. զինադադարի բիշքեկյան համաձայնագիրը և կնքել չհարձակման մասին նոր պայմանագիր:

Հուսով եմ՝ Հայաստանը կօգտագործի իր նախագահության բացառիկ հնարավորությունը ԵԽ-ին մղելու ԼՂ կարգավորման հարցով որդեգրելու առավել կառուցողական դերակատարություն:

11.06.2013թ.

Տպել Տպել