Իրական լարվածություն` Վերահսկիչ պալատի եւ կառավարության միջեւ

ԱղվանԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա հայտարարությանը, նշեց, որ, բնականաբար, հնարավոր չէ մսխել բյուջեի 70 տոկոսը, դա աբսուրդի ժանրից է: Ըստ նրա` ՎՊ նախագահը, ԱԺ-ում խոսելով գնումների եւ շինարարության ոլորտներում առկա խնդիրների մասին, ասել է, որ 2013 թվականի պետական բյուջեի շինարարության և գնումների ոլորտներին է առնչվում ծախսային մասի մոտ 701 մլրդ դրամը, որ շինարարության եւ գնումների ոլորտը համարվում է ռիսկային, ինչ էլ ամենեւին չի նշանակում 700 մլրդ դրամի մսխում:

ՎՊ տարեկան հաշվետվության քննարկումների ամենակարեւոր մասն այն է համարում, որ առաջին անգամ հանկարծ կառավարությունն անդրադարձավ ՎՊ-ի հաշվետվությանը` որ պետք է պաշտպանվել, փաստարկներ բերել, հիմնավորել, որ միակողմանի չլինեն այդ քննադատությունները, եւ առաջին անգամ փոխվարչապետը հանդես եկավ որպես հարակից զեկուցող, պատասխանեց հարցերին:

«Ստեղծվեց վիճակ, երբ ՎՊ-ն եւ կառավարությունը հակադիր դիրքերում էին: Իհարկե, փորձեցին քաղաքակիրթ ձեւակերպումներով պահել հեռավորությունը, բայց ակնհայտ է, որ այստեղ շատ լուրջ լարվածություն կա»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը: ՀՅԴ-ական պատգամավորը հավատում է, որ այդ լարվածությունն իրական է, այլ ոչ թե բեմադրված, հակառակ դեպքում` կառավարությունն այդքան ակտիվորեն չէր ներգրավվի այս գործընթացում, վարչապետն էլ այսօր հայտարարություն չէր անի:

Մյուս կողմից` քաղաքական մեծամասնությունը սկսեց հայտարարել` «ի՞նչ եք ուզում, մենք ենք մեր թերությունները բացահայտում, մեր սխալների մասին խոսում», բայց չէ՞ որ ՎՊ-ն քաղաքական մեծամասնության գործիքը չէ, որ իրենք ասեն` մենք մեզ բացահայտում ենք: ՎՊ-ն անկախ մարմին է` ըստ Սահմանադրության:

«Ակնհայտ է նաեւ, որ քաղաքական մեծամասնությունն էլ, կառավարությունն էլ վստահ չեն` լավ, այս ամենը որ ներկայացվում է, ի՞նչ դիրքորոշում ունի դրա վերաբերյալ նախագահը: Քաղաքական մեծամասնությունը վստահ չէ` ինչքա՞ն կարող է հակադարձել ՎՊ-ին: Բայց որ գործընթացները բացվում են, սա ակնհայտ է»,- հայտարարեց Վարդանյանը եւ հավելեց` պատահական չէ, որ իշխանության ներսում փոխադարձ ինֆորմացիաների արտահոսք է եւ փոխադարձ մեղադրանքներ:

ՀՅԴ-ական պատգամավորը համոզված է, որ ՎՊ-ն իր այսօրվա կառուցվածքով, կազմով ի վիճակի չէ ամբողջական, օբյեկտիվ իրականություն ներկայացնել, պետք է փոխել հաշվետվության ձեւաչափը:

Տպել Տպել