Ինչ կտա նվազագույն աշխատավարձի բարձրացումը

ԱրծվիկԵրեկ Ազգային ժողովը «նոն-ստոպ» ռեժիմով քննարկեց եւ ընդունեց սոցիալական ուղղվածություն ունեցող մի շարք օրինագծեր, մասնավորապես գրեթե միաձայն (94 կողմ, 0 դեմ եւ 2 ձեռնպահ քվեարկությամբ) առաջին ընթերցմամբ հավանություն տվեց «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին, որով կառավարությունն առաջարկում է հուլիսի 1-ից բարձրացնել նվազագույն աշխատավարձը 10 հազար դրամով՝ 35 հազարից հասցնելով 45 հազարի։

Խորհրդարանական փոքրամասնությունը, որ 6 ամիս առաջ ԱԺ հեղինակավոր ամբիոնից «ինքնամոռաց» կռիվ էր տալիս նվազագույն աշխատավարձի շատ թե քիչ տանելի մակարդակ սահմանելու համար, բավական պասիվ մասնակցություն բերեց սույն նախագծի քննարկմանը։

Խնդրո առարկայի նկատմամբ շահագրգիռ վերաբերմունքով աչքի ընկավ միայն ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը.

-Այս նախաձեռնությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան անտրամաբանական են կառավարության քայլերը։ Ընդամենը 6 ամիս առաջ, եթե հիշում եք, քաղաքական մեծամասնությունը մերժեց մեր նախաձեռնությունը, որը, ինչպես սիրում են ասել կառավարության առանձին ներկայացուցիչներ, սպասումների վրա հիմնված բանաձեւ էր առաջարկում։

Եթե մեր առաջարկությունն ընդունվեր, յուրաքանչյուր անձ, տնտեսավարող սուբյեկտ, քաղաքացի կիմանար՝ հաջորդ տարի որքան է լինելու նվազագույն աշխատավարձը, եւ դա դրական ազդակ կլիներ տնտեսության համար. մարդիկ չէին հայտնվի անորոշ սպասման մեջ, չիմանալով՝ կառավարությունը 10 տոկոսով, 20 տոկոսով, 50 տոկոսով կբարձրացնի՞ նվազագույն աշխատավարձը, թե՞ ընդհանրապես չի բարձրացնի։

Մեր բանաձեւը կառավարությունը մերժում էր՝ պատճառաբանելով, թե այն ընդունելու դեպքում իբր կմեծանա ստվերային տնտեսությունը, գործատուները աշխատավարձի իրական բարձրացում չեն իրականացնի եւ այլն։ Ի վերջո, մեր նախաձեռնության միջանկյալ արդյունքը լինելու էր այն, որ նվագագույն աշխատավարձը հունվարի 1-ից դառնալու էր 45 հազար դրամ, ինչը հնարավորություն կտար անցած 6 ամիսներին մեղմել սոցիալական լարվածությունը։

Մյուս կողմից, եկամտահարկի մասով առաջարկում էինք չհարկել նվազագույն աշխատավարձը, ինչը իր հերթին տնտեսավարողներին թույլ կտար ավելի վստահ գործել։

Ի՞նչ արեց կառավարությունը՝ մեր առաջարկը մերժեց, եւ հիմա, 6 ամիս ուշացումով, առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 45 հազար դրամ, որպես հարցի միջանկյալ լուծում։ Իրականում սա ոչ թե միջանկյալ լուծում է, այլ կառավարության անգործության եւ անհետեւողականության եւս մեկ ապացույց։

-Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։

-Սոցիալական առումով՝ այո, կառավարության այս քայլը կարող է բերել որոշակի մեղմացման, բայց տնտեսական քաղաքականության առումով տարվա կեսից խաղի կանոն փոխել, այն էլ անհասկանալի ինչ-որ հիմնավորումներով՝ ուղղակի անընդունելի է։ Եվ սա՝ այն դեպքում, երբ տեղի է ունեցել հարկային բեռի զգալի բարձրացում, եւ ինչպես հիմնավորում էր կառավարությունը՝ մերժելով մեր նախագիծը, նվազագույն աշխատավարձի բարձրացումը հանգեցնելու է նաեւ տեղական բյուջեներում այնպիսի լրացուցիչ ծախսերի, որ համայնքային առանձին ծառայողներ ազատվելու են աշխատանքից։

Այսինքն՝ սոցիալական առումով սա թերի, բայց դրական տարր պարունակող նախաձեռնություն է։ Դրական, որովհետեւ 35 հազար դրամ աշխատավարձ ստացողն ստանալու է 45 հազար դրամ։ Բացասական՝ որովհետեւ լրացուցիչ բեռ է դրվում տնտեսավարող սուբյեկտների եւ համայնքային բյուջեների վրա։

Բացի դրանից, չմոռանանք, որ նվազագույն սպառողական զամբյուղը 55 հազար դրամ է. 45 հազար դրամը անգամ չի ծածկում սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը։ Առաջիկայում այդ 55 հազարը ավելանալու է եւս 12 տոկոսով՝ նկատի ունենալով գազի, էլեկտրաէներգիայի եւ դրանով պայմանավորված մնացած անուղղակի թանկացումները։ Այս պարագայում սոցիալական իրավիճակի մեղմացման մասին խոսելն ավելորդ է։

armworld.am

Տպել Տպել