Դժուար Է Հաւատալ

Apo-PhotԱրցախի արտաքին գործոց նախարար Կարէն Միրզոյեանի անցեալ շաբաթ Ֆրանսա կատարած այցելութեան ընթացքին «Ֆրանս 24» կայանին հետ անոր ունեցած հարցազրոյցին տեղեկագրութիւնը հրատարակեց «Ասպարէզ»ը: Կը թուի, որ մեր օգտագործած աղբիւրը, գիտակցաբար կամ անգիտակցաբար, չէր անդրադարձած նախարարին կողմէ արտասանուած անընդունելի մէկ արտայայտութեան, ուր ան պատասխանելով լրագրողի մէկ հարցումին, թէ՝ «Հնարաւոր կրնա՞յ ըլլալ ապագային, որ Լեռնային Ղարաբաղը վերստին մաս կազմէ Ատրպէյճանին», ըսած է. «Կան որոշ հեռանկարներ, կան որոշ յոյսեր»: Այս պատասխանը միանշանակօրէն դաւաճանական է ու բնականաբար, այդ բառերը արտասանող Արցախի ներկայացուցիչը պէտք է անմիջապէս պաշտօնազրկուի:

Աւելին. նախարարին կողմէ Արցախի ազատագրուած տարածքները որպէս «պուֆերային գօտի» (այսինքն՝ պաշտպանութեան նպատակով ձեռք բերուած եւ հետեւաբար՝ սակարկելի, բանակցելի) բնութագրումը պիտի հաստատէր այդ դաւաճանական միտումը՝ բոլոր ակնկալուած հակազդեցութիւններուն արժանացնելով խնդրոյ առարկան:

Միրզոյեան քանի մը ամիսէ ի վեր կը վարէ Արցախի արտաքին գերատեսչութեան ղեկավարի իր պաշտօնը: Անոր դիւանագիտական կարողութիւններուն մասին մեծ համարում ունէր նախագահ Բակօ Սահակեան, որ անոր վրայ դրած էր ԼՂՀ արտաքին գործոց նախարարութեան աշխատանքը նոր որակի բարձրացնելու յոյսը:
Միրզոյեանի այս զգայացունց խօսքերուն, զարմանալիօրէն, միայն հակազդած են Հայաստանի արմատական ազգայնականները, որոնք անոր հասցէին ուղղած են ամէնէն նախատական արտայայտութիւնները: Քաղաքական մնացեալ շրջանակներու, ներառեալ՝ իշխանական օղակներու լռութիւնը կրնայ մեկնաբանուիլ անով, որ Միրզոյեան պարզապէս թիւրիմացաբար այդպէս բանաձեւած է իր պատասխանները: Արցախի նախագահի մամլոյ քարտուղար Դաւիթ Բաբայեանի անդրադարձը, այս ուղղութեամբ, այդ հարթութեան վրայ կ՛ընդունի Միրզոյեանի խօսքերը:

Միրզոյեանը ինք, անմիջապէս, «Միտիամաքս»ին տուած բացառիկ հարցազրոյցին մէջ փորձած է սրբագրել վիճակը՝ վերահաստատելով հայկական կողմին պաշտօնական դիրքորոշումը՝ տրուած հարցերուն կապակցութեամբ:

Ուրեմն. նոյնիսկ եթէ թիւրիմացութեան վերագրենք եղածը, Միրզոյեան որեւէ ձեւով պիտի յանդիմանուի՞, որեւէ կարգապահական քայլ մը պիտի առնուի՞ անոր հանդէպ: Միրզոյեան սկսած է առաւել աշխուժացնելու Արցախի արտաքին քաղաքական գործունէութիւնը, ինչ որ շատ գովելի է: Սակայն, աշխոյժ դիւանագիտական աշխատանքը կարելի չէ փութկոտ եւ անպատասխանատու, դաւաճանութեան համազօր բանաձեւումներով յառաջ տանիլ:

Եզրակացնելու համար, մենք չենք ուզեր եւ չենք կրնար հաւատալ, որ Արցախի հարցին գծով Ստեփանակերտը եւ Երեւանը փոխած են իրենց դիրքորոշումը կամ քաղաքականութիւնը: Չենք ուզեր հաւատալ, որ Ստեփանակերտը եւ Երեւանը, Միրզոյեանին այդպիսի սպրդումներ յանձնարարելով՝ մեզ կամաց-կամաց «խաղաղութեան» է որ կը պատրաստեն, ինչ որ Մինսկի խումբի համանախագահութիւնը ստանձնած երկիրներու նախագահներուն ցանկութիւնն է:

Դժուար է հաւատալ ու չե՛նք հաւատար:

asbarez.com
20/06/2013

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը մեկնաբանել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցը

Davit

ԼՂՀ ԱԳ նախարարի «France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցը լուրջ մտահոգություններ է առաջացրել ՀՅԴ Արցախի կառույցում:

Վերջին երկու օրերի ընթացքում լրատվամիջոցներում ծավալված քննարկումներն ու ահազանգերը ունեին իրենց հիմնավորումներն ու բացատրությունները: Չնայած ԼՂՀ նախագահի մամլո քարտուղարի եւ անձամբ ԱԳ նախարար Կ. Միրզոյանի կողմից այսօր տրվեցին որոշ մեկնաբանություներ, այնուհանդերձ բավարար չափով չեն փարատվել առկա մտահոգությունները:

Նախ ԱԳ նախարարի կողմից «բուֆերային գոտի» եզրույթին հարցազրույցի ընթացքում ի սկզբանե չտրվեց համապատասխան ու համարժեք հակադարձ: Խայծը կուլ տալով հանդերձ` արտգործնախարարի կողմից սայթաքումներն իրար հաջորդեցին: Չցանկանալով մեկնաբանել հարցազրույցի բովանդակային մանրամասները, նպատակահարմար եմ գտնում ներկայացնելու մեր տեսակետները:

ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված տարածքները ոչ մեկի համար շահարկման նյութ չեն կարող լինել: ԼՂՀ Սահմանադրության համապատասխան դրույթը հարցականին տակ դնելը մեր համոզմանբ քրեորեն դատապարտելի է` անկախ անձից եւ զբաղեցրած պաշտոնից: Մենք չենք մոռացել տարիներ առաջ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վ. Օսկանյանի կողմից «օկուպացված տարածքներ» արտահայտության դեմ ծավալված ալիքը եւ նրա կողմից հրապարակային ներողություն հայցելը կամ ԼՂՀ ՊԲ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից ազատագրված տարածքները «բեռ» համարելը եւ քաղաքական ուժերի ու հանրության հակադարձը: Մեր ժողովրդի զգոնությունը փորձարկվել է տարբեր ձեւաչափերով ու տարբեր մակարդակներում. Վստահ եմ, որ այս անգամ եւս այդ զգոնությունը կասկածի տակ առնելու առիթ չենք տա:

Մյուս կողմից մենք հավատացած ենք, ԼՂՀ նախագահի կողմից վարվող քաղաքական կուրսին եւ թերեւս ԱԳ նախարարի կողմից արված արտահայտությունները չեն կարող տեղ ունենալ այդ քաղաքական կուրսի շրջանակում:

ՀՅԴ Արցախի ԿԿ քննարկումներում որդեգրվել էր համապատասխան քայլեր.Գաղտնիք չեմ բացահայտում` եթե ԱԳ նախարարի եւ նախագահի մամլո քարտուղարի կողմից այսօրվա մեկնաբանությունները չլինեին, Ազգային Ժողովի «Դաշնակցություն,, խմբակցությունը վաղը ձեռնամուխ էր լինելու ԱԺ արտահերթ նիստի գումարման գործընթացի: Իսկ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի մակարդակով ԼՂՀ նախագահի հետ պիտի քննարկվեր ԱԳ նախարարի հետագա պաշտոնավարման հարցը: Բայց ինչպես ասում են «Ուրբաթն ավելի շուտ եկավ, քան շաբաթը» – նշել է Դ. Իշխանյանը:

aparaj.am

Տպել Տպել