Երբեք երկրում ներքին լարվածությունը այնքան սրված չի եղել, որքան այսօր

Աղվան1Երկրում ներքին լարվածությունը երբեք այնքան սրված չի եղել, որքան այսօր, հունիսի 26-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: Եկրում բարոյահոգաբանական ծանր մթնոլորտ է, ազգային-պետական արժեքների նահանջ, հեռանկարի բացակայություն, արտագաղթի տրամադրություններ եւ այս ֆոնին նաեւ կառավարության կամ իշխող մեծամասնության ներսում որոշակի գործընթացներ, ՎՊ-Կառավարություն ակնհայտ հակասություն, օֆշորային սկանդալներ, խախտումներ մարզերում, ամեն օր հուզումներ գյուղերում, գազի, էլեկտրաէներգիայի խնդիր:

Ըստ Աղվան Վարդանյանի՝ ՀՅԴ-ում ակտիվ ներքին քննարկումներ են, վերաաիմաստավորելու վերջին տարիների գործունեությունը, բացթողումները, սխալները, հասկանալու երկրի իրական վիճակը եւ ՀՅԴ-ի դերակատարությունը:

«Անկախ մեր երկրում կայացող ընտրությունների բնույթից, պարզ է, որ մենք դեռեւս չենք կարողացել մեր հասարակության լայն շերտերի մեջ վստահություն, հավատ եւ մեր կողքին կանգնելու վստահություն առաջացնել եւ սա մեզ համար կարեւոր քննարկումների, ներքին բարեփոխումների մի շրջան է, որը ես կարծում եմ առաջիկայում նաեւ հասարկությունը մեր քննարկումներին ավելի բաց ականատես կլինի: Կարծում եմ, որ առնվազն առաջիկա մեկ տարում ճիշտ կլինի, որ առաջին հերթին զբաղվենք մեզանով, մեր նեքրին բարեփոխումներով, եւ փորձենք վերականգնել մեր քաղաքացիների, մեր հասարակության զգալի հատվածի վստահությունը: Որ դրա հիմքերը կան, ես վստահ եմ»,-հայտարարել է Աղվան Վարդանյանը:

Նա իշխանության ներսում նկատում է տարաձայնություններ, տարակարծություններ եւ հակասություններ, բայց պարզ չէ, թե սա ուր է տանելու: Իսկ հիմնական պատճառներից մեկն, ըստ Վարդանյանի, այն է, որ մեր քաղաքական համակարգը գերմոնոպոլացված է, բոլոր սպասում են նախագահի խոսքին, թե ինչպես կկողմնորոշվի, ինչ կասի այս կամ այն անձի վերաբերյալ:

Այս լուռ ներքին համակարտությունը Վարդանյանի կարծիքով շատ ջուր է քաշելու:

«Իբրեւ քաղաքացի ես կուզենայի, որ գոնե առաջիկա աշնան սկզբին ՀՀ նախագահը ուղերձով դիմեր ժողովրդին: Եւ ներքին հարցերը եւ արտաքին մարտահրավերները այնքան են հասունացել, որ ուղակի նման ելույթի ահրաժեշտություն կա: Պետք է տրվեն այս փուլի մեր երկրի ուղենիշները եւ զարգացմա հնարավորությունները եւ հստակ խաղի կանոններ թելադրվեն, որով պետք է այս երկիրը հնարավորություն ստանա բնականոն զարգանալ եւ այս վիճակից դուրս գալ»,-հայտարարել է Վարդանյանը եւ ընդգծել, որ նահանջում ենք նաեւ մեր հիմնական բարոյական, մթակութային, հոգեւոր արժեքներից:

Աղվան Վարդանյանը մեր մտավորականության մեջ հազիվ մի քանի անուն կարող է տալ, որոնք ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեն եւ մեր հոգեկերտվածքի կրողն են, օրինակ Գագիկ Գինոսյան, Վահան Արծրունի, Ռուբեն Բաբայան:

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչը հայտարարել է, որ թեեւ ՀՅԴ-ից սպասելիքները հասարակության կողմից միշտ էլ մեծ են եղել, բայց ՀՅԴ-ում էլ կա ներքին խնդիրներ, դժվարություններ, սակայն համոզված է, որ այս վիճակից դուրս են գալու, իսկ դրա համար ընտրությունների սպասել պետք չէ:

Անդրադառնալով վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկիանդալին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նկատել է, որ հիմնական հարցն այն, թե արդյոք կա նման բան, թե` ոչ:

Մեր պետական կառավարման համակարգի այսօրվա իրավիճակում, իրավապահ մարմինների այսօրվա վստահության աստիճանի պարագայում, ըստ Վարդայանի, ակնկալել, որ զուտ իրավապահ մարմինների միջոցով կպարզաբանվի խնդիրը եւ բոլորը դրան կհավատան, անհնար է: Վարդանյանը եւս մեկ անգամ ասաց` ճիշտ կլիներ, որ հարցի շուրջ հարկ եղած դեպքում ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծվեր:

«Գիտեք, տարօրինակ բաներ են կատարվում: Ի վերջո, այս բացահայտումը, «մամուլի հրապարակումը» չի եղել երեք տարբեր, իրար հետ կապ չունեցող մարդկանց վերաբերյալ: Աշոտ Սուքիասյանը եւ Նավասարդ Կճոյանը խաչքավոր են, եւ ինչպես Նավասարդ Կճոյանն է իր հարցազրույցում նշել, բազմաթիվ անգամ միասին ճամփորդել են, չնայած ես չեմ հասկանում` եկեղեցու խաչքավորները մի՞շտ են այսքան ճամփորդում: Վարչապետը եւ Սրբազանը շատ սերտ հարաբերություններ ունեն, որքան տեղյակ եմ Սրբազանը վարչապետի երեխաներից մեկի կամ մի քանիսի քավորն է: Այսինքն կառուցվել է մի շղթա, որոնք առնչություններ ունեն իրար հետ»,-նկատել է Վարդանյանը եւ տարօրինակ ու անհասկանալի որակել Սրբազանի` «Արմենպրեսին» տված վերջին հարցազրույցը:

Նրա համար անհասկանալի է, թե ինչու հենց «Արմենպրես»-ով տարածվեց Կճոյանի հարցազրույցը:

«Ինձ համար նաեւ պարզ չէ` այդ հարցազրույցը մանրամասն մշակվել է, թե հենց Սրբազանի հարցազրույցն է, որովհետեւ իր նախորդ հարցազրույցներից տարբերվում է: Կարծում եմ` եկեղեցին, կաթողիկոսը իր դիրքորոշումը հստակ պետք է արտահայտի»,-նշել է պատգամավորը եւ հնարավոր ելք համարեց, որ վարչապետը ժամանակավոր արձակուրդի մեկներ:

Օֆշորային այս պատմությունը, Վարդանյանի կարծիքով, համապետական խնդիր է եւ պետք է մինչեւ վերջ մնա պարզաբանված, այլապես մենք հերթական մի ականն ենք դնելու մեր պետականության հիմքերում եւ կանգնում ենք ազգային անվտանգության խնդրի առջեւ:

Վարչապետի հրաժարականի վերաբերյալ դատողություններ անել ՀՅԴ-ական պատգամավորը չցանկացավ, նշելով, որ այլ կարգի երկրներում, սրա մեկ տասներորդականն էլ բավարար էր, որ վարչապետը հրաժարական տար:

Վարչապետի հրաժարականը Վարդանյանն, այդուհանդերձ, իրատեսական չհամարեց:

Պռոշյանի գյուղապետի առաջիկա ընտրություններին ընտրական կրքերը կթեժանա՞ն, հարցին՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասել է. «Ամենաառաջինը գյուղապետի սպանության բացահայտումն է : Սպանվել է գյուղապետ իր պարտականությունների կատարման ժամանակ: Ամենակարեւորը, որ այս հանցագործությունը մինչեւ վերջ եւ արդարացիորեն բացահայտվի»:

Պատգամավորի խոսքերով, իրենք ամեն ինչ արել են, որ առաջիկա ընտրությունները չքաղաքականացվեն. «Եվ չդառնան գյուղի ներսում նոր լարվածության պատճառ: Կան ազդանշաններ, որ գյուղում հանդարտ մթնոլորտ է:

Կարծում եմ բոլոր ուժերը գիտակցում են, որ այստեղ արհեստական լարվածություն ստեղծելը, զոռով հարցեր լուծելը վատ հետեւանքներ է ունենալու: Ուզում եմ հավատալ` լավ, արդար ընտրություններ են լինելու»:

Տպել Տպել