Արա Նռանյան. Իշխանությունը վտանգում է երկիրը


ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանի հարցազրույցը lragir.am-ին

-Կառավարությունն իր այս տարվա առաջին նիստում քննարկել է 2011 թ. ծրագիրը: Իսկ Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշեց կառավարության առաջնահերթությունները: Ձեր կարծիքով, որքանով է այդ ծրագիրն արդյունավետ եւ որքանով կառավարությունը կկարողանա այն իրագործել:

-Ցանկացած երկրի բարձրաստիճան ղեկավարի այս կամ այն խոսքը միշտ արժանանում է լուրջ ուշադրության: Այն ելույթները, որոնք նախանշում են մեկ եւ ավելի տարիների տնտեսական եւ քաղաքական կուրսը, ընդունված է համարել ծրագրային: Հայաստանում վերջին տարիներին ծրագրային ելույթների պակաս չի զգացվել: Տարբեր ժամանակահատվածներում մեր ժողովրդին մատուցվել են ռազմավարական բազմաթիվ խնդիրներ, առաջնահերթություններ, կարեւորագույն մարտահրավերներ, հիմնախնդիրներ, որոնք պատրաստվում է լուծել իշխանությունը: Սակայն մինչ օրս դրանցից ոչ մեկը իր լուծումը չի ստացել: Հասարակությունը նույնիսկ չի տեսնում դրանց լուծման միտումները: Հաճախ կատարվող քայլերը տանում են բոլորովին այլ ուղղությամբ` էլ ավելի խորացնելով դժվարությունները: Հայաստանում տեղի է ունենում պրոբլեմների կուտակում, որովհետեւ դրանք առաջանում են ավելի արագ, քան հասցնում է լուծել իշխանությունը: Ավելի ճիշտ կլինի ասել, ոչ մի պրոբլեմի լուծում տեղի չի ունենում:

-Ինչո՞ւ:

Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգի գոյության եւ գործունեության տրամաբանությունն ուղղված է ոչ թե երկրի զարգացմանը եւ պետության հզորացմանը, այլ իշխանության պահպանմանը: Տպավորություն է, որ Հայաստանում միշտ նախընտրական մթնոլորտ է: Իշխանության համար պրոբլեմները ոչ թե լուծելու, այլ վարկանիշ հավաքելու համար հարմար առիթ են: Բացահայտ պրոբլեմները, հասարակության ցանկացած անդամի կողմից գիտակցվող հիմնախնդիրը, նույնիսկ` տրիվիալ ճշմարտությունները իշխանության կողմից մատուցվում են որպես նրանց կողմից կատարված լրջագույն բացահայտումներ, իսկ դրանց գիտակցումը` որպես մեծագույն նվաճումներ: Դա լավ երեւույթ չէ: Բոլոր ուղղություններով ձախողված իշխանությունը մատուցվում է ժողովրդին որպես մեծագույն բարիք եւ իմաստության շտեմարան… Դա արդեն անցել ենք խորհրդային տարիներին: Եվ բոլորովին էլ պարտադիր չէ, որ նմանվենք այսօրվա մի շարք ասիական ավտորիտար ռեժիմներին: Դա լավ ավարտի չի բերելու:

-Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2011 թվականը որակել է §բացառիկ¦ տարի` փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար: Դուք ինքներդ տեսնո՞ւմ եք դրա նախադրյալներ:

Երբ իշխանությունը հայտարարում է, որ որոշել է լուծել այս կամ այն ոլորտի խնդիրները, նշանակում է, որ հարկավոր է մտահոգվել եւ ուշադիր լինել այդ ոլորտի նկատմամբ: Այս կառավարության առանձնահատկություններից է դարձել հռչակվող առաջնահերթությունների եւ իրականացվող քաղաքականության անհամապատասխանությունը: Բոլորովին վերջերս կառավարությունը մերժեց ԱԺ մի խումբ պատգամավորների առաջարկությունը 58.35 մլն դրամի շրջանակներում աշխատող տնտեսվարողների շրջանակն ընդլայնելու առաջարկությունը: Օրինագծեր են բերվում Ազգային ժողով, որոնք կարծես թե մի փորքիկ թեթեւացման պատրվակով միաժամանակ ներդնում են նոր տեղեկանքներ, նոր ընթացակարգեր, նոր բարդություններ եւ դժվարություններ տնտեսվարողների եւ անհատ քաղաքացիների համար (այստեղ բացառություն է կազմում լիզենվացորման մասին նոր օրենքը, որը նվազեցրեց լիցենզիաների քանակը): Կառավարությունը գրեթե յուրաքանչյուր օրենսդրական փաթեթով Ազգային ժողովից ստանում է նորանոր լիազորություններ օրենքից դուրս բացառություններ կիրառելու կամ արտոնություններ տրամադրելու համար: Այսպիսի քայլերը հակասում են կառավարության հռչակած սկզբունքներին: Այս ամենը նշանակում է կոռուպցիոն ռիսկերի ավելացում եւ տնտեսվարողների որոշակի շրջանակի նկատմամբ կառավարության բարյացակամ վերաբերմունքի պատճառով այդ բնագավառում կենտրոնացվածության մակարդակի բարձրացում` իր բոլոր բացասական հետեւանքներով:

-Ձեր կարծիքով, 2011 թ տնտեսական առումով ինչպիսի՞ն կլինի` իշխանությունները շատ են խոսում բարեփոխումների, սոցիալական ուղղվածություն ունեցող պետական բյուջե ունենալու մասին:

-Իշխանությունը վերջին երկու տարիներին պարզապես զբաղված է ռեսուրսների կուտակմամբ: Կուտակումը գնում է երկու մակարդակով` թե անձնական, թե պետական: Ներկա տնտեսական համակարգի պահպանումը մոլեգնող գնաճի հետ միասին հանգեցնում է որոշ մարդկանց մոտ եկամուտների կենտրոնացման եւ գերշահույթների:

Կառավարությունը նույնպես կուտակում է: Կառավարությունը վերջին տարիներին չգնաց թոշակների եւ աշխատավարձերի բարձրացման, իսկ շատ ծախսատար, ծանր ու վիճահարույց նոր կենսաթոշակային համակարգի ներդնումը նախատեսեց 2014 թվականին: Այս ամենի նպատակը 2012 եւ 2013 թվականների ընտրություններն են: 2011-ի վերջին կառավարությունը կհայտարարի 2012-ից թոշակների եւ աշխատավարձերի աճի մասին, նպատակ ունենալով պահել այդ տրամադրությունը մինչեւ 2013 թվականի ընտրությունները: Իսկ դրանից հետո… Այսինքն գործում է հետեւյալ սխեման` գումարների կուտակում հասարակության աղքատացման հաշվին, այնուհետեւ փող ծախսելով իշխանության պահպանում, որից հետո կրկին կուտակում` բնական է հասարակության եւ պետության հաշվին եւ այդպես շարունակ:

-Այնուամենայնիվ, ինչու է իշխանությունը գնում իմիտացիոն բարեփոխումների ճանապարհով եւ իրական բարեփոխումներ չի անում: Ի՞նչն է նրան խանգարում, մ՞իթե իշխանությունները չեն ցանկանա գնալ իրական փոփոխությունների:

-Իսկ ինչու պետք է իշխանությունը անի իրական բարեփոխումներ: Իրական բարեփոխումներ անել, նշանակում է չկառչել իշխանությունից: Իրական բարեփոխում անել նշանակում է չվախենալ իշխանություն կորցնելուց: Նշանակում է լինել նորմալ իշխանություն, հետո նորմալ ընդդիմություն եւ հակառակը: Նշանակում է ձեւավորել այնպիսի հասարակություն, որտեղ լավ են զգում ոչ միայն իշխանավորները, այլ բոլորը, այդ թվում նրանք, ովքեր չունեն ոչ մի լծակ: Պահանջվում է առաջնորդվել ոչ թե անձնական, այլ ազգային եւ պետական շահերով: Իսկ այսօր իշխանության ներկայացուցիչները կարծում են, որ միայն իրենք են արտահայտում պետական շահը եւ իրենց սեփական շահը հենց պետական շահն է:

Հայաստանում իրական բարեփոխում նշանակում է նոր իշխանություն` նոր մտածելակերպով եւ նոր մարդկանցով: Դա նշանակում է ներկա իշխանության հեռացում: Իսկ քանի որ ներկա իշխանավորները իրենց այլ դերում չեն պատկերացնում, ապա կառչելով իրենց աթոռներից` վտանգում են մեր ազգի եւ երկրի ապագան:

Տպել Տպել