Կիրո Մանոյան. Առաջընթաց կլինի, երբ Ադրբեջանը փոխի կեցվածքը


ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի հարցազրույցը «Կապիտալ»-ին:
Հունվարի 9-ին Սուդանում սկսվել է երկրի հարավային մասի անկախության վերաբերյալ հանրաքվեն, որն ավարտվելու է հունվարի 15-ին: Սա Կոսովոյի անկախացումից հետո տեղի ունեցող ազգերի ինքնորոշման եւ անկախացման երկրորդ գործընթացն է: ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների գծով հանձնաժողովի ղեկավար Ջոն Քերին հայտարարել է, որ Սուդանի Հյուսիսի եւ Հարավի միջեւ հակամարտության խաղաղ լուծումը հանրաքվեի միջոցով կարող է օրինակ ծառայել ողջ Աֆրիկայի համար: Նրա խոսքով` հանրաքվեն §ժողովրդավարական գործընթացի¦ ապացույց է: Կապիտալը Հարավային Սուդանի հավանական անկախացման եւ ղարաբաղյան հակամարտության վրա նրա հնարավոր ազդեցության մասին զրուցել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ:

-Պարոն Մանոյան, ըստ Ձեզ` ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Հարավային Սուդանի ակնկալվող անկախացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

-Եթե մենք որեւէ բան չանենք, որեւէ ազդեցություն էլ չի ունենա: Խնդիրն այն է, որ այս իրողությամբ մի անգամ եւս հաստատվում է այն, ինչն արդեն հաստատվել է բազմիցս: Ինչը հատկապես հաստատվեց անցած տարվա հուլիսի 22-ի ՄԱԿ-ի միջազգային իրավունքի դատարանի կայացրած որոշմամբ, ինչով միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ճանաչվեց Կոսովոյի անկախությունը: Ամեն դեպքում, եթե մենք որեւէ բան չանենք, ոչ մի բան էլ չի կարող դրական ազդել Ղարաբաղի հարցի կարգավորման վրա: Կարծում եմ` մենք անհրաժեշտ չափով չօգտագործեցինք Կոսովոյի դեպքը: Սակայն, այս ամենից բացի, պետք նշել, որ Արցախի ճանաչումը չունի իրավական խոչընդոտներ: Արցախի բոլոր քայլերը համաձայն են միջազգային իրավունքին: Խնդիրը քաղաքական է: Ասածս հասկանալի դարձնելու համար օրինակ բերեմ. Պաղեստինն իր անկախությունը հռչակել է 1988թ., եւ այս օրից մինչ հիմա ավելի քան հարյուր քսան երկիր ճանաչել է նրա անկախությունը, ընդ որում` Պաղեստինը ճանաչած երկրների ցանկում կան երկրներ, որոնք Եվրամիության անդամ են, սակայն չնայած այս ամենի` Պաղեստինը շարունակում է մնալ ոչ անկախ պետություն: Այսինքն` միջազգային իրավունքն ինքնորոշման իրավունքի կողքին է, սակայն Պաղեստինի օրինակով կարելի է պնդել, որ ինքնորոշման իրավունքին վերաբերող խնդիրների լուծման համար միայն միջազգային իրավունքը բավարար չէ, քանի որ այդ հարցերը, ըստ էության, քաղաքական են, եւ ի վերջո պետք են քաղաքական լուծումներ, որոնք հիմնված կլինեն միջազգային իրավունքի նորմերի վրա: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցն ամեն իմաստով միջազգային իրավունքի համաձայն է, եւ դրա կարգավորման համար մնում է մեր համակարգված եւ ակտիվ աշխատանքը: Վերջերս մեզ մոտ քննարկվում էր Ղարաբաղը ճանաչել-չճանաչելու հարցը, որից հետո ՀՅԴ ԳՄ-ի ներկայացուցիչ, ԱԺ-ում Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արմեն Ռուստամյանը հանդես եկավ այլ նախաձեռնությամբ, որով առաջարկում է Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ կնքել ռազմավարական համաձայնագիր: Սրանք լուրջ քայլեր են, եւ կարծում եմ` կարելի է նաեւ այնպիսի քայլեր ձեռնարկել, որով հնարավորություն կտրվի Ղարաբաղին եւ Հայաստանին հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Օրինակ` կարող են ԼՂՀ-ի հայաստանյան ներկայացուցչությանը տալ դիվանագիտական աստիճան, ինչը, օրինակ, Ֆրանսիան արեց Պաղեստինի դեպքում:

-Իշխանությունները պնդում են, որ իրենք անում են հնարավոր ամեն բան` Ղարաբաղի միջազգային ճանաչմանը հասնելու համար: Դուք իշխանության իրականացրած քայլերը բավարա՞ր համարում եք:

-Իհարկե ոչ: Արդեն ասացի, որ Հայաստանը կարող է Ղարաբաղի հայաստանյան ներկայացուցչությանը տալ դիվանագիտական կարգավիճակ եւ/կամ, ինչպես առաջարկել էր Ռուստամյանը, կնքել ռազմավարական համաձայնագիր: Եթե Հայաստանում ԼՂՀ-ի ներկայացուցչությունն ունենա դիվանագիտական աստիճան, շատ-շատ հարցեր կստանան իրենց լուծումները: Վերադառնալով Սուդանի խնդրին` պետք է նշել, որ այն պատահականություն չէ, այլ 2002-2005 թթ. տարբեր բանակցությունների արդյունքում ձեռք բերված տարբեր համաձայնությունների հիման վրա տեղի ունեցող գործընթաց, որը գալիս է հաստատելու, որ 21-րդ դարում ինքնորոշման իրավունքը միջազգային հարաբերությունների կարեւոր սկզբունքներից է: Իհարկե, այն գալիս է նաեւ ապացուցելու, որ ՄԱԿ-ի դատարանի` Կոսովոյի վերաբերյալ կայացրած որոշումից հետո ասված խոսքերը, թե այդ որոշումը վերաբերում է բացառապես Կոսովոյին, անհեթեթություն են: Հարավային Սուդանի դեպքը կարեւոր է նաեւ այն հանգամանքով, որ Սուդանը տվել է հանրաքվե անցկացնելու համաձայնություն եւ խոստացել, որ կճանաչի դրա արդյունքները, սակայն հիմա արդեն արհեստական խոչընդոտներ է ստեղծում հանրաքվեի` իր համար ոչ նպաստավոր արդյունքների իրականացումը խանգարելու համար: Սա, կարծում եմ, լուրջ դաս պիտի լինի հայկական կողմի համար, որպեսզի Ղարաբաղի հարցում նման խնդիրներ չծագեն:

-Դուք ակնարկում եք Մադրիդյան սկզբունքներով նախատեսվող հանրաքվե անցկացնելու մասին հա՞րցը:

-Այո, այո, մանավանդ որ այդ փաստաթղթերում գրված է ոչ թե §հանրաքվե¦, այլ §ժողովրդի կամարտահայտություն¦, որը պետք է ստանա իրավական ուժ: Այս ձեւակերպումը միջազգային իրավունքի մեջ, գոնե իմ իմանալով, նոր դարձվածք է: Ընդ որում` հարցը ձեւակերպման նոր կամ հին լինելը չէ, պարզապես այն բավական աղոտ է սահմանում ժողովրդի կամարտահայտման իրավունքը եւ իրենում պարունակում է մի շարք խնդիրներ ու մարտահրավերներ:

-Կոսովոյից հետո շատ ավելի ակնհայտ դարձավ, որ միջազգային հանրությունը կիրառում է երկակի ստանդարտներ. այն, ինչ կարելի է Կոսովոյին, չի կարելի Ղարաբաղին: Չե՞ք կարծում, որ Ղարաբաղի անկախության ճանաչման գործընթացի խնդիրները գալիս են ոչ թե Հայաստանի դիվանագիտության ապաշնորհությունից, այլ պարզապես միջազգային հանրությանը ձեռնտու չէ ղարաբաղյան հակամարտության լուծում:

-Կարելի է ասել, որ երկու խնդիրներն էլ կան, քանի որ Հայաստանի դիվանագիտությունը հարցի միջազգայնացումից հետո` 17-18 տարիների ընթացքում, միշտ էլ փորձել է համակերպվել միջազգային հասարակության քաղաքական տրամադրություններին եւ այդ հարմարվելու մեջ փորձել է ստեղծել նպաստավոր դիրք: Այսինքն` Հայաստանի կողմից ցուցաբերվել է հարմարվողական քաղաքականություն: Այնպես որ` դժվար է ասել, թե որն է իրականում խնդրի չկարգավորման պատճառը: Սա շատ նման է հավի եւ ձվի պատմությանը, եւ շատ դժվար է ասել, թե որն է եղել առաջինը: Փաստն այն է, որ մենք այսօր ունենք հնարավորություններ, որոնք ամբողջությամբ չէ, որ օգտագործում ենք:

-Եթե փորձենք դատել անցած տարվա իրադարձություններից, հակամարտող կողմերի ակտիվ հանդիպումներից, Մինսկի խմբի հայտարարություններից, կարո՞ղ ենք ակնկալել, որ այս տարի որեւէ լուրջ առաջընթաց կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

-Լուրջ առաջընթաց կլինի միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը փոխի իր կեցվածքը, կամ եթե, Աստված չանի, բացարձակապես տապալվի Հայաստանի դիվանագիտությունը: Ակնհայտ է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է ստանալ դրական լուծում միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը կհասկանա, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող լինել իր կազմում: Սա այն է, ինչը Սուդանի իշխանություններն արդեն ընդունել են, իսկ Ադրբեջանը` ոչ: Իհարկե, Ադրբեջանի կեցվածքի փոփոխության համար անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը որոշակի ճնշման ենթարկի Ադրբեջանին, իսկ միջազգային հանրության հետ էլ պիտի աշխատի Հայաստանը: Ամեն դեպքում Կոսովոյի եւ ոչ միայն Կոսովոյի պարագան ցույց տվեցին, որ ազգերի ինքնորոշման իրավունքը կարող է լուծվել նաեւ այն դեպքում, եթե նույնիսկ այն պետությունը, որից ինքնորոշվում է այդ միավորը, չի ցանկանում եւ չի ճանաչում նրա անկախությունը: Իհարկե, Ադրբեջանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչումը ցանկալի ելք է, սակայն միակը չէ: Ղարաբաղը կարող է անկախանալ առանց Ադրբեջանի ցանկության եւ հակառակ նրա ցանկության, որի համար մենք պետք է ուժեղացնենք մեր դիվանագիտական եւ ոչ միայն դիվանագիտական քայլերը:

-Դիվանագիտությունից բացի` ի՞նչ այլ քայլերի մասին է խոսքը:

-Մադրիդյան սկզբունքներ կոչվածում, իր բոլոր թերություններով հանդերձ, ամրագրված է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ինքնորոշվի, եւ մնում է այսպես ասած Լեռնային Ղարաբաղից դուրս մնացած տարածքների հարցի լուծումը: Կարծում եմ, որ այդ տարածքների հարցի լուծումը միայն դիվանագիտության հարց չէ, այն նաեւ պետականաշինության հարց է, որ ինչ-որ պահի նաեւ պետք է հիմնավորվի, որ այդ տարածքները պահպանելը կենսական նշանակություն ունեն ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի գոյության համար:

Տպել Տպել