Քրդական խաղաղութեան գործընթացի ապագան

Turkey_PKK_600Թուրքիան ունի մօտաւորապէս 74 միլիոն բնակչութիւն, որի 20 տոկոսը քուրդեր են (իհարկէ, տարբեր աղբիւրներ տարբեր թւեր են ներկայացնում Թուրքիայի քուրդ բնակչութեան մասին. ըստ որոշ աղբիւրների՝ այդ երկրի բնակչութեան 13 տոկոսը քուրդ են, որոշ աբղիւրներ էլ ասում են 15 տոկոս), ամէն պարագայում՝ քուրդերը մեծ թիւ են ներկայացնում Թուրքիայում: Քուրդերը տասնեակ տարիներ է, որ Թուրքիայում կառավարութեան հետ պայքարի մէջ են՝ մշակութային եւ քաղաքական ազատութիւններ ձեռք բերելու համար, որպէսզի հիմնականում ունենան իրենց ինքնակառավարման ձեւերը եւ այն, որ ազատ լինեն իրենց դպրոցներում սովորել իրենց մայրենի լեզւով: Քրդերի զինեալ պայքարը հիմնականում աւելի թափ ստացաւ 1984 թւականից՝ Քուրդստանի Բանւորական կամ Աշխատաւորական կուսակցութեան միջոցով (քրդերէնով Փարթիա քարքերէն Քուրդստան, PKK), որի ղեկավարն է այժմ Թուրքիայում բանտարկւած Աբդուլլահ Օջալանը:

Թուրքիայի կառավարութեան եւ ընդհանրապէս Թուրքիայի ապագայի համար մեծ նշանակութիւն ունի այդ երկրի Քրդական հարցի լուծումը: Թուրքիան ցանկանում է միանալ Եւրոպային, ուստիª որպէս եւրոպական եւ դեմոկրատիկ երկիր՝ չպիտի որ իր սահմաններից ներս փոքրամասնութիւնները, ճնշւեն, փոքրամասնութիւնները պիտի ազատ լինեն իրենց ազգային եւ մշակութային իրաւունքների մէջ: Քրդերի այս վիճակը եւ թուրքական յաջորդական կառավարութիւնների միջոցով քրդերին ճնշելը այժմ մեծ արգելք է Թուրքիայի համար Եւրոպային միանալու խնդրում: Բացի այդ՝ քրդական շրջանները Թուրքիայում (հարաւ-արեւելք) տնտեսապէս շատ էլ զարգացած ու բարւոք վիճակ չունեն, եւ եթէ Թուրքիան յայտարարում է, թէ ուզում է, որ տնտեսապէս զարգացած եւ ուժեղ երկիր լինի, ուստի՝ պիտի այդ շրջաններին էլ տնտեսապէս կարգի բերի: Քրդերի պայքարը այս տարիների ընթացքում, պատճառ է դարձել, որ այդ շրջաններում տնտեսական որեւէ հիմնական ձեռնարկ տեղի չունենայ…

Ամէն պարագայում՝ 2012 թւականի վերջերից PKK-ի ղեկավարներն ու թուրք իշխանաւորները որոշեցին խաղաղութեան գործընթաց սկսել. այս գործընթացն ունի երեք հանգրւան, առաջին հանգրւանում PKK-ը, այսինքն քուրդ մարտիկները կամ զինեալները պիտի որ դուրս գան Թուրքիայից (գնում են Իրաքի հիւսիս), խաղաղութեան գործընթացի երկրորդ հանգրւանում կառավարութիւնը խօսք է տալիս, որ երկրի Սահմանադրութեան մէջ բարեփոխումներ կատարի ի շահ քրդերի (օրինակ՝ նրանց իրաւունք տրւի, որ դպրոցներում դասերը սովորեն քրդական լեզւով), երրորդ հանգրւանն էլ կոչել նորմալացման հանգրւան, այսինքն՝ կառավարութիւնը ընդհանուր ներում շնորհի քրդերին եւ քրդերը սկսեն իրենց խաղաղ եւ նորմալ կեանքը՝ Թուրքիայի հասարակութեան մէջ:

Յուլիսի 29-ից դադարեց այդ խաղաղութեան գործընթացը՝ հիմնականում, կողմերը միմեանց չվստահելու պատճառով: Քուրդ զինեալները մայիսից սկսեցին դուրս գալ Թուրքիայից (ասւում է, թէ PKK-ն 5000-6000 զինեալ ունի Թուրքիայում, որի 20 տոկոսը արդէն դուրս է եկել երկրից), այժմ PKK-ն դադարեցրել է իր զինեալների դուրս հանելը Թուրքիայից, քանի որ քրդերը այն կարծիքին են, որ կառավարութիւնը իր տւած խոստումները չի կատարում, խորհրդարանը չի զբաղւել Սահմանադրութեան կէտի բարեփոխմամբ, որը վերաբերում է քրդերին: Վարչապետ Էրդողանը յայտնել է, թէ եթէ քրդերը դպրոցում դասերը սովորեն քրդերէն լեզւով, այդպիսով կը վտանգւի երկրի պաշտօնական լեզուն այսինքն՝ թուրքերէնը, իսկ քրդերին ընդհանուր ներում շնորհելու ուղղութեամբ, Էրդողանն ասել է, թէ կառավարութիւնը իրաւասութիւն չունի ընդհանուր ներում շնորհել:

Ըստ Էրդողանի՝ եթէ անձնական սպանութիւններ են տեղի ունեցել, դա կառավարութեան հարցը չէ, եթէ մի հոգի սպանել է մի ուրիշ հոգու, դա սպանւողի հարազատներն են, որ պիտի հաւանութիւն տան, որ ներւի մարդասպանը. դա կառավարութեան գործը չէ: Միւս կողմից էլ կառավարութեան ընդդիմադիր կուսակցութիւնները խորհրդարանում (Ժողովրդա-հանրապետական կուսակցութիւն) դէմ են, որ փոխւեն Սահմանադրութեան որոշ կէտեր, որով քրդերին աւելի ազատութիւններ կը տրւեն:

Միւս կողմից կառավարութիւնն էլ չի վստահում քրդերին, իբրթէ գաղտնի ոստիկանութիւնը տեղեկութիւններ է հաւաքել, որ քրդերը որոշել են զինեալ յարձակումներ ունենալ Թուրքիայի տաս քաղաքներում (ռումբի պայթիւններª պետական կենտրոններում, առեւանգումներ եւ այլն), եթէ պետութիւնը ձգձգի խաղաղութեան գործընթացը եւ պետութիւնն էլ մինչ այժմ ձգձգել է:

Վարչապետ Էրդողանը Քրդական հարցով այս հանգրւանում երեք ընտրութիւն ունի՝ կամ ընթացք տալ քրդերի խաղաղութեան գործընթացին եւ խորհրդարանին ճնշի, որ բարեփոխումներ կատարի Սահմանադրութեան մէջ կամ դադարեցնի գործընթացը, որով երկրում կը վերսկսւի քրդական զինեալ շարժումը՝ դարձեալ կամ էլ ձգձգի եւ ժամանակ շահի, հէնց այնպէս հարցը քարշ տալով մինչեւ մայիս-յուլիս 2014 թ., երբ երկրում տեղի կունենայ նախագահական ընտրութիւն: Էրդողանը յոյս ունի, որ նախագահ ընտրւի եւ ինքը լուծի Քրդական հարցը՝ իր միջոցներով:

Թւում է, թէ Էրդողանն ընտրել է այս երրորդ ճանապարհը:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Տպել Տպել