ՀՅԴ-ն հետ կկանչի Էթիկայի հանձնաժողովում իր անդամին, եթե մեծամասնությունը չընդունի իր առաջարկները

ԱրծվիկՀայ Յեղափոխական Դաշնակցություն խորհրդարանական խմբակցությունն այսօր խմբակցության նիստ է հրավիրել և որոշել, որ եթե ԱԺ մեծամասնությունը չընդունի «ԱԺ կանոնակարգ-օրենքում» լրացումներ և փոփոխություններ կատարելու իրենց նախագիծը, ապա հետ կկանչեն Էթիկայի հանձնաժողովում իրենց անդամին, այս մասին Tert.am–ին հայտնեց այդ ԱԺ էթիկայի հանձնաժողովում ՀՅԴ–ն ներկայացնող Արծվիկ Մինասյանը՝ ավելացնելով։

«Եթե իշխանությունը կընդունի, նոր հանձնաժողովի կազմավորման սկզբունքով կաշխատենք, եթե ոչ՝ մենք դուրս են գալիս հանձնաժողովից»,– ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը մոտ տասն օր առաջ էր հետ կանչել իր անդամին, և տեղեկացրել էինք, որ հնարավորություններ կան, որպեսզի խորհրդարանական չորս ընդդիմադիր խմբակցությունները կոալիցիոն մեծամասնությանը փաստի առաջ կանգնեցնեն, այսպես կոչված, անհաղթահարելի խոչընդոտի առաջ:

Բանն այն է, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովում ռոտացիոն կարգով նախագահելու հերթը ՀԱԿ-ին է, իսկ «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջն այն է, որ այս հանձնաժողովում վեց ամիս նախագահի ԱԺ ամենամեծ իշխանական խմբակցությունը, վեց ամիս՝ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը:

Tert.am-ի հետ զրույցում ԱԺ էթիկայի հանձնաժողովում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Կորյուն Նահապետյանը նշել էր, որ ոչ մի իրավական ու իրավաբանական փակուղի հնարավոր չէ, որովհետև, եթե ՀԱԿ-ը հետ է կանչում իր անդամին, հանձնաժողովի նախագահ կնշանակվի հաջորդ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունից, այսինքն՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»–ից:

Իսկ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ, ի պատասխան հարցի, թե հնարավո՞ր է չորս խմբակցությունների հետ համագործակցության շրջանակներում հետ կանչեն իրենց անդամին՝ Վահան Բաբայանին, նշել էր. «Մեր դիրքորոշումը հստակ է. այն պահին, երբ ԱԺ-ն կընդունի առաջին ընթերցմամբ ընդունված կիսագրագետ և հակասահմանադրական նախագիծը, որը Էթիկայի հանձնաժողովին օժտելու է հակասահմանադրական գերլիազորություններով, և, ըստ էության, տալու է քաղաքական մահակի ստատուս, ԲՀԿ-ն հետ կկանչի իր անդամին»:

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ առաջարկները վերաբերում են ինչպես հանձնաժողովում տարբեր ուժերի ներկայացվածության համամասնությանը, այնպես էլ պատգամավորների շահերի բախմանը վերաբերող օրենսդրական կարգավորումներին:

«Մենք օրենքի փոփոխությունների ժամանակ հայտարարել էինք, որ էս ձևով հանձնաժողովը չի կարող աշխատել և պրակտիկայում ևս մեկ անգամ երևում է, որ թե՛ օրենսդրական կարգավորման տեսանկյունից և ՛ թե հանձնաժողովի կազմավորման սկզբունքների տեսանկյունից, հանձնաժողովը չի կարող իր նպատակին ծառայել, եթե նպատակը արդյունավետ, շահերի բախման բացահայտումն է»։

Տպել Տպել