Չստացւած համագումար

aliq«Ղարաբաղի միջազգային համագումարի» կազմակերպիչները յայտարարել են, որ ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարութեան անշնորհակալ վերաբերմունքի՝ անորոշ ժամանակով յետաձգում են այդ համագումարը: Համագումարը պէտք է անցկացւէր Թաւրիզում՝ նոյեմբերի 6-ին: Այն կազմակերպել էին Թաւրիզի Պետական համալսարանը եւ «Արան ուսումնասիրութիւնների կենտրոն»-ը, Արեւելեան եւ Արեւմտեան Ատրպատականների մի շարք այլ համալսարանական կենտրոնների համագործակցութեամբ:

Ըստ տարածւած տեղեկատւութեան՝ համագումարին պէտք է մասնակցէին նաեւ Ադրբեջանից, Թուրքիայից, Վրաստանից եւ Ռուսաստանից հրաւիրւած հիւրեր: Յատկանշական է այն փաստը, որ ի սկզբանէ համագումարի նկատմամբ մեծ հետաքրքրութիւն էին ցուցաբերել պանթուրանական շրջանակները: Թուրք ծայրայեղական շրջանակների հետ կապւած, իր հակահայ եւ հակաիրանական հայեացքներով բազմիցս աչքի ընկած այսպէս կոչւած «Ղարաբաղի ազատագրման կոմիտէ»-ի նախագահ Աքեֆ Նաղին, համարւում էր ադրբեջանական կողմից այս համագումարի ամենաակտիւ կազմակերպիչներից մէկը, ով իր խոստովանութեամբ համագումարի անցկացման նախապատրաստման համար Բաքւում անց էր կացրել թւով հինգ խորհրդաժողով:

Իրականում այս համագումարի ձախողման գործընթացը մեկնարկեց այն պահին, երբ Երեւանը սկսեց ուշադրութեան կենտրոնում պահել այն՝ բողոքի նոտաներ յղելով Իրանի արտգործնախարարութեանը: Իսլ. խորհրդարանում իրանահայութեան պատգամաւորներ՝ դոկտ. Կարէն Խանլարեանը եւ պրն. Ռոբերտ Բեգլարեանը եւս համագումարի կազմակերպման կապակցութեամբ բողոքի նամակով դիմեցին նոյն ատեանին:

Միաժամանակ Համագումարը իրանական լրատւամիջոցների դիտարկման կենտրոնում յայտնւեց այն բանից յետոյ, երբ Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոնը (ՀՈՒՍԿ) դրա դէմ սկսեց հակաքարոզչական լայնածաւալ արշաւ: Համագումարի կազմակերպման նպատակների հետ կապւած «ՀՈՒՍԿ» հաստատութեան բաց նամակը՝ ուղղւած «Արան ուսումնասիրութիւնների կենտրոն»-ին կից աշխատող լրատւական գործակալութեանը, լայն արձագանգ գտաւ իրանական տպագիր եւ էլեկտրոնային մամուլում:

Նպատակը մէկն էր՝ բացայայտել թէ ինչ թաքնւած նպատակներ է հետապնդում այս համագումարը, եւ ինչ հաւանական վտանգներ է կարող ներկայացնել Իրանի տարածքային ամբողջականութեան համար, քանի որ պարզ էր թէ այն վերածւելու է տարբեր նշանակութեան եւ տրամաչափի պանթուրքիստ գործիչների մի իւրայատուկ հաւաքի, որտեղ գեներացւելու են պանթուրանական-անջատողական նորանոր մտքեր ու գաղափարներ:
Ոչ պակաս կարեւոր նշանակութիւն ունէր նաեւ Իրանի արտաքին գերատեսչութեան որոշ բարձրաստիճան պաշտօնատարների դիրքորոշումը, որոնց մտահոգում էր նման համագումարի կազմակերպման հնարաւոր հետեւանքները:

Իրականում այս համադրւած ջանքերի եւ հետեւողականութեան շնորհիւ էր, որ Իրանի արտաքին գերատեսչութեան որոշումով պետական բոլոր հիմնարկներին, ինչպէս նաեւ Իրանում հաւատարմագրւած օտարերկրեայ դիւանագէտներին արգելւեց մասնակցել այդ համագումարին՝ փաստացի ձախողելով այն:

Ինչեւէ, եթէ թէկուզ ելակէտ ընդունենք համագումարի կազմակերպիչների՝ այդ թւում նաեւ Աքեֆ Նաղիի յայտարարութիւններն այն մասին, որ այն յետաձգւել է Բաքւի իշխանութիւնների ստեղծած խոչընդոտների պատճառով, հարց է ծագում թէ ինչու պէտք է Իրանում որոշակի շրջանակներ մսխելով պետական բիւջէի յատկացումները փորձեն կազմակերպել մի համագումար, որի միակ նպատակն է սերմանել միջկրօնական եւ միջազգային անհանդուրժողականութիւն եւ ատելութիւն՝ պաշտպանելով մի ինչ որ երկրի շահեր, որը մշտապէս աչքի է ընկնում իր հակաիրանական դիրքորոշումներով: Կարծում ենք, թէ այս իրողութիւնն է, որ պէտք է մշտապէս նկատի ունենան Արեւելեան Ատրպատականի նահանգային իշխանութիւնները, երբ թոյլ են տալիս անցկացնել գիտական որեւէ արժէք չներկայացնող նման կասկածելի համագումարներ:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

alikonline.ir

Տպել Տպել