Այդ ի՞նչ հեղափոխություն է մտել ՊԵԿ-ի մեջ

Արծվիկ ՄինասյանԺամանակակից տեղեկատվական տեխնոլագիաների ժամանակաշրջանում, կառավարությունը պարտադրելով գործարարներին նոր ՀԴՄ-ներ գնել, արհեստական սրացումներ է մտցնում տնտեսության մեջ:

Այս կարծիքին է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը:

Lragir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ անընդունելի է կառավարության այն քաղաքականությունը, որ ամեն անգամ նոր պահանջ է ներկայացվում տնտեսվարող սուբյեկտներին և նրանց պարտադրվում նոր տեխնիկա ձեռք բերել:

«Իրեն հարգող իրավական պետության պայմաններում կառավարությունը, եթե փոխում է վարչարարությունը, ինքն է իր վրա վերցնում այդ բեռը և գործարարներին անվճար ապահովում այդ սարքերով: Սովորական գործարարի աչքերով սա հերթական ճնշումն է բիզնեսի վրա, և օբյեկտիվ է նման տեսակետը: Կառավարությունը, որպեսզի փարատի, որ նման բան չկա, այդ բեռը գոնե մասնակիորեն պետք է վերցնի իր վրա կամ գործարարներին տրամադրի այնպիսի ժամանակահատված, որպեսզի բիզնեսը կարողանա ինքը գալ և այդ քայլերն իրականացնել, և ոչ թե վերևից պարտադրվի՝ այսօր այսքան, վաղը ավելի թանկ: Տեսակետ է ձևավորվում, որ սա ինչ-որ մի քանի մարդկանց բիզնեսի համար է: Ու այս տեսակետն իրավունք ունի հնչելու, որովհետև բիզնեսի նկատմամբ կառավարության, տվյալ դեպքում ՊԵԿ մոտեցումը պոտենցիալ հանցագործի վերաբերմունք է: Սովորական գործարարին դիտարկում են պոտենցիալ հանցագործ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ այս պայմաններում հնարավոր չէ վստահություն ձեռք բերել գործարարների մոտ: Վստահությունը ենթադրում է համաչափ վարքագիծ, ոչ թէ անհամաչափ ու անընդհատ ծախսերի պարտադրման քաղաքականություն:

ՊԵԿ այն հիմնավորումը, թե ՀԴՄ-ների գներn այդքան թանկ են, քանի որ դրանք նորույթ են, և Հայաստանն առաջին երկիրն է, որ ներդնում է դրանք, Արծվիկ Մինասյանը աբսուրդ է համարում: «Այսինքն այս ի՞նչ հեղափոխականություն է մտել մեր Պետական եկամուտների կոմիտեի մեջ, որ ամեն գնով ուզում են աշխարհում լինել առաջին տեղում: Թող աշխարհում առաջին տեղում լինեն այլ ցուցանիշների գծով՝ կենսամակարդակի բարձրացման, քաղաքացիական իրավունքների պաշտպանության, արդարության համակարգի ներդրման, այլ ոչ թե ամեն գնով ինչ-որ նորույթը Հայաստանում փորձարկելու համար հասարակության վրա հավելյալ բեռ դնեն: Սա աբսուրդ մոտեցում է»,- ընդգծեց նա:

Այն, որ կառավարությունը վերանայել է ՀԴՄ-ների գները, չի նշանակում, որ խնդիրները լուծվել են: Արծվիկ Մինասյանի խոսքով՝ դա ողջամիտ քաղաքականություն չէ, թեկուզ եթե անգամ կառավարությունը զիջումների է գնացել:

Lragir.am
09/11/2013

ՊԵԿ-ի պաշտոնյաները պետք է պատժվեն

ԱրծվիկՊետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Արմեն Ալավերդյանն ու Վախթանգ Միրումյանը վերջին օրերի իրենց հայտարարությունների համար պատասխանատու անձանց կողմից պետք է պատժվեն: Այս կարծիքին է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը, ում համար անհասկանալի է, թե ի՞նչ տրամաբանությամբ են այս պաշտոնյաները հայտարարում, որ հաջորդ տարի հարկերի հավաքագրման առումով խնդիրներ, իսկ բիզնեսի համար ճնշումներ են լինելու:

Հիշեցնենք, որ օրերես Ազգային ժողովում Արմեն Ալավերդյանը հայտարարել էր, որ եթե հաջորդ տարվա բյուջեով նախանշված տնտեսական աճը չապահովվի, ապա բյուջեի կատարման առումով խնդիրներ են առաջանալու, իսկ նախօրեին Վախթանգ Միրումյանն ասել էր, որ ճշումներ են լինելու գործարարների վրա:

Խնդիրն այն է, որ հաջորդ տարվա բյուջեով հարկային բեռի ավելացում նախատեսված չէ գործարարների համար, սակայն դրան զուգահեռ ՊԵԿ-ի առջև խնդիր է դրված 98 մլրդ դրամ ավելի հարկային եկամուտներ ապահովել: ՊԵԿ նախագահի տեղակալներն էլ հայտարարում են, որ եթե տնտեսական աճը չապահովվի, գործարարներին են ճնշելու նշված գումարը հավաքագրելու համար:

“Նման կտրուկ հայտարարություն, երբ Պետական եկամուտների կոմիտեն է անում, լավ չէ թե բիզնես միջավայրի տեսակետից և լավ չէ նաև քաղաքացիների սպասումների առումով: Ես հորդորում եմ, որ ՊԵԿ պաշտոնյաները ձեռնպահ մնան նման հայտարարություններից, չի կարելի նման հայտարարություններ անել, դա բերում է բացասական սպասումների: Պատասխանատու անձինք պետք է պատժեն նման հայտարարություններ անողներին առաջին հերթին այն պատճառով, որ չի կարելի հասարակության մոտ ձևավորել բացասական սպասումներ, գործարար միջավայրի վատացման վերաբերյալ խիստ ընդգծված հայտարարություն անել”,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Արծվիկ Մինասյանը:

Նրա համար անհասկանալի է՝ ի՞նչ ասել է ռիսկային իրավիճակ, եթե ռիսկային է, ուրեմն ՊԵԿ քաղաքականությունը սխալ է: “Ինչո՞ւ 4 տարի առաջ ռիսկային չէր, հիմա դարձավ ռիսկային: Դա նշանակում է՝ այս ընթացքում դու ակնհայտորեն իրականացրել ես անարդյունավետ հարկային քաղաքականություն, հիմա էլ ասում ես՝ ռիսկային է: Դա ոչ թե տնտեսությանն ուղղված իրական գնահատական է, այլ հենց իրենք իրենց են գնահատում”,- ասաց նա:

Արծվիկ Միասյանի խոսքով՝ եթե փորձենք օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը, ապա որևէ խնդիր չկա պետական եկամուտների հավաքագրման առումով: Ոչ միայն այն պատճառով, որ ստվերային տնտեսությունը չափազանց մեծ է Հայաստանում, այլ նաև այլ պատճառներ կան:

“Ընդամենը հարկային եկամուտների 98 կամ 100 մլրդ դրամ աճ է նախատեսվում բյուջեով: Մասնավորապես, եկամտային հարկով, որը մեր մեթոդաբանությունն է, իրենք վերցրել են և կիրառում են այս տարվանից, դրանով նվազագույնը 40 մլրդ, առավելագույնը մինչև 120 մլրդ ապահովվում է: Հետևաբար այդ գումարները հավաքագրելու տեսակետից որևէ խնդիր չկա: Եթե մենք ուշադիր նայում ենք, թե ինչ ծրագիր է ներկայացված որպես բյուջե, ապա դեֆլյատորը, որն ըստ էության համախառն ներքին արդյունքի գնաճն է ցույց տալիս, մոտ 9.8 տոկոսի, այսինքն՝ 10 տոկոսի կարգի է լինելու ըստ կանխատեսումների: Քանի որ 1 տրիիլիոն դրամից ավելի է բյուջեն արդեն, 10 տոկոսը կազմում է 100 մլրդ դրամ, այսինքն՝ անգամ գնաճի հաշվին է սա հնարավոր ապահովել: Ի՞նչն է պատճառը, որ իրենք սա հաշվի չեն առնում, որևէ տրամաբանության մեջ չի մտնում”,- ասում է Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ կառավարությունն անընդհատ շփոթում է տերմինները՝ հարկային բեռը շփոթում են հարկային վարչարարության հետ: Ճիշտ է, հաջորդ տարվա բյուջեի նախագծում նախատեսված չէ նոր հարկատեսակների ավելացում, կիրառվող հարկատեսակների աճ, բայց մյուս կողմից, ըստ Մինասյանի, հարկային վարչարարությունն անընդհատ պետք է կատարելագործվի: Նրա խոսքով՝ պետք է կատարելագործվի ոչ թե բռնությունների մեթոդով կամ կոշտ գործիքների, այլ հակառակը՝ վստահության վերականգման նպատակով:

“Երբ իրենք ասում են, որ հարկային վարչարարությունը հաջորդ տարի չի փոփոխվելու, սա լավ չէ: Հակառակը, հարկային վարչարարությունը պետք է փոփոխվի՝ բարելավելով բիզնես միջավայրը”,- ասաց Մինասյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցությունն առաջարկություններ ունի բյուջեի հետ կապված, որոնցից մեկը վերաբերում է փոքր ու միջին բիզնեսին: Մասնավորապես, Արծվիկ Մինասյանի տեղեկացմամբ, իրենց առաջարկում են շրջանառության հարկով և արտոնագրային վճարով հարկվողների համար կիրառել հարկային արտոնությունների ռեժիմ, զրոյացնել այդ հարկերը: Կամ գոնե տարածաշրջանային կտրվածքով, սահմանամերձ բնակավայրերից մինչև Երևան, ըստ բնակավայրերի համաչափ զարգացման սկզբունքի, գործադրել տարբերակված մոտեցում, ինչը հնարարավորություն կտա այդ սուբյեկտներին ոչ միայն ընդլայնելու իրենց մոտ առկա աշխատատեղերի թիվը, այլ նաև հարկային մուտքերի առումով աճ ապահովել:

“Հիշեցնեմ, որ շրջանառության հարկի և արտոնագրային վճարի ընդհանուր գումարը 2014 թվականի համար կանխատեսել են 21 մլրդ դրամ ընդամենը: Այն դեպքում, երբ այս հարկատեսակներով հարկվողների թիվն անցնում է 80 հազարը: Պատկերացրեք, 80 հազարի համար եթե մենք տալիս ենք առնվազն զրոյացման հարկման հնարավորություն, յուրաքանչյուր նման սուբյեկտ մեկից մինչև երեք նոր աշխատատեղ կարող է ստեղծել, որովհետև այդ հարկի փոխարեն անձը կարող է աշխատող ներգրավել: Այս դեպքում մենք, եթե անգամ մեկ աշխատողով հաշվենք, կունենանք 80 հազար լրացուցիչ աշխատատեղ: Եթե միջին աշխատավարձով գումարենք այս աշխատատեղերը և հաշվենք դրա հարկային մուտքերը, ապա դրանց առնվազն 70-80 տոկոսը նաև այս աշխատատեղերով է ապահովվում: Հակափաստարկը, որը բերվում է մեզ, հետևյալն է՝ եթե մենք տանք այդպիսի արտոնություն, ապա խոշոր սուբյեկտները կբաժանվեն մանրների: Ես այս տրամաբանությունը չեմ ընդունում մի քանի պատճառով՝ եթե խոշորը բաժանվի մի քանի մասերի և ստեղծի նոր աշխատատատեղ, ավելի լավ, դա հակամենաշնորհային քաղաքականություն է: Այսինքն, մենք դաշտում կունենանք ավելի շատ փոքր ու միջին բիզնես, քան եթե կենտրոնացում լինի մեկ սուբյեկտի մոտ: Ավելի շատ աշխատատեղ կստեղծվի, ավելի շատ եկամտային հարկ և այլն: Կարծրատիպային մոտեցումներ կան ներկա կառավարության մոտ, որը ժամանակակից, դինամիկ զարգացող երկրների համար ես անընդունելի եմ համարում”,- ընդգծեց ՀՅԴ պատգամավորը:

Նա նշեց, որ բյուջեն արտացոլում է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը: Այդ տեսակետից, քանի որ երկրի վիճակը վատ է, բնականաբար հաջորդ տարվա բյուջեն էլ է վատը: Բայց, մյուս կողմից, ըստ Մինասյանի, հաջորդ տարվա բյուջեի նախագծում ներառված են համարձակ ծրագրեր, որոնք կարող են էականորեն դրական ազդեցություն ունենալ երկրի տնտեսական կյանքի վրա, ինչպիսիք են միասնական վարձատրության համակարգը, երեխաների ծնունդի համար տրվող նպաստների չափի բարձրացումը:

“Բայց սրանք ցավալիորեն սահմանափակ են: Շատ ավելի արդյունավետ կլինի, եթե մենք բյուջետային քաղաքականությունը կապենք երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ընդհանուր քաղաքականության հետ, ինչն այս պահին ցավալիորեն բացակայում է: Եթե մենք բյուջետային քաղաքականության մեջ որդեգրենք 3-5 տարվա կտրվածքով բյուջետային քաղաքականությունը, շատ ավելի ընկալելի ու պատկերացնելի կլինի, թե ինչպիսի սոցիալ-տնտեսական պայմաններ է Հայաստանն ուզում կառուցել: Կառավարությունը պետք է վերանայի իր սոցիալ-տնտեսական ռազմավարությունը”,- ընդգծեց Մինասյանը:

lragir.am
08/11/2013

Տպել Տպել