Այսօր մեկնակրում է «Դեպի Արցախ» կարգախոսով հեռուստամարաթոնը

28.11.13-8400դեպի արցախ (1)Այսօր երեկոյան, ժամը 20-ից մեկնարկում է «Դեպի Արցախ» կարգախոսով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական հեռուստամարաթոնը:

Մինչ այդ Միացյալ Նահանգներ այցելած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունենում հայկական կազմակերպությունների, հայկական հանրային շրջանակների հետ։

Նախօրեին նա Լոս Անջելեսում այցելել է Հայ Օգնության Միության կենտրոնակայան։ Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք հարաբերությունների եւ Արցախում մի շարք ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Մինչ այդ, կայացել է հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որի արդյունքում մեկ միլիոն 460 հազար եվրո է հավաքվել:

Նոյեմբերի 21-ից 24-ը կայացած մարաթոնին մասնակցել են Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Բելգիայի եւ Հունաստանի հայ համայնքները:

«Օրանժ Տելեկոմ» ընկերության` Ֆրանսիայի չորս քաղաքների կայաններից 750 կամավորներ զանգահարել են մասնակից երկրների ավելի քան 50 հազար ընտանիքների ու կազմակերպությունների` կոչ անելով աջակցել Հայրենիքի վերականգնմանն ու զարգացմանը ուղղված ձեռնարկներին:

Այս տարի նվիրաբերված գումարները կուղղվեն գյուղատնտեսական ծրագրերի ընդլայնմանը Հայաստանի Տավուշի մարզում, համայնքային կենտրոնների կառուցմանը Լեռնային Ղարաբաղում, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի, ինչպես նաեւ Սիրիայում հայկական դպրոցների կառուցմանը:

Հիշեցնեմ, որ նախորդ տարի՝ Հայաստան Համահայկական հիմնադրամի «Մեր գյուղը» կարգախոսով 15-րդ հեռուստամարաթոնի ավելի քան 12 ժամ տեւած հանգանակության արդյունքում հավաքվել էր 21 միլիոն 422 հազար 477 դոլար՝ մոտ 8.5 մլրդ դրամ:

Տպել Տպել