Խորհրդարանական 4 ուժերն առաջարկում են հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրել

ԱրծվիկԱյսօր` ժամը 17:00-ին, ԱԺ ընդդիմադիր 3 խմբակցությունները` ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ը, ՀԱԿ-ը, և այլընտանքային ԲՀԿ-ն հանդես են գալու համատեղ հայտարարությամբ:

Այդ մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԱԺ հաշվիչ հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը նշեց, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը կազմվում է յուրաքանչյուր նստաշրջանում և գործում է մինչև հաջորդ նստաշրջանի սկիզբը: Համաձայն ԱԺ կանոնակարգ-օրենքի` հաշվիչ հանձնաժողովի լիազորություններն են` ապահովել քվեարկության արդյունքների պատշաճ հաշվառումը, ինչը նաև հիմք է հանդիսանում ԱԺ նախագահի կողմից հայտարարելու քվեարկության արդյունքները, և համապատասխան որոշումն ընդունված լինելու մասին հայտարարություն անել:

Պատգամավորի խոսքով` դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքների հաշվման գործառույթը փոխանցվեց հաշվիչ հանձնաժողովին: Ըստ Արծվիկ Մինասյանի` հաշվիչ հանձնաժողովը ոչ միայն չկազմակերպեց աշխատանքը, այլ նաև այս պահի դրությամբ չկա հաշվիչ հանձնաժողովի որևէ պաշտոնական փաստաթուղթ` արդյունքների արձանագրման հետ կապված:

«Այս հանգամանքից ելնելով` հաշվիչ հանձնաժողովի 4 անդամներով որոշել ենք դիմել հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրելու առաջարկով` քննարկելու դեկտեմբերի 23-ին քվեարկության արդյունքներում հաշվիչ հանձնաժողովի անունից հանդես եկած պաշտոնատար անձի գործողությունները, ինչպես նաև այն, թե ինչի հիման վրա է նման արդյունք հայտարարվել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանի ու Սուքիաս Ավետիսյանի այն հայտարարություններին, որ քվեարկությունը օրինական է եղել, Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ գնահատականները չեն համապատասխանում թե’ Սահմանադրության, թե’ ԱԺ կանոնակարգ-օրենքով նախատեսված պահանջներին, և այդ հարցերը ևս քննարկվելու են հաշվիչ հանձնաժողովի արտահերթ նիստում:

yerkir.am

Տպել Տպել