Բեսե Հոզաթի հայտարարության կապակցությամբ

maxresdefaultԱյն փաստը, որ ՊԿԿ-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի` թուրքական պետության հետ ունեցած բանակցությունների և դրանց արդյունքում ձեռք բերված համաձայնության վերաբերյալ խոսքերը, որոնք ներկայացվել էին մամուլում, և որոնց մեջ առկա էին նաև հայերին ուղղված` «պետական գաղափարախոսությանը հարիր» զրպարտություններ և հրահրումներ, վերջերս պաշտոնապես մեկ անգամ ևս բարձրաձայնվեցին Քուրդիստանի համայնքների միության (KCK-ՔՀՄ) գործադիր խորհրդի համանախագահ Բեսե Հոզաթի կողմից, իրավամբ դժգոհություն է հարուցել հայերի մեջ:

Ժամանակին պետության հետ համագործակցելով և դարեր շարունակ իրենց օգտակար եղած հարևաններին սպանելով` նրանց հողերին, գույքին և անգամ կանանց ու երեխաներին տեր դառնալու հարցում որևէ արգելք չտեսած քրդական աշիրեթները 1915 թ. հետո, երբ պետության ցեղապաշտական հարվածներն ուղղվեցին իրենց, արդեն երկար ժամանակ է, ինչ հայերին բարեկամ ձևանալով` նրանց իրենց եղբայրներն են հայտարարել: Ինչ վերաբերում է հայ ժողովրդին, ապա վերջինս, իր մշտական միամտությամբ և ազնվությամբ, դեռ երեկ իր հանդեպ ամեն տեսակի բարբարոսություն ցուցաբերած իր հին հարևաններին վերստին հաավատալով և անցյալը մոռանալով` բարեկամական ձեռք է մեկնել նրանց:

Սակայն «ստախոսի մոմը մինչև հանգչելն է այրվում» խոսքի ճշմարիտ լինելը մեկ անգամ էլ հաստատվեց. Ցեղասպանության նախկին գործակիցը, իր իրական դեմքը մեկ անգամ ևս ցույց տալով և կտտանքների ենթարկված, սպանված ու ճնշումների հանդիպած իր իսկ երիտասարդների դիակների վրայով մարդասպանի հետ լեզու գտնելով, վերստին ցույց տվեց իսկական դեմքը:

Քուրդ ժողովրդի շրջանում, իհարկե, քիչ չեն այն անձինք, ովքեր հավանություն չեն տալիս անցյալում իրենց պապերի արածներին, ամոթ են զգում դրանց համար և իրենց տարանջատում են ցեղասպան նախահայրերից, սակայն չպետք է մոռանալ, որ վերոբերյալ հայտարարությունների հեղինակները քուրդ ժողովորդի մերօրյա առաջնորդներն են: Դրանք անհնար է որպես անհատական գաղափարներ և մեկնաբանություններ ընդունել: Ինչպես որ որևէ պետության ղեկավարի խոսքերը պատկանում են ողջ ազգին, այնպես էլ որևէ ժողովրդի առաջնորդի խոսքերը, մտքերն ու ծրագրերը վերաբերում են տվյալ ժողովրդին: Այդ դեպքում նման մոտեցումներին հավանություն չտված յուրաքանչյուր անձ պետք է իրեն որոշակի կերպով տարանջատի այդ քաղաքականությունից:

Սակայն այսօր անհատական և խիստ սակավաթիվ բացասական արձագանքներից բացի` նկատելի է համընդհանուր լուռ համաձայնություն: Ավելին` այդ հայտարարությունների նկատմամբ իրենց դժգոհությունն արտահայտած հայերը հանդիպում են տարբեր մեղադրանքների: Այն, որ քրդական շրջանակները բոլոր հնարավոր և անհնարին ձևերով ձգտում են պաշտպանել իրենց առաջնորդների այդ մոտեցումներն ու խոսքերը և ոչ մի ափսոսանք չեն արտահայտում դրանց կապակցությամբ, պետք է հաստատումն համարել այն բանի, որ նրանք նույնպես կանգնած են այդ մտայնության հետևում: Ի դեպ` քուրդ մտավորականներից գրեթե ոչ մեկի կողմից նման հայտարարությունները չքննադատելու փաստը ևս, վերին աստիճանի արտահայտիչ լինելով, ապացուցում է, որ առկա է համընդհանուր համաձայնություն:

Քուրդ ժողովուրդը…

1. «Կարմիր սուլթան» Աբդուլ Համիդ Երկրորդի կողմից ստեղծված և հենց վերջինիս կողմից որպես Օսմանյան պետության անմարդկային քաղաքականության գործիք օգտագործված ֆաշիստական համիդիե գնդերը և դրանց մեջ ծառայած իր պապերին, Օսմանյան պետության հրահանգներով Հայոց ցեղասպանությունը փաստացիորեն իրագործած քրդական աշիրեթներին և վերջիններիս առաջնորդներին դատապարտու՞մ է արդյոք` հայ ժողովրդի դեմ նրանց իրականացրած Ցեղասպանության, կողոպուտի, թալանի, բռնաբարությունների և այլ նման հանցագործությունների համար:

2. Անգամ օսմանյան քարտեզներում որպես «Հայաստան» հանդիպող 6 հայկական վիլայեթները ընդունու՞մ է որպես այդ տարածքների հինավուրց ժողովուրդը եղող հայերի հայրենիք:

3. Ընդունու՞մ է, որ իր պապերը, Հայոց ցեղասպանության հարցում պետության գործակիցն ու հանցակիցը դառնալով, օգտագործվել են որպես Հայոց ցեղասպանության իրագործող:

4. Ընդունու՞մ է, որ իր պապերի կողմից հայերից խլված հողերի, գույքի իրական տերերը հայերն են, ովքեր իրավունք ունեն վերադառնալու այնտեղ:

5. Ընդունու՞մ է արդյոք, որ հայերի հայրենիքը հայերին վերադարձնելը սույն ժողովրդի հանդեպ ցուցաբերվելիք ափսոսանքի ամենափոքր արտահայտությունը կլինի:

Միայն այս բոլոր հարցերի կոնկրետ պատասխանը ստանալուց, դիրքորոշումների կոնկրետացումից հետո հայ ազգը կկարողանա քուրդ ժողովրդի և առաջնորդների նկատմամբ վստահություն տածել:

Թող այսօր ոչ ոք, դեմագոգիայի հետևից ընկած, չփորձի շահադիտական նպատակներով «իմ եղբայր Հրանտ» ասելով` իր գործն առաջ տանել: Քուրդ ժողովրդի` «ժողովրդավարության» թեմաներով խորհրդաժողովներում «միասին ենք արյուն թափել» հեքիաթով ներկայացող անդամների հանդեպ նույն Հրանտը այսպես էր իր բարկությունն արտահայտել. «Ու՞մ արյունն եք թափել: Ձեր թափած արյան միջոցո՞վ եք այսօր ուզում ժողովրդավարություն ներմուծել Թուրքիա»:

Վերոնշյալ հարցերի պատասխանին սպասելը հայ ժողովրդի իրավունքն է, վերջինս նաև իրավունք ունի մինչև այդ հարցերի պատասխանն ստանալը մի կողմ դնել «բարեկամություն, եղբայրություն» արտահայտությունները, որովհետև այլևս անհնար է այդ ամենը կոծկել:

Հ.Գ. Բեսե Հոզաթի պես մեկից նման խոսքեր լսելը, անձ, որին հայերը հարազատ քույր էին համարում, և ով ծագումով Դերսիմից էր, հավելյալ ցավ է պատճառում դերսիմցիների հետ իրական եղբայրություն արած և նրանց հետ միասին կոտորածների ենթարկված հայ ժողովրդին: Թերևս դա նույնպես հատուկ կերպով մտածված քաղաքականություն է:

Տիրան Լոքմագյոզյան

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

Տպել Տպել