ԼՂՀ-ի ընդգրկումը որպես բանակցային կողմ վաղուց հասունացած խնդիր է

Կիրո-ՄանոյանՂարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ բանակցությունները այս կերպ շատ հեռու գնալ չեն կարող. այսօր, հունվարի 27-ին «Փաստարկ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին տեսակետ է հայտնել ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Վաղուց ժամանակն է, որ ԼՂՀ-ն որպես լիիրավ կողմ մասնակցի բանակցություններին, և միջնորդ կողմերն առնվազն դա պետք է ապահովեն՝ որպես զսպող մեխանիզմ, Ադրբեջանին թույլ չտալով նման վարքագիծ դրսևորել»,- ասել է նա։

Կիրո Մանոյանը նկատել է նաև, որ արտաքին դիվանագիտությունը փոխելու անհրաժեշտությունը հատկապես ակնհայտ դարձավ հատկապես Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումից առաջ, երբ Ադրբեջանը հրադադարը խախտեց, և դիվերսիա իրականացրեց։

Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, Կիրո Մանոյանը տարակուսանք է հայտնել՝ թե սրանից հետո իմաստ ունե՞ր շարունակել բանակցությունները, թե՞ պետք էր ընդամենն ասել, որ, Փարիզում նախատեսված հանդիպման նախօրեին Ադրբեջանի պահվածքն ընդունելի չէ, և մենք չենք մասնակցում։

«Չեմ կարծում, որ հայկական կողմը երբևէ կմերժի գնալ բանակցություններին, որովհետև միշտ ցանկություն կա «լավ» հասկացվելու, հատկապես՝ Արևմուտքի կողմից։ Բայց անհրաժեշտ է նույն Արևմուտքին ցույց տալ, որ իրենց այդ «հավասարակշռված» մոտեցումը մեղսակցություն է Ադրբեջանի քաղաքականությանը և դրա համար էլ պետք է Ղարաբաղի լիիրավ մասնակցությունն ապահովեն»,- կրկնել է Մանոյանը :

Կիրո Մանոյանի համոզմամբ, թեև Ադրբեջանը պատերազմ չի ուզում սկսել, բայց պատերազմի վերսկսման հավանականությունը մեծանում է։ «Վստահ չեմ, որ Ադրբեջանը պատերազմ է ուզում սկսել, եթե նա համոզված լիներ, որ հաղթանակ կտանի, կսկսեր վաղուց, բայց հավանական է, որ նման գործողությունները կարող են պատերազմի սկսման պատճառ դառնալ։ Անհրաժեշտ է որ միջնորդները հստակ գնահատական տան, և չթաքնվեն կեղծ հավասարակշռության հետևում»,- ասել է նա։

Հարցին, թե Ադրբեջանի նպատակն այն չէ՞ արդյոք, որ բանակցությունները տապալի, Կիրո Մանոյանը համաձայնվեց, բայց ընդգծեց, որ հայկական կողմի քայլերը չպետք է սահմանափակվեն բանակցություններով և պետք է նախևառաջ արտաքին քաղաքականությունն ուղղել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղված քայլերի իրականացմանը։

«Մեր դիվանագիտությունը պետք է լինի նախաձեռնողական, և Հայաստանը պետք է սկսի ուղղակի քայլեր ձեռնարկել ԼՂՀ միջազգային ճանաչման համար»,- ընդգծել է Մանոյանը:

Քաղաքական գործիչն անդրադարձել է նաև Հայաստանի Մաքսային միությանն անդամագրվելուն և, պատասխանելով այն հարցին, թե արտաքին քաղաքական ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ փաստաթղթերի արդեն վերջնական ստորագրումը, ասել է. «Արտաքին քաղաքականության վրա բավական հստակ ազդեցություն է ունենալու:

Եվրամիության հետ հարաբերությունների խորացումը նույն ինտենսիվությամբ առաջ չի գնալու իր բոլոր հետևանքներով: Եվրամիության այն շրջանակները, որոնք հակառուսական տրամադրություն ունեն, մեկանաբանելու են որպես Հայաստանի կողմից Եվրոպայից հրաժարում, բայց, բարեբախտաբար, ամբողջ Եվրամիությունը չի այդպիսի գնահատական տալիս: Նրանք հասկանում են, որ ԵՄ-ն ինքն էլ պատասխանատվություն ունի, որ Հայաստանի հետ բանակցած փաստաթուղթը չստորագրվեց, որովհետև իրենք չէին առաջարկում Հայաստանին այն, ինչի կարիքը Հայաստանն ուներ»:

Կիրո Մանոյանը հավելել է, որ չի կարծում, թե այս որոշումը Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի վրա ուղղակի ազդեցություն կունենա. «Մենք պետք է հիշենք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, բայց իր առջև խնդիր է դրել՝ տարածաշրջանում հստակ պահել իր ազդեցությունը: Մենք պետք է միշտ զգոն լինենք»:

Պատասխանելով հարցին, թե ինչ կարող է անել Հայաստանը, եթե նրան չեն հրավիրել Սիրիայի հարցով «Ժնեւ 2» խորհրդաժողովին, Կիրո Մանոյանը պատասխանել է` Հայաստանը պետք է հետեւի Սիրիայի ազգային փոքրամասնությունների, այդ թվում` հայերի իրավունքների պաշտպանությանը. «Նման տեսակետ արդեն հնչել է. լավ կլիներ, եթե Հայաստանը մասնակցեր այդ խորհրդաժողովին` որպես շահագրգիռ կողմ: Եթե դա տեղի չի ունեցել, ապա մենք պետք է առնվազն հետեւենք, որպեսզի բանակցություններում մշտապես հաշվի առնվեն Սիրիայի ազգային փոքրամասնությունների իրավունքները, մասնավորապես` հայերի»:

Մեկնաբանելով Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վերջին հայտարարությունը` Հայաստանը Արեւելյան Հայաստան անվանափոխելու համար, Կիրո Մանոյանը ասել է` արդեն շատ ուշ է:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի նման անվանումն արդեն քննարկվել էր 1990թ. օգոստոսին Անկախության հռչակագիրը կազմելու ժամանակ: Գերագույն խորհրդի անդամների մեծ մասն այն ժամանակ մերժել էր այդ տարբերակը` նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի պատմական արդարության հասնելու գործում իր դերը գիտակցող երկիր:

«Պետք է ոչ թե անունը փոխել, այլ` քաղաքականությունը: Թող իշխանությունները հրաժարվեն հայ-թուրքական արձանագրություններից: Թող Հայաստանը նոյեմբերի 22-ը` Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշման օրը, ընդունի որպես Հայրենիքը վերադարձնելու օր: Բացի դրանից, այժմ գործող Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կարող է տեքստում հետեւյալ փոփոխությունն առաջարկել. ՀՀ-ն Հայաստանի Առաջին հանրապետության իրավահաջորդն է եւ հանդես է գալիս հայկական սահմանների վերաբերյալ կայացրած վճիռներին կողմ: Քանի որ Վուդրո Վիլսոնի որոշումը վերաբերում էր ոչ թե ամբողջ հայ ժողովրդին, այլ որոշակի իրավական սուբյեկտի` Հայաստանի Հանրապետությանը», – հայտարարել է Կիրո Մանոյանը:

Հարցին, թե ինչու Աշոտյանի գաղափարը չի ստացել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի աջակցությունը, Մանոյանը նշել է, որ հնարավոր է` դա պարզապես հասարակության վրա գաղափարի ազդեցությունը ստուգելու փորձ էր. «Համեմատեք դա ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2013թ. հուլիսի 5-ի հայտարարության հետ, որը հայտարարել էր Թուրքիային ներկայացվող պահանջների մանրամասն իրավական հիմնավորման անհրաժեշտության մասին»:

Տպել Տպել