Ֆրանսիան տարածաշրջանում ավելի մեծ դերակատարության է ձգտում

ԿՄանոյանՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` այսօր Թուրքիա սկսվող այցի առթիվ ֆրանսահայերի մտահոգություններն անհիմն չեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա նշեց, որ ֆրանսահայերն իրոք մտահոգվելու տեղ ունեն. նախագահ Օլանդը խոստացել է թուրք-ֆրանսիական հարաբերությունները բարելավել, և հիմա մտահոգություն կա, որ դա կլինի Ֆրանսիայի` Հայոց ցեղասպանության և ընդհանրապես հայերի խնդիրների նկատմամբ կեցվածքի հաշվին: Այդ իսկ պատճառով Ֆրանսիայում հայ համայնքը կազմակերպել է ցույցեր` իր այդ մտահոգությունը հայտնելու և Օլանդին հիշեցնելու այն կեցվածքը, որ նա ունեցել է մինչև նախագահ ընտրվելը, և որին հավատարիմ մնալու խոստում է տվել նախագահ ընտրվելուց հետո: Մանոյանը նշեց, որ դեռևս հստակ կանխատեսումներ անել չի կարելի, բայց որոշ չափով մտահոգվելու պատճառներ կան: Օլանդի՝ Թուրքիա այցելությունն, ըստ գրասենյակի պատասխանատուի, որոշ նպատակ ունի. Ֆրանսիան փորձում է այս տարածաշրջանում դերակատար լինել:

«Իրենց տարբեր կեցվածքներից դա արդեն երևում է, տարբեր հարցերի շուրջ դիրքորոշումներից, սա էլ կարող է դրա մաս լինել: Այս այցելությունը միայն ֆրանս-հայկական և թուրք-ֆրանսիական հարաբերությունների հավասարակշռելու խնդիր չի, այլ տարածաշրջանում մեկ ազդեցիկ պետության հետ հարաբերություններ բարելավելու ճիգ, որն արդեն մտահոգում է: Թեև եթե Ֆրանսիան կարողանա դա անել՝ առանց ֆրանս-հայկական հարաբերություններին որևիցե վնաս հասցնելու, դա մտահոգվելու առիթ չի լինի»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք թուրք-ֆրանսիական հարաբերությունների ջերմացման արդյունքում կարելի՞ է պնդել, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ չի լինի այլևս, Մանոյանը պատասխանեց, որ նման բան հաստատ չի կարելի ասել, հակառակը՝ արդեն այդ մասին նախորդ ամիս բարձրաձայնվել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, այսինքն՝ նման օրինագծի մշակման հարցը վտանգված չէ դեռ, բայց կարող է վտանգվել, և մտահոգությունները հենց դրա համար են հնչում:

Գրասենյակի պատասխանատուն նշեց, որ արդեն իսկ խոսք կա Ֆրանսուա Օլանդի՝ թե՛ Հայաստան, թե՛ Բաքու այցի մասին, այսինքն՝ նա ցանկանում է տարածաշրջանում ավելի մեծ դերակատարություն ստանձնել, դրա համար այս հարաբերությունները փորձում է ավելի ակտիվացնել:

Նշենք, որ ֆրանսահայերը հունվարի 26-ին բողոքի ակցիաներ են նախատեսում՝ Օլանդի՝ Թուրքիա այցի դեմ: Անդրադառնալով Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի որոշմանն ու հայկական կողմի արձագանքին՝ Մանոյանը նշեց, որ պետք է որ Շվեյցարիան բողոքարկի առաջիկա 50 օրերին (այս ընթացքում կարող է բողոքարկել), իսկ հայ համայնքներն անում են հնարավորը, նաև կոչ են անում Շվեյցարիային` բողոքարկել:

«Դա չի նշանակում, որ Շվեյցարիան որոշել է չբողոքարկել, պարզապես պետք է իմանա նաև հայության տեսակետը, հասկանա, որ հայության համար կարևոր է իր բողոքարկելը: Հայաստանը պետք է որոշ ակտիվություն դրսևորի` բոլոր տեսակետներից, հաշվի առնելով նաև, որ ի վերջո դատարանի վճռի մեջ ակնարկ կա նաև Հայաստանին, և եթե որոշումը բողոքարկվի, Հայաստանն անպայման անելիք կունենա այստեղ»,- ասաց նա:

Հայկանուշ Թորոսյան

1in.am

Տպել Տպել