2014 թւականին ինչեր սպասել Թուրքիայում Թուրքիայի ներքին կեանքը ձեւաւորող ազդակ

Erdogan_GulenՀետաքրքիր երեւոյթներից մէկը եւ, անշուշտ, ամենակարեւորը, որը այս տարի ձեւաւորելու է Թուրքիայի ներքին քաղաքական կեանքը, լինելու է վարչապետ Էրդողանի եւ Գիւլէնի պայքարը:

Ֆեթուլլահ Գիւլէնը մի թուրք քարոզիչ եւ ազդեցիկ դէմք է, որը մինչեւ 1998 թւականը ապրում էր Թուրքիայում, 1998-ից յետոյ նա հաստատւել է Ամերիկայի Միացեալ Նահանգների Պենսիլւանիա նահանգում: Նա ԱՄՆ տեղափոխւեց, քանի որ ուժեղ հալածանքների ու ճնշումների էր ենթարկւում զինւորականների կողմից՝ իր կրօնական գաղափարների պատճառով:

Գիւլէնը հզօր դէմք է թուրքական աշխարհում, Թուրքիայում եւ նոյն աշխարհում ունի եւ հովանաւորում է հարիւրաւոր դպրոցներ, գործարաններ եւ բիզնեսներ: Գիւլէնը ունի հազարաւոր հետեւորդներ՝ Թուրքիայում, նրա ազդեցութեան տակ են Թուրքիայի ոստիկանական եւ դատական ուժերը:

Վարչապետ Էրդողանը եւ նրա կուսակցութիւնը՝ ՙԱրդարութիւն եւ զարգացում՚ կուսակցութիւնը (ԱԶԿ) ունենալով կրօնական հակումներ՝ Գիւլէնի համախոհներից էին: Էրդողանը Գիւլէնի դաստիարակած սերնդից է, սակայն քաղաքականութիւնը եւ ուժի պայքարը այլ բան են թելադրում:

Գիւլէնը եւ Էրդողանը մինչ այժմ եղել են համախոհներ, նրանք միասին տարիներով պայքարել են Թուրքիայի զինւորականների դէմ, մինչեւ որ յաջողեցին թուլացնել բանակի ազդեցութիւնըª երկրի քաղաքական կեանքում (տասնամեակներ բանակը եղել է միակ ազդեցիկ ուժը Թուրքիայում՝ քաղաքական, հասարակական, տնտեսական եւ այլ ոլորտներում):

2010-11 թթ., երբ նրանք յաջողեցին թուլացնել բանակի ուժը, երեւան եկան երկու դէմքերի՝ Էրդողանի եւ Գիւլէնի ու նրանց համախոհների տարակարծութիւնները: Գիւլէնը աւելի արեւմտամէտ է արտաքին քաղաքականութեան հարցերում, մինչ Էրդողանը, հակառակը, աւելի կրօնական եւ իսլամական: Երկու կողմն էլ այժմ կասկածանքով են նայում միմեանց: Երկրի դատական ուժը եւ մամուլն ու հեռուսատատեսութիւնը զանգւածային լրատւամիջոցները (ԶԼՄ-ները), որոնք գտնւում են Գիւլէնի ազդեցութեան ներքոյ, շարունակ քննադատում են Էրդողանին ու նրա վարած քաղաքականութիւնը, ինչը այնքան էլ դուր չի գալիս միահեծան Էրդողանին:
Գիւլէնը մտահոգ է նաեւ այն երեւոյթից, որ Էրդողանը օրըստօրէ աւելի է ուժեղանում Թուրքիայում: Միւս կողմից՝ Էրդողանն էլ մտահոգ է այն հարցից, որ Գիւլէնը Թուրքիայում ունենալով բազմաթիւ լծակներ (դպրոցներ, համալսարաններ, բիզնես կենտրոններ, մամուլ,…. աշակերտութիւն, ուսուցիչներ, համախոհներ….)՝ ինչ-որ ձեւով խանգարող դեր ունի իր նպատակներին հասնելու գործում եւ Գիւլէնն ու նրա համախոհները դարձել են գլխացաւանք՝ Էրդողանի համար:

Պայքարը սաստկացաւ 2013 թ. նոյեմբերից, երբ Էրդողանը յայտարարեց, որ որոշել է երկրում փակել նախահամալսարանական դպրոցները (սրանք դպրոցներ են, որ կառավարւում են Գիւլէնի ուժերի միջոցով եւ աշակերտութեանը պատրաստում են համալսարան մուտք գործելու համար):

Ասւում է, թէ դեկտեմբերին բացայայտւած կոռուպցիայի ու կաշառակերութիւնների երեւոյթը. հակադարձում էր Գիւլէնի կողմից Էրդողանին Գիւլէնի դպրոցները փակելու քայլի դիմաց: Անցեալ շաբաթւայ ընթացքում Էրդողանը գործից հեռացրեց մեծ թւով ոստիկանների, ոստիկանական ուժերին ու դատական դէմքերին (սա իր հերթին դիտւում է Էրդողանի հակադարձ քայլըª Գիւլէնին):

Էրդողանի եւ Գիւլէնի միջեւ ծագած պայքարը ամենացնցիչ դէպքերից էր, որ պատահեց Թուրքիայում՝ 2013 թ. աւարտին: Այդ ցնցումների ալիքները իրենց ազդեցութիւններն են ունենալու 2014 թ. դէպքերի վրայ եւս:

Թերեւս դժւար կը լինի ասել, թէ ով յաղթական դուրս կը գայ այս պայքարից. բայց պէտք ականատես կլինենք, թէ ով է լինելու աւելի քիչ պարտւողը:

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Տպել Տպել