Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցի առթիվ ծաղիկիներ դրվեցին նրա կիսանդրու մոտ

29.01.14-8648արամ մանուկյան«Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը՝ խոսեք ձեր խղճի հետ եւ ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը»,- Նիկոլ Աղբալյանի խոսքն է գաղափարական զինակցի ու մեծ հայի մասին: Այսօր լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարին:մանուկ

Թեեւ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակի օրերն այդպես էլ չնշվեցին պետական մակարդակով, շատերը սփոփվում են մտքով, որ մեծությունները կարող են անտեսվել, բայց մոռացվել՝ երբեք:

Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցին նվիրված հիշատակի «այս օրն» սկսվեց Ոստիկանության շենքի մոտ: Ոստիկանության աշխատակիցները ծաղիկներ խոնարհեցին առաջին հանրապետության ներքին գործերի նախարարի կիսանդրու մոտ:

Մինչ այդ շատերն իրենց քայլերն ուղղել էին Երեւանի քաղաքային պանթեոն: Հունվարի 29-ն այն եզակի օրերից է, երբ հետեւելով մարդկանց հոսքին եւ շրջանցելով բազմաթիվ գերեզմաններն, այստեղ կարելի է գտնել Արամ Մանուկյանի շիրմաքարը: Համեստ մի խուլ անկյուն, որը այցելելու համար խորհրդային տարիներին պատժել կարող էին:

20-րդ դարի սկզբներին Շուշիի թեմական դպրոցում սովորող Սարգիս Հովհաննիսյանի կյանքում միայն իր անուն-ազգանունը չփոխվեց: Արդեն հեղափոխական Արամ Մանուկյանը ճակատագրի բերումով հանդես եկավ հատկապես այն ժամանակներում, երբ Հայաստանի անկախությունը դեռեւս երազանք էր, որին քչերն էին հավատում: Բայց նա ավելի համառ գտնվեց՝ հենց այդ տարիներին գծելով հայկական ապագա պետության ուրվագիծն ու համակարգը: Նա կարողացավ իր շուրջ հավաքել գաղափարակից մարդկանց:

«Արամ Մանուկյանը ցույց տվեց առանց ազգային մտածողության հնարավոր չէ կայացնել, ուժեղացնել պետությունը եւ հնարավոր չէ լինել արժանապատիվ քաղաքացի: Դրա համար միակ բանալին դա ապրելու բանալին է»,- ասաց Աժ ՀՅԴպատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Արամ Մանուկյանի մասին պատմող հոդվածներից մեկն ասում է. «Նրան կարելի է համեմատել դինամիտի հետ, որը յուրաքանչյուր փոքր շփման հետեւանքով կարող է պայթել` դղրդացնելով ամբողջ շրջապատը»:

1915 թվական:Ապրիլ: Կոտորածներ, տեղահանում ու բնաջնջում: Այնուհետեւ գաղթականության հոսք Արեւելան Հայաստան ու օրհասական կռիվ՝ արդեն Երեւանի մատույցների մոտ։ Այդ օրերին նրան հռչակեցին դիկտատոր։ Նա ծնվեց իբրեւ առաջնորդ հենց ժողովրդի վճռով ու մինչեւ կյանքի վերջը հավատարիմ մնաց այդ կոչմանը։ Նրան հաջողվեց անհնարինը՝ Վան-Վասպուրականի մարտեր, Երեւանի ինքնապաշտպանություն ու Սարդարապատ:

“Նա մեծ ներդրում ունեցավ Վան- Վասպուրականի ինքնապաշտպանական մարտերին , հազարավորներին փրկելով ցեղասպանությունից»,- նշեց ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի անդամ Բագրատ Եսայանը:

Իրեն նորանկախ Հայաստանի տերն ու ծառան համարող Արամ Մանուկյանը կյանքից հեռացավ 1919-ի հունվարի 29-ին՝ բծավոր տիֆից. վարակվել էր Ներքին գործերի նախարար աշխատելու ժամանակ փախստականների ճամբարներ այցելելիս. այստեղ նրանց կենցաղային պայմանների բարելավման հարցեր էր լուծում: Նա հեռացավ՝ ներկա սերունդներին թողնելով ամենամեծ դասը. երազել եւ այդ երազանքն իրականություն դարձնել, հավատալ, որ ավերակների միջից կարելի է բարձրացնել պետություն:

Տպել Տպել