Թուրքական նույնիսկ մաքրազտված բաց արխիվներն ապացուցում են ցեղասպանության փաստը

կիրո111«Երբ նախագահն ասում է, որ ինքը շարունակելու է աշխատել այն ուղղությամբ, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացվի, դա արդեն բավարար հիմք է հավատալու նախագահին, հատկապես, որ այդ հայտարարությունն արվել է Թուրքիայում»,– eMedia.am–ի հետ զրույցում ասել է Կիրո Մանոյանը։

Հիշեցնենք, որ Ֆրանսուա Օլանդը Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը և կոչ էր արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Օլանդը ճիշտ է ուղիղ կոչ չի արել, բայց իմաստը դա է եղել, ճիշտ այնպես, ինչպես Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբաման, ով Թուրքիա կատարած առաջին այցելության ժամանակ առանց Ցեղասպանություն բառն օգտագործելու, նույն բանն էր ասել, որ Թուրքիան պետք է ճանաչի իր պատմությունը»,– ասել է Կ.Մանոյանը, հավելելով, որ դա աննախադեպ դեպք չէ, բայց կարևոր է, որովհետև արդեն երկրորդ պետության ղեկավարն է, որ նման ակնկալիք–պահանջ է դնում Թուրքիայի առջև։

Ինչ վերաբերում է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հայտարարությանը, որ Թուրքիան պատրաստ է բացել արխիվները, Կիրո Մանոյանն ասել է.

«Գյուլը նաև նշել է, որ հարցը պատմաբանների հարցն է ու պետք չէ հարցը սերնդեսերունդ փոխանցել։ Նշեմ, որ նախ, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմաբանների հարց չէ, դա Թուրքիայի կողմից Թուրքիայի պատմության ճանաչումն է, որի համար ի դեպ, արդեն իսկ բացված արխիվում նույնիսկ բավարար փաստեր կան ցեղասպանության փաստը հաստատող»։

Նրա խոսքով, եթե Թուրքիան իսկապես ցանկանում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա նոր ուսումնասիրությունների կարիք Թուրքիան չունի։

«Արխիվների ընդամենը մի մասն է բացված, բոլորը բացված չեն, բայց արդեն բացված արխիվներում էլ, նույնիսկ մաքրազտված վիճակում, իսկ մենք համոզված ենք, որ մաքսազտված են, արդեն կան բավարար փաստեր, որ ցեղասպանություն տեղի ունեցել է, այսինքն տեղի է ունեցել Թուրքիա պետության կողմից հայությանն ամբողջությամբ ոչնչացնելու ծրագիր, որն էլ գործածության է դրվել»,– ընդգծել է Կիրո Մանոյանը։

Անդրադառնալով Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը, Մանոյանն այդ քայլը միանշանակ դրական է գնահատել, հատկապես, որ Լոս–Անջելեսը որոշ երկրների բնակչության չափ բնակչություն ունի.

«Կարևոր է, որ հնարավորինս շատ նման ճանաչումներ լինեն։ Ճիշտ է, սա իդեալական ճանաչում չէ, ինչպիսին պետության կողմից ճանաչումն է, բայց ինչքան նման ճանաչումները շատանան ու ոչ միայն բանաձևերի տեսքով, այլև ուրիշ քայլերով՝ միմյանց միջև հարաբերություններ սկսելով, դա արդեն նպաստում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որովհետև Ադրբեջանի վրա ճնշում կլինի, հասկանալու, որ ինքը չի կարող բանակցություններն անվերջ պատանդ պահել, որովհետև միջազգային հանրությունը կարող է նաև այլ քայլերի դիմել»։

Արփի Բեգլարյան

Տպել Տպել