Նաւթադոլարային մարտավարտութիւնը եւ ադրբեջանական պատրանքը…

derenik_melikyan1-Ռազմա-քաղաքական փորձագէտների գնահատմամբ՝ հակամարտող կողմերի միջեւ պատերազմական վիճակ է առաջանում (եւ կամ ժամանակաւոր հրադադարից յետոյ՝ վերստին բռնկւում), երբ զինական-ռազմական պոտենցիալի հաւասարակշռութիւնն է խախտւում յօգուտ կողմերից մէկնումէկի:

2- Ղարաբաղեան հակամարտութեան դէպքում ստատուս-քւօն եւ շուրջ 20-ամեայ «հրադադարի» ընթացքում զինական համեմատական հաւասարակշռութիւնը խախտելու Ադրբեջանի վերջին տարիների համակարգւած բոլոր փորձերը, որոնք ակներեւաբար զուգորդւում են Թուրքիայի շրջանային քաղաքական ուղղութեանը, դիւանագիտական, քաղաքական ու յատկապէս քարոզչական, ռազմական ու սպառազինական գերակայութիւնը ապահովելու համար ի գործ է դրւում այսպէս ասած նաւթադոլարային մարտավարութիւնը:

3- Այդ նպատակի իրականացման համար Ալիեւեան իշխանութիւնը չի խորշում նոյնիսկ Իսրայէլական գործօնի ներգրաւումից՝ մէկ կողմից ռազմական-զինական հնարաւորութիւնը իր օգտին վերափոխելու եւ միւս կողմից տարածաշրջանում խնդրոյ առարկայ հաւասարակշռութիւնը ի վնաս յատկապէս Իրանի խափանելու համար:

4- Միեւնոյն նաւթադոլարային մարտավարութիւնը Ադրբեջանի կողմից ծառայեցւում է ԱՄՆ-Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ լարախաղացութեամբ, որպէսզի ապահովւի քաղաքական թէ ռազմական գերակայութիւնը: Զուգահեռ դրան, սակայն, Ադրբեջանը անընդհատ ստւերի տակ է առնում Ղարաբաղի հակամարտութիւնը կարգաւորող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական գործունէութիւնը: Աւելին՝ հարկ եղած դէպքում եւ քարոզչական նպատակներից ելած՝ Ադրբեջանը պատմութիւնը նենգափոխելու իր հարուստ կենսափորձը ի գործ դնելով՝ հակամարտութեանը կրօնական բնոյթ է հաղորդում ու Իսլամական կոնֆերանսի կամ նման շրջանակներում ու կառոյցներում հակահայկական կրքեր է սերմանում:

5-Ահաւասիկ, Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման հերթական սադրանքը հայ-ադրբեջանական սահմանագծում պատահեց ս. թ. յունւարի 19-ին՝ հայկական կողմից մէկ զինծառայողի հերոսական կորստով, իսկ նախայարձակի կողմից՝ 6-7 ոտնձգիչի ջախջախմամբ (ի դէպ, Ադրբեջանը մշտապէս լռում է այդ մասին ու իր վարձկանների «կորուստը» այլեւայլ պատահարների է վերագրում): Յար եւ նման Սիրիայում աւելի քան 100 վարձկանների «կորսուտը»:

6-Ղարաբաղում վերստին պատերազմական վիճակի ստեղծման մտօք Ադրբեջանի բոլոր կարգի գործողութիւնները պայմանաւորւած են վերոգրեալ հաւասարակշռութիւնը յօգուտ իրեն փոխելու պատրանքով, որը միգուցէ կարճաժամկէտում ու քանակական առումներով գայթակղի նրան, բայց հաստատապէս երկարատեւում ու յատկապէս որակական առումով աշխատելու է ի վնաս հէնց Ադրբեջանի եւ առհասարակ առանց այն էլ անհանգիստ տարածաշրջանի անվտանգութեանը եւ խաղաղութեանը: Խաղաղութիւն, որի առաջնակարգ ջատագովներից է, բարեբախտաբար, Հայաստանի հարաւային հարեւան խաղաղասէր Իրանը, որը Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գրոծընթացներում մշտապէս հանդէս է եկել իրատես ու հաւասարակշռւած դիրքորոշումներով:

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

«Ալիք»օրաթերթի գլխաւոր խմբագիր

Տպել Տպել