ԼՂՀ ԱԺ խմբակցությունները դատապարտում են 1988թ. Սումգայիթի ցեղասպանությունը

sumgaiytԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբի հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն ը Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերի 26-րդ տարելիցի առթիվ

1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը, արձագանքելով արցախահայության գերակշիռ մեծամասնության ձգտումներին եւ առաջնորդվելով Խորհրդային Միության սահմանադրությամբ, ընդունեց որոշում՝ ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու եւ Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու մասին:

Դա պատմական արդարությունը վերականգնելու իրավաբանորեն հիմնավորված քայլ էր, որը բխում էր 1985թ-ին ԽՍՀՄ-ում սկսված վերակառուցման քաղաքականության ոգուց: Ի հակակշիռ արցախահայության օրինական ձգտումների, Ադրբեջանի իշխանությունները փետրվարի 27-29-ը կազմակերպեցին եւ իրականացրին Սումգայիթ քաղաքի հայ բնակչության դաժան կոտորածն ու բռնատեղահանությունը:

Շուրջ 20 000 հայեր կորցրին իրենց իսկ ձեռքով կառուցված քաղաքում ապրելու իրավունքը, ենթարկվեցին անմարդկային նվաստացումների եւ ունեզրկման, իսկ տասնյակ հայորդիներ գազանաբար սպանվեցին ու խոշտանգվեցին: Սումգայիթով սկսվեց Ադրբեջանի հայության բռնատեղահանումն ու ֆիզիկական ոչնչացումը, մի քաղաքականություն, որ շարունակվեց այդ հանրապետության բոլոր բնակավայրերում, որտեղ պատմականորեն հայեր էին բնակվում, եւ իր բարձրակետին հասավ 1991թ. տարեվերջին, երբ Լեռնային Ղարաբաղը, հիմնվելով միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքների եւ այդ պահին դեռեւս գործող` ԽՍՀՄ սահմանադրության եւ օրենքների վրա, հռչակեց իր անկախությունը եւ ենթարկվեց Ադրբեջանի զինված նախահարձակմանը:

Արձանագրելով վերոհիշյալը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները եւ պատգամավորական խումբը՝

– դատապարտում են 1988թ. փետրվարի վերջին օրերին Սումգայիթ քաղաքում հայ բնակչության դեմ կատարված ցեղասպանությունը, որի համար պատասխանատվությունը վաղեմության ժամկետ չունի,

– գլուխ են խոնարհում բոլոր անմեղ քաղաքացիների հիշատակի առջեւ, ովքեր դարձել են քսենոֆոբիայի զոհ,

– միջազգային հանրության ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանում շարունակվող հակահայկական պետական քաղաքականության վրա, որը խոչընդոտում է նաեւ տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելու` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը:

26 փետրվարի, 2014թ.
ք. Ստեփանակերտ

aparaj.am

Տպել Տպել