Ինչու է ձգձգվում ոչ իշխանական չորս ուժերի համագործակցության գործընթացը

ԱղվանԴաշնակցությունը շատ լավ է պատկերացնում, որ կա հանրապետական մեծամասնություն և կոալիցիա, և բոլորին հուզում է այն հարցը՝ ի՞նչ է փոխվելու, եթե կառավարության հրաժարականից հետո նշանակվի մեկ այլ կառավարություն, մեկ այլ վարչապետ:

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ է փոխվելու կառավարության փոփոխությունից, եթե հանրապետական մեծամասնությունը կառավարության նշանակումներն անելու է հանրապետական մեծամասնության թիմից, նշեց, որ Հայաստանը կանգնած է լրջագույն արտաքին և ներքին խնդիրների առջեւ, և քաղաքացիների վստահության բացակայությունը ապագայի հանդեպ պայմանավորված են այս իշխանությունների և այս կառավարության գործողություններով:

Ըստ նրա` ոչ իշխանական չորս ուժերի համագործակցության պրոցեսը երկարում է այն պատճառով, որ այդ ուժերը ոչ միայն պահանջելու են կառավարության հրաժարական, այլեւ առաջարկելու են, թե ինչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի հաջորդ կառավարությունը նկատի ունենա նախորդի սխալները և գործի առավել արդյունավետ:

«Մենք ելնում ենք ոչ թե միայն հեռացնելու, միայն վատը տեսնելու կամ թշնամանքի գործոնից, մենք ելնում ենք երկրում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունից: Ահա` ինչու հիմա մշակում և համաձայնեցնում ենք հետագա գործողությունների ծրագիրը: Իշխանությունը կարող է ընդունել կամ չընդունել այդ առաջարկները: Բայց մենք ելնում ենք խելամտության կանխավարկածից: Կարծում ենք, որ իշխանությունները լրջորեն մտածելու բան ունեն»,- ասաց Աղվան Վարդանյանը: Պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց, որ կողմնակից չեն մեկանգամյա գործողությունների, լուրջ աշխատանքի ու առաջարկների կողմնակից են:

Աղվան Վարդանյանը լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ է անընդհատ շեշտվում «ոչ իշխանական չորս ուժեր» եզրույթը՝ ընդդիմադիր չորս ուժերի փոխարեն, պատասխանեց, որ
լրատվամիջոցները, եթե ցանկանում են, կարող են օգտագործել «երեք ընդդիմադիր և մեկ այլընտրանք» եզրույթը, սակայն դրանից էական բան չի փոխվում:

Ըստ նրա` հնչում են հարցեր, թե ինչո՞ւ են բոլորը գնում այլընտրանքի հետ հանդիպման: «Գոնե մենք ձևի խնդիր չունենք: Ոչ թե կարևոր է, թե որտեղ է տեղի ունենում հանդիպումը, այլ, թե ով ինչ է ասում ու ինչ հիմնավորվածությամբ: Դաշնակցությունն իր ասելիքի, իր հստակության, իր ձևակերպումների տերն է»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Խոսելով հանրապետականների այն մեկնաբանությունների մասին, թե ընդդիմադիր կուսակցությունները կարող են գնալ խոշորացման ճանապարհով, Աղվան Վարդանյանը նշեց, որ Դաշնակցությունը արձագանքել է այդ մեկնաբանություններին, սակայն հաջորդ օրը նորից հնչել են մեկնաբանություններ, թե գուցե ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն միանան ԲՀԿ-ին:

Ըստ նրա` երկրորդ անգամ էր պատրաստվում անդրադառնալ այդ մեկնաբանությանը, երբ խորհրդարանում իրեն է մոտեցել ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և ասել, որ, իր խոսքերի հետ կապված, թյուրըմբռնում է եղել, և պիոներիկներ-հոկտեմբերիկները Դաշնակցության կապակցությամբ չի ասել: «Ի պատիվ Շարմազանովի, նույն օրը հերքում տպագրվեց, որ ինքը Դաշնակցությանը նկատի չի ունեցել: Ստացվում է, որ Շարմազանովի առաջին ասածները տպագրվել էին գրեթե բոլոր կայքերում, բայց հերքումը տպագրվել է միայն երկու կայքում: Թե մնացած կայքերն ինչո՞ւ չէին տպագրել այդ հերքումը, դա արդեն իրենց խնդիրն է, որովհետև ավելի կարևոր լուր է հերքման լուրը»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Այն, ինչ քննարկվում և համաձայնեցվում է քաղաքական ոչ իշխանական չորս ուժերի միջև, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի կարծիքով, չի կարող հանրությունից դուրս լինել: «Անշուշտ, հանդիպումներ քաղաքացիների հետ կլինեն: Մենք բաց ենք նաև հանրության, ԶԼՄ-ների, մասնագիտական քննարկումների առաջ, որպեսզի նաև հանրությունը տեղյակ լինի օրակարգից», ասաց նա` պատասխանելով Yerkir.am-ի հարցին, թե նախատեսվո՞ւմ են հանդիպումներ քաղաքացիների հետ՝ ոչ իշխանական չորս ուժերի միասնական օրակարգը նրանց ներկայացնելու նպատակով:

Աղվան Վարդանյանի խոսքով՝ իշխանությունը ընդունի, թե չընդունի` հասարակության մեջ կա մեծ բողոք, մեծ ընդվզում իրենց հանդեպ: Եվ եթե չորս ուժերը միասնաբար հանդես գան, իրենցից հզոր ուժ կներկայացնեն, որն անհնար է պատկերացնել առանց հանրության աջակցության: «Իշխանություններն էլ թարսի նման իրենց ամեն մի քայլով մի բան ավելացնում են: Քիչ էր կուտակայինը, գազի հետ կապված խնդիրները, Մարտի 1-ը, ընդամենը վերջերս պոլիկլինիկաներում փորձեցին համավճարի ինստիտուտը մտցնել, որը խելամտորեն հետաձգեցին: Քիչ էին այս դժգոհությունները, հիմա հետ քայլ են անում` ընդունելով թունդ ալկոհոլային խմիչքների գովազդը հեռուստատեսությամբ»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Խոսելով հանրության աջակցության մասին` պատգամավորը մատնանշեց «Դեմ եմ պարտադիրին» շարժումը, որը, ըստ նրա, լայն թափ է հավաքում: Եվ քաղաքացիական շարժումներին հաջորդող զարգացումները, Աղվան Վարդանյանի կարծիքով, հանգեցնելու են երկրում արմատական փոփոխությունների:

Նա նաև նշեց, որ եթե իշխանությունները հավանություն տան իրենց առաջարկներին, Դաշնակցությունը միայն կողջունի իշխանությունների այդ քայլը, միայն թե իշխանություններն այդ քայլը անեն՝ երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար: «Մենք հրաշալի տեսնում ենք, որ և’ իշխանության մեջ, և’ ընդդիմադիր դաշտում, ուժերը տարբեր են՝ իրենց գաղափարախոսությամբ, պատմությամբ, մոտեցումներով ու մարդկային տեսակներով: Բնականաբար, ինչ-որ խանդի տեսարաններ առաջանալու են, ինչ-որ մեկը կփորձի վերմակն իր վրա քաշել, առաջ ընկնել: Սրա վրա կենտրոնանալ մենք չենք ուզում, որովհետև այս փուլում պետք է գտնել համաձայնություն կարևոր հարցերի շուրջ, և խնդիր չկա, եթե այդ համաձայնությունը դուռ կբացի 4-ի, 5-ի, 6-ի համար»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ դա է միակ ճիշտ ճանապարհը, ուստի պետք չէ ուշադրություն դարձնել ռեպլիկներին, սարկազմին:

Աղվան Վարդանյանը նաեւ հայտարարեց, որ չորս քաղաքական ուժերն իրենց առջև խնդիր են դրել, այդ խնդրի շուրջ փորձել են համաձայնության գալ՝ կատարելով դրանից բխող գործողություններ: «Կավարտվի առաջին քայլը, կտեսնենք, ուր հասանք և հաջորդ քայլը որն է»,-ասաց նա` պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ չորս ուժերի համագործակցությունը չշարունակվի մինչև նախագահի հրաժարական:

Աղվան Վարդանյանը կարծիք հայտնեց, որ իրատեսական ու արդյունավետ չէ՝ ներկա փուլում օրակարգում դնել ամբողջական մեծ փաթեթ: «Դուք մի ընկեք շփոթության մեջ մեկ-երկու արտահայտությունից, մենք հետևում ենք իրավիճակին»,- վստահեցրեց Վարդանյանը: Լրագրողների այն դիտարկմանը, թե ընդդիմության մանր-մանր քայլերը ձեռնտու է իշխանությանը, պատգամավորը չհամաձայնեց «մանր-մանր, տոտիկ-տոտիկ» ձևակերպման հետ, ասելով, որ ընդդիմությունը մտել է ծրագրված, լուրջ և հաստատուն մի գործընթացի մեջ, իսկ հասարակության՝ պայքարի պատրաստակամությունը լուրջ հիմքեր են տալիս մտածելու, որ առաջիկայում շատ արագ հասնելու են արդյունքների:

«Չեմ կիսում այն տեսակետը, թե ամեն ինչ պետք է լինի մեկ օրում ու մեկ ժամում: Եթե մենք ունենայինք այն իրավիճակը, որ անգամ մեկ քաղաքական ուժ կարողանար գեներացներ հասարակությանը, վստահ եղեք, որ այդ ուժը դա կաներ, բայց այսօր պետք է փորձել ստեղծել միավորման հիմքեր, ուժեղանալ, բեռ վերցնել ու հասարակությանը տանել այդ ճանապարհով»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ անձերի փոփոխությունը ոչինչ չի տալու, ուստի անհրաժեշտ են որակական փոփոխություններ և արդյունավետ կառավարում: Սահմանադրական փոփոխությունների խնդիրն է դրված առաջիկայում, որը կանխորոշելու է հաջորդ տասը տարիների զարգացումը:

Հարցին, երբ է չորս ուժերի կողմից կառավարության հրաժարականի պահանջի վերջնաժամկետը, Աղվան Վարդանյանը նշեց, որ ամենաուշը մի քանի ժամից կներկայացվի, թե որ քառօրյայում է ներկայացվելու ոչ քաղաքական չորս ուժերի կողմից օրակարգային ծրագիրը:

Տպել Տպել