Կենսաթոշակային նոր համակարգը կմեծացնի աղքատության մակարդակը

արծվիկ3
ՍԴ-ում այսօր մեկնարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք կետերի՝ սահմանադրականության հարցի քննությունը:

Դիմումը դատարան էին ներկայացրել 4 ոչ իշխանական ուժերն ու «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները: Նրանց հիմնական պահանջը Պարտադիր կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելն է:

Դիմումատուներն էին՝ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության իրավաբան Մերի Խաչատրյանը:

Նիստին ներկա էին նաեւ ԱԺ մի շարք պատգամավորներ՝ ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանը, Էլինար Վարդանյանը, Վահե Էնֆիաջյանը, ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը, ինչպես նաեւ՝ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ներկա էին նաեւ «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության բազմաթիվ անդամներ:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը լրացուցիչ բեռ կդառնա Հայաստանի բյուջեի համար, քանի որ պետական բյուջեից կվճարվի մինչեւ 25 հազար դրամ յուրաքանչյուր այն քաղաքացիների համար, որոնց վրա տարածվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5 ու 7 կետերը, նիստի ժամանակ հայտարարել է հայցվոր կողմի ներկայացուցիչ, ՀՅ Դաշնակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Ներկայացնելով միջազգային փորձը՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ, Մինասյանն ընդգծեց, որ ժամանակին Արգենտինան ու Բուլղարիան հրաժարվել են այդ համակարգից, բազմաթիվ երկրներ, անգամ՝ Զիմբաբվեն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելուց երկու տարի անց չեղյալ հայտարարեց այն:

Մինասյանը հավելեց, որ բազմաթիվ եվրոպական երկրներ նվազեցրել են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շեմը:

Նրա խոսքով` դիմումով արծարածված հարցրեն ունեն սկզբունքային սահմանադրաիրավական նշանակություն և դիմումի ներկայացումը նպատակ է հետապնդում բացառել սահմանադրության պահանջների խախտումներով օրենսդրության կիրառումը և ստեղծել կոնկրետ իրավական հիմքեր` համերաշխ հասարակությունում յուրաքանչյուրի համար բավարար կենսամակարդակ ապահովելով պետության պարտավորության իրականացման գործում:

Ըստ Արծվիկ Մինասյանի` Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը կհանգեցնի տնտեսական դժվարությունների և սոցիալական անարդարության որոշակի լուրջ արտահայտումների:

Մասնավորապես` նա նշեց, որ ՀՀ-ն, համաձայն Սահմանադրության, սոցիալական պետություն է և պարտավորվում է համապատասխան քայլեր ձեռնարկել` բնակչության կենսամարդսկի բարելավման համար: Սակայն կենսաթոշակային այս համակարգի ներդրումը ուղղակի հակասության մեջ է մտնում Սահմանադրության այդ դրույթի հետ: Դրա հետևանքով նվազելու են անձի եկամուտները, հետևաբար` նաև անձի` իր կենսապայմանները բավարարելու հնարավորությունները: 1974 թվականին և դրանից հետո ծնված անձանց համար դժվարանալու է աշխատանք գտնելը, քանի որ համակարգի ներդրման դեպքում պարտադիր կուտակային վճարումներ կատարելու բեռն ընկնելու է գործատուների և աշխատողների վրա: Գործատուները նախընտրելու են աշխատանքի ընդունել 1974-ից շուտ ծնվածներին: Սրվելու են գործատու-աշխատող հարաբերությունները: Իրական չէ այն հիմնավորումը, թե կուտակումները ապահովելու են արժանապատիվ կենսաթոշակներ: Բանն այն է, որ բնակչության հիմնական զանգվածի աշխատավարձերը ցածրից ձգտում են միջինի և ոչ ավելի: Հետևաբար, այս պայմաններում անձը չի կարողանալու իր ծերության համար արժանապատիվ կենսաթոշակ ապահովել: Հաշվի չի առնվում նաև այն, որ չաշխատող կանայք, երեխայի խնամքի արձակուրդում գտնվելով, չեն կարողանալու գումարներ կուտակել:

Արծվիկ Մինասյանը, հղումներ անելով տարբեր գիտական ուսումնասիրությունների, ասաց, որ այս համակարգի ներդրումը կարող է հանգեցնել երկրում ներդրումների նվազման, ՀՆԱ-ի աճի նվազման, բարձրանալու է աղքատության մակարդակը:

Տպել Տպել