Կսկսվի դատական հայցերի նոր փուլ

artcvik1Ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի` ՍԴ որոշումը կարող են մեկնաբանել միայն այն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո, որովհետև, Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելուն զուգահեռ, ՍԴ-ն գործադրեց դրանք որոշակի ժամկետ հետո ուժը կորցրած ճանաչելու ինստիտուտը, ինչը որոշակի խնդիրներ կարող է առաջացնել, ուստի դեռ պետք չէ շտապել: «Կարևորն այն է, որ հստակ է` Սահմանադրությանը հակասող նորմերի` մեր ներկայացրած փաստարկները ճիշտ էին, շնորհակալություն բարձր դատարանին, որ ընդունեցին դա»,- ասաց պատգամավորը:

Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, Արծվիկ Մինասյանը չբացառեց, որ կսկսվի դատական հայցերի նոր փուլ` քաղաքացիների, աշխատակիցների և գործատուների կողմից, որոնք պահանջելու են իրենց վճարները հետ վերադարձնել:

Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներին, երիտասարդներին, միջին տարիքի մարդկանց, տարեցներին, բոլոր այն մասնագետներին, ովքեր օժանդակել են իրենց այս օրենքի հետ կապված բոլոր գործընթացներում:

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը հակասահմանադրական է

սդ
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի քանի դրույթների սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը հրապարակվեց: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց մոտ 64 էջից բաղկացած որոշման նկարագրական մասի մի հատվածը և եզրափակիչ մասը: Ավելի ուշ որոշման ամբողջական տեքստը կտեղադրվի ՍԴ ինտերնետային կայքում: Որոշման մեջ նշվում է, որ միջազգային փորձն ուսումնասիրելու հետևանքով այն եզրակացությունն է արվում, որ առանց կուտակային համակարգի ներդրման երկրի էական զարգացում չէր կարող նկատվել: Սակայն միջազգային փորձը մեխանիկորեն փոխառելն ընդունելի չէ: Պետք է հաշվի առնել, որ մարդու մյուս իրավունքների սահմանափակում չպետք է կատարվի ոչ իրավաչափ կերպով:

Տվյալ դեպքում խոսքը սեփականության իրավունքի մասին է: Կառավարությունը տվյալ դեպքում Սահմանադրությանը չհամապատասխանող սահմանափակումներ է նախատեսել, և այս օրենքի մշակման ժամանակ հաշվի չեն առնվել օրենսդրական այլ ակտեր: Սահմանադրական դատարանը որոշեց, որ այն մասով, որով օրենքը չի ապահովում անձի հայեցողությամբ նրա աշխատավարձի տիրապետման իրավունքը, ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր: Օրենքի վիճարկվող բոլոր հոդվածները Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական, քանի որ դրանք գտնվում են համակարգային կապի մեջ:

Սահմանադրական դատարանը նաև ԱԺ-ի և կառավարությանը համար վերջնաժամկետ սահմանեց մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը, որպեսզի օրենքը համապատասխանեցվի սույն որոշման պահանջներին: ՍԴ որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին խորհրդարանական չորս քաղաքական ուժերի` ՀՅԴ, «Ժառանգություն», ԲՀԿ և ՀԱԿ պատգամավորները:

ՍԴ բուն որոշման ամբողջական տեքստը

Տպել Տպել