«Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը և այլ ցեղասպանությունները. որտեղ են ավարտվում խոսքի ազատության սահմանները» խորագրով քննարկում

Մայիսի 5-ին ԳԴՀ Համբուրգ քաղաքի Բուցերիուս բարձրագույն իրավաբանական դպրոցում (Bucerius Law School ) տեղի ունեցավ իրավագիտական քննարկում-միջոցառում՝ «Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը և այլ ցեղասպանությունները . որտեղ են ավարտվում խոսքի ազատության սահմանները» խորագրով:

vahan

Միջոցառման կազմակերպիչներն էին Գերմանիայի «Հանրային իրավունքի երիտասարդ գիտություն» կազմակերպությունն ու Միացյալ ազգերի գերմանական ընկերությունը՝ Բեռլինում ՀՀ դեսպանության աջակցությամբ և հովանավորությամբ և ԳԴՀ Հեսսեն երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոսի անմիջական ֆինանսական աջակցությամբ:

Դողու Փերինչեկի գործի առթիվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռից հետո ցեղասպանության ժխտման հարցի շուրջ քննարկումների նոր ալիք էր ծավալվել:

Համբուրգի Բուցերիուս բարձրագույն իրավաբանական դպրոցը Գերմանիայի սահմաններից դուրս ևս բարձր հեղինակություն է վայելում: Այն հանդիսանում է Եվրոպայի հեղինակավոր և բացառիկ ուսումնական հաստատություններից մեկը, մրցակցելով Հարվարդի և Օքսֆորդի հետ: Բուցերիուս իրավագիտական համալսարանի ազդեցությունը չի սահմանափակվում իրավաբանական շրջանակներով, այն տարածվում է քաղաքական և սոցիալական գիտությունների ոլորտներ, և հստակ ասելիք ունի նշյալ ոլորտներում կայացվող տարբեր որոշումներում:

Հաստատությունը հանդիսանում է Գերմանիայի դաշնային և երկրամասային դատաիրավական համակարգի երեք անկախ փորձագիտական կենտրոններից մեկը: Համալսարանն ունի 28 պրոֆեսոր, ովքեր ղեկավարում են առանձին ամբիոններ և բազմաթիվ ինստիտուտներ ու հետազոտական կենտրոններ: Աշխարհի 30 երկրներում Բուցերիուս բարձրագույն իրավաբանական դպրոցն ունի 100-ից ավելի գործընկեր համալսարաններ, որոնց թվում են Օքսֆորդի, Քեմբրիջի, Յելի և Սթանֆորդի (Կալիֆորնիա) համալսարանները:

vahan h

Միջոցառումը լուրջ հետաքրքրություն էր առաջացրել միջազգային իրավունքի ոլորտի մասնագետների մոտ։ Բավական է ասել, որ բանավեճ–կոնֆերանսին ներկա էին շուրջ 150 իրավաբաններ, գիտահասարակական շրջանակների ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Համբուրգի քաղաքային խորհրդի պատգամավորներ:

Ողջույնի խոսքով հանդես եկան Գերմանիայում ՀՀ դեսպան Վահան Հովհաննիսյանը և Բուցերիուս իրավագիտական համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Դորիս Քյոնիգը:

Հայաստանի դեսպանն իր շնորհակալությունը հայտնելով գիտական կենտրոնի ղեկավարությանը այս կարևոր թեմայով կոնֆերանս կազմակերպելու համար, խոսեց նաև այն մասին, որ Ցեղասպանության հետևանքները վերացնելու ճիշտ ձևն է հատուցման հարցի քննարկումը։

Հիմնական բանախոսները հանդես եկան հետևյալ թեմաներով.

•Պրոֆեսոր, դոկտոր Միհրան Դաբաղ ( Բոխումի Ռուռ համալսարանի Սփյուռքի և Ցեղասպանության հետազոտությունների ինստիտուտի տնօրեն,
թեման` «Ազգային տեսլականը և ցեղասպանության քաղաքականությունը: Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը»,

•Դոկտոր Մաթիաս Ուֆֆեր, (Բեռնի համալսարան իրավաբանական ֆակուլտերի գիտաշխատող),
թեման՝ «ՄԻԵԴ- ը սխալ ուղու վրա – ինչու է Փերինչեկի գործով վճիռն անպիտան»:

•Էլիֆ Ասկին, ԳԴՀ Հայդելբերգ քաղաքի Մաքս Պլանկի անվան Օտարերկրյա հանրային իրավունքների և ազգերի իրավունքների գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող,
թեման՝ «Պատմական կեղծիքների պատժումը միջազգային համադրումներում»:

•Դոկտոր Մաթիաս Հոնգ, Ֆրայբուրգի Ալբերտ-Լյուդվիգս համալսարանի գիտաշխատող,
թեման՝ «Ցեղասպանության ժխտումն ու խոսքի ազատությունը սահմանադրական իրավունքի տեսանկյունից»:

Միջոցառումը վարում էր Բեռլինի Հումբոլդթի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի գիտաշխատող Հաննա Բիրկենքյոթերը:

Բանախոսություններից հետո քննարկումների ընթացքում բանախոսներին բազմաթիվ հարցեր ուղղեցին թուրքական համայնքի և գերմանալեզու թուրքական մամուլի ներկայացուցիչներ:

Հարկ ենք համարում նշել, որ ներկաների հարցերին առավել հստակ և բովանդակալից պատասխաններ էին հնչեցնում պրոֆեսոր Միհրան Դաբաղը և դոկտոր Մաթիաս Ուֆֆերը։ Միջոցառմանը ներկա թուրքերի հարցերին հակիրճ պատասխանեցին նաև պրոֆեսոր Օտտո Լուխթերհանդթը և դեսպան Վահան Հովհաննիսյանը։ Վերջինս հատկապես անդրադարձավ Առաջին Համաշխարհայն Պատերազմի տարինէրին Արևմտյան Հայաստանի հայության ռուսական բանակին աջակցելու թուրքական քարոզչամեքենայի կողմից հաճախակի շահարկվող հարցին: Օրինակ բերելով 1890–ականների համիդյան ջարդերը Սասունում, կամ 1909 թ մասսայական սպանդը Կիլիկիայում, երբ ոչ մի պատերազմ կամ արտաքին սպառնալիք չկար, Վահան Հովհաննիսյանն ապացուցեց, որ Օսմանյան Կայսրության քրիստոնյա հպատակները որևէ հավատարմության պարտավորություն չունեին իրենց դարերով արյունալի ստրկության մեջ պահող թուրք սուլթանների և կառավարությունների առջև։

Միջազգային իրավունքի տեսանկյունից այդ մոտեցումը հիմնավորեց շվեյցարացի իրավաբան դոկտոր Ուֆֆերը։

Տպել Տպել