Ճանաչումից այն կողմ անցնել և պահանջել հատուցում

Manoyan-Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես` Ուկրաինայի դեպքերը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը մեր տարածաշրջան բավական կարևոր իրադարձություն էր. այս մասին, այսօր, մայիսի 15-ին, «Ֆորում» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ըստ Կիրո Մանոյանի` Նախագահ Օլանդը ճիշտ շեշտադրումներ է արել Հայաստանի և հայության վերաբերյալ. «Եթե ընդհանուր առմամբ արժևորենք, ապա հին բարեկամի մոտ այցելություն էր»:

«Հայաստանի և Ֆրանսիայի տնտեսական հարաբերությունները, սակայն, չեն համապատասխանում երկու երկրների միջև եղած բարեկամական հարաբերություններին»,-ասել է Կիրո Մանոյանը՝ շարունակելով, թե հայ-ֆրանսիական հարաբերությունները տնտեսական բնագավառում սերտանալու տեղ ունեն:

Բանախոսի կարծիքով՝ մեկ կետ ևս կա, որ «կապ չունի» հայ-ֆրանսիական հարաբերությունների հետ. «Դա, իմ կարծիքով, Հայաստանի իշխանությունների ձախողումն էր. այն է, որ Ֆրանսիայի Նախագահի հետ պաշտոնական հանդիպումներին ընդդիմությունից որևէ մեկը հրավիրված չէր, այնինչ նախագահին ուղեկցող ֆրանսիական պատվիրակության կազմում ինչպես հայկական համայնքի տարբեր քաղաքական հայացքներ կրող անդամներ էին, այնպես էլ այդ երկրի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ»:

Բացի այդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում տրված պաշտոնական ընթրիքին Օլանդն իր 2007թ. այցն է հիշել, որ Դաշնակցության հրավերով էր տեղի ունեցել, մինչդեռ սեղանի շուրջ այդ կուսակցության Հայաստանի կառույցից ոչ մի ներկայացուցիչ չի եղել. «Եւ դա ամենալավ տպավորությունները չի թողել ֆրանսիական կողմի վրա», – ամփոփել է Մանոյանը:

Կիրո Մանոյանը կարևոր է համարել նաև Ֆրանսուա Օլանդի՝ Արցախի վերաբերյալ այն հայտարարությունը, որ Ֆրանսիան խնդիր չի տեսնում կամարտահայտության նկատմամբ:

Անդրադառնալով Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին՝ Կիրո Մանոյանն նշել է, թե ծրագրերն, անշուշտ, կարևոր են, բայց ավելի կարևոր է այն պատգամը, որ մենք պետք է փոխանցենք աշխարհին: «Պետք է ճանաչումից այն կողմ անցնենք և պահանջենք հատուցում: Պետք է շեշտադրումները ճիշտ դնել և հստակ պատգամ փոխանցել, թե մենք ինչ ենք ուզում աշխարհից և Թուրքիայից»,-հայտարարել է Կիրո Մանոյանն՝ ընդգծելով, թե մարդկության դեմ կատարված ոճիրը վաղեմության ժամկետ չունի, բայց անտարբերության դեպքում հատուցման իրավունքից, ըստ միջազգային իրավունքի, կարող ես զրկվել: Հատուցման իրավունքից զրկվելու վտանգ Հայաստանը դեռ չունի:nkar 2

Ըստ Կիրո Մանոյանի` Ֆրանսիան, այնուամենայնիվ, կընդունի Ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենք, սակայն դեռևս սպասում է Եվրադատարանի որոշմանը` կապված Շվեյացարիայում հանման իրավանորմը անընդունելի ճանաչելու հետ. «Այդ օրինագիծը պետք է համապատասխանեցվի նաև Ֆրանսիայի սահմանադրությանը, հաշվի առնի Սահմանադրական խորհրդի առարկությունները նախորդ օրենքի վերաբերյալ, քանի որ անիմաստ է ընդունել օրենք, որը հետագայում կարող է անվավեր կամ հակասահմանադրական ճանաչվել»:

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ հետագա հարաբերությունների խորացմանը՝ Օլանդը հանձնառու եղավ ճանապարհ հարթել այդ ուղղությամբ, ասել է Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Օլանդի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում հնչեցված հայտարարությանը:

«Նախագահ Օլանդը հայտարարեց, որ ինքը ձեռնամուխ կլինի, որ Հայաստանի ու ԵՄ միջև ինչ-որ ասոցացման փաստատթուղթ ստորագրվի: Կարծում եմ, որ սա նույնպես շատ կարևոր է»,- նշել է Մանոյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս դեպքում այս ուղղությամբ պետք է աշխատի ոչ թե Հայաստանը, այլ հակառակը՝ ԵՄ-ն:nkar

«Կարծում եմ, որ ԵՄ-ը սխալ թույլ տվեց ինչպես Ուկրաինայի պարագայում, այնպես էլ Հայաստանի հետ հարաբերությունները թուլացնելով: ԵՄ-ն իր մեղքի բաժինն ունի և պետք է իր հետագա հարաբերությունների զարգացման համար որոշակի սրբագրումներ կատարի»,- շեշտել է բանախոսը՝ նկատելով, որ Հայաստանը անգամ սեպտեմբերի 3-ից հետո միշտ հայտարարել է, որ ուզում է Եվրոպայի հետ իր քաղաքական հարաբերությունները շարունակել, մինչդեռ Եվրոպան Հայաստանից երես թեքեց առանց որևէ պատճառի:

«Հայաստանի՝ ՄՄ վերաբերյալ որոշումից հետո ԵՄ-ն հրաժարվեց Հայաստանի հետ Ազատ և խորը համապարփակ առևտրի պայմանագիր ստորագրել, դա կարող է հասկանալի լինի. բայց անհասկանալի է, որ ինչու ԵՄ-ն մերժեց Հայաստանի հետ ասոցացման պայմանագիր ստորագրել, դա սխալ հետքայլ էր»,- հավելել է Մանոյանը՝ շարունակելով, որ դա մերժելու համար չկար ոչ մի հիմնավոր պատճառ, մանավանդ որ ՄՄ-ը խոչընդոտ չէր հանդիսանում ԵՄ հետ այդ Ասոցացման համաձայնագիրը կնքելու համար. «Ավելին՝ ոչ մի պատճառ չկար, որպեսզի Հայաստան-ԵՄ հարաբերությունները թուլանային: Մնում է, որ ԵՄ իր կեցվածքը գոնե հիմա սրբագրի ու չասի, որ եթե Հայաստանը որոշել է շարունակել տնտեսական հարաբերությունները ՄՄ հետ, չի կարող Եվրոպայի հետ քաղաքական հարաբերությունները շարունակել ու խորացնել: Այստեղ ավելի շատ Եվրոպան անելիք ունի, քան Հայաստանը»:

Անդրադառնալով Հայաստանում հավատարմագրված դեսպանների կողմից վերջին շրջանում արված հայտարարություններին, Կիրո Մանոյանն ասել է,- «Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանում այլ երկրների դեսպաններն իրենց այնքան ազատ զգան, որ մեր ներքին խնդիրների մասին էլ մեզ դաս տան: Սա առաջին անգամը չէ: Կարծում եմ՝ մեր թերացումն է, որ թույլ ենք տալիս թեկուզ՝ մեզ համար շատ կարևոր, ռազմավարական դաշնակից կամ գործընկեր երկրի դեսպանների՝ իրենց իրավունք վերապահել հայտարարություններ կատարել Հայաստանում, որոնք իրականում վերաբերում են Հայաստանի ներքին խնդիրներին` նկատի ունեմ նաև Միացյալ Նահանգների դեսպանի հստակ քարոզչությունը՝ ի նպաստ կուտակային կենսաթոշակային համակարգի, որը նույնպես մեր թերացման արդյունք է»:

«Այս և նման այլ հայտարարությունների վերաբերյալ արձագանքը, որ մեր իշխանությունների կողմից եղավ կամ ավելի ճիշտ՝ չեղավ, սխալ պահվածք է: Պետք է նախ կանչեին դեսպաններին ու ասեին՝ բացատրեք, խնդրեմ, թե ինչ եք ասում՝ հասկանանք, չհասկացանք, թե ինչ եք խոսում. Ձե՞զ ինչ, թե մենք ինչ տեսակի կազմակերպություններ ունենք այստեղ կամ կենսաթոշակների հարցում ինչ կանենք: Իրենց մոտ չարածը մեզ են պարտադրում: Խնդիրն այն չէ, թե ո՞ր երկիրն է, հարցն այն է, որ մենք թույլ ենք տալիս նրանց այդ ազատությունը: Որոշ ժամանակ առաջ էլ Իրանի դեսպանն էր հայտարարություններ արել: Անհրաժեշտ է, բոլորի հետ պատշաճ, հարգալից հարաբերություններ ունենալով հանդերձ՝ դիվանագիտական ընդունված կարգով բոլորին իրենց չափը ցույց տալ»,- հավելել է Կիրո Մանոյանը:

Կիրո Մանոյանի խոսքով, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Թուրքիա կատարած այցի շրջանակներում կարեւոր հարցեր է բարձրացրել Թուրքիայի նախագահի եւ վարչապետի հետ հանդիպման ժամանակ:

ԱՄՆ կոնգրեսականը Թուրքիայում քննարկել է Քեսաբահայերի տեղահանության, հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Ադամ Շիֆը բավական սուր կերպով է ներկայացրել հայերի հետ կապված խնդիրները, նա իր ասածները հրապարարկել է, բայց մինչեւ հիմա պարզ չէ, թե թուրքական կողմն ինչպես է արձագանքել այդ հարցերին: Նման ճնշումների պատճառով է, որ ապրիլի 23-ին Թուրքիայի վարչապետը նման հայտարարություն արեց: Ակնհայտ է, որ Թուրքիան եկող տարվա ապրիլի 24-ին էլ պետք է փորձ անի նվազեցնել իր վրա միջազգային ճնշումները: Իսկ Թուրքիայի վրա նման ճնշումները ավելանալու են եկող տարվա ընթացքում»,- ասել է Կիրո Մանոյանը:

Նա կարեւորել է այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան կատարած այցի ժամանակ` բարձրացրել է նաեւ Քեսաբի հարցը.«Ֆրանսիայի նման երկրի հետ նման հարց բարձրացնելը կարեւոր է ՝ հաշվի առնելով Ֆրանսիայի դերակատարությունը Սիրիայի իրադարձություններում: Ֆրանսիան կարեւոր ազդեցությունի ունի Սիրիայի տարբեր շրջանակների հետ, որոնց մի մասը առնչվում է Քեսաբի խնդիրներին»:

15/05/2014

Տպել Տպել