Աթենքում կայացել է ցեղասպանության ժխտման քրեականացման հարցին նվիրված խորհրդաժողով

762602(1)Աթենքի լրագրողների միության սրահում մայիսի 17-ին տեղի է ունեցել ցեղասպանության ժխտման քրեականացման հարցին նվիրված «Բարբարոսությունն արգելվում է» խորագով խորհրդաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ողջույնի խոսքով հանդես են եկել համակազմակերպող կազմակերպությունների ներկայացուցիչներ` ՀՅԴ Հունաստանի Հայ դատի հանձնաժողովի կողմից Արաքսի Աբելյանը, Հունաստանի համապոնտիական դաշնության Հարավային Հունաստանի և կղզիների պոնտիական կազմակերպությունների միության նախագահ Յորղոս Վարիթիմիադիսը և Հունաստանի ասորական միության նախագահ Կիրիակոս Բացարասը:

Խորհրդաժողովի հիմնական բանախոսներն էին Հայոց ցեղասպանության թանգարանի-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, Հույն-հայկական բարեկամության միության վարչության նախագահ, հասարակական գործիչ և դասախոս Նիկոս Լիղերոսը և Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի անդամ Վասիլեոս Միխանեցիդիսը, ովքեր հանգամանորեն քննության են առել օրվա թեմային առնչվող հարցերի ողջ ներկապնակը, պատասխանել ներկաների հարցերին:

Խորհրդաժողովին ներկա էին Հունաստանում ՀՀ դեսպանության դեսպանորդ Մինաս Մարտիկյանը, հասարակական կազմակերպությունների և հայրենակցական միությունների, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Մայիսի 19-ին Աթենքի կենտրոնական «Սինտաղմա» հրապարակում կայացել է Հունաստանում պետականորեն նշվող Պոնտոսցի հույների ցեղասպանության հիշատակի օրվա միջոցառումը, որին մասնակցել և այլոց թվում Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակ են զետեղել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Միջոցառմանը մասնակցում էին նաև Հունաստանի Հայ Դատի հանձնախմբի անդամներ, ՀՅԴ երիտասարդական միության ներկայացուցիչներ:

armenpress.am

Տպել Տպել