Բանակցային գործընթացում անհրաժեշտ են նոր մոտեցումներ

DavitIshkhanyanՕրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին տարածաշրջան, իսկ մինչ հերթական այցը ամերիկացի համանախագահը հանդես էր եկել ելույթով, որի ժամանակ խոսել էր բանակցային սեղանին դրված 6 կետերի մասին, որոնցից եւ ոչ մեկը արցախյան կողմի համար ընդունելի չէ: Համանախագահներին արցախցի երիտասարդները Քաշաթաղում դիմավորեցին բողոքի ցույցով, որի ժամանակ էլ երիտասարդները ներկայացրին արցախցիների տեսակետը: Համանախագահների համար, որքան էլ տարօրինակ լինի, անակնկալ է եղել արցախցիների նման վերաբերմունքը:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի համոզմամբ՝ զարմանալի է այն հանգամանքը, որ համանախագահների համար անակնկալ է եղել, երբ Ղարաբաղում ժողովրդի կողմից տեսել են պահանջատիրության արտահայտում. «Ստացվում է այնպես, որ համանախագահների համար անակնկալ չէ, երբ իրենց հերթական այցելություններից առաջ Ադրբեջանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հայտարարություններ են անում, որոնք հստակ սպառնալինքեր են հայկական կողմի համար, համանախագահների համար անակնկալ չէ, երբ նախքան իրենց այցելությունը կամ իրենց այցելության օրերին սահմանին ադրբեջանական դիպուկահարների կողմից հայ զինծառայող է զոհվում, իրենց համար անակնկալ չէ, երբ Ադրբեջանը բազմիցս փորձում է խառնաշփոթ առաջացնել բանակցային գործընթացում կամ փորձում է ընթացող բանակցային գործընթացին նոր ձեւաչափ պարտադրել: Այդ ամենը կարծես թե անակնկալ չէ իրենց համար, բայց մեր կողմից բողոքի փոքր ալիքը համանախագահների համար դառնում է անակնկալ: Համանախագահների վերջին այցից հետո մենք հերթական անգամ համոզվեցինք, որ համանախագահների այցելությունը տարածաշրջան պարզապես հերթական այցելություն է այցելության համար»:

Ըստ Դավիթ Իշխանյանի՝ համանախագահների այցելությունը յուրահատուկ է եղել այցի աշխարհագրությամբ. «Նրանք Արցախի Հանրապետություն են մտել Քարվաճառով, նաեւ այցելել են Քաշաթաղի շրջան: Եթե փորձենք մտովի պատկերացնել բանակցային սեղանին դրված մեզ համար գոնե «գաղտնազերծված» փաստաթղթի որոշակի կետերը, որտեղ խոսվում է երկու շրջանների մասին, ստացվում է, որ բոլորովին պատահական չէ իրենց այցելությունն այդ երկու շրջաններ: Համանախագահներն իրենց հայտարարության մեջ անդրադարձ են արել այդ երկու շրջաններին՝ կապված զարգացման մակարդակին եւ ընդհանուր կացությանը, ինչպես նաեւ ժողովրդագրական իրավիճակին: Սակայն այս ամենը սառցաբեկորի միայն երեւացող կողմն է: Ես համոզված եմ, որ կա նաեւ չերեւացող կողմ, որը թերեւս հրապարակային ներկայացված չէ»:

Հետաքրքրականն այն է, որ համանախագահների այցելությունը պետք է ավարտվեր Բաքվում Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի հանդիպումից հետո: Սակայն ծրագրված հանդիպումն այդպես էլ չի կայանում, քանզի այդ երկրի արտաքին քաղաքականության պատասխանատուները, արհամարհելով համանախագահներին, նույն օրը մեկնում են այլ հանրապետություն:

Դավիթ Իշխանյանի համոզմամբ՝ տարօրինակ չէր Ադրբեջանի արտաքին քաղաքականության պատասխանատուների նման վերաբերմունը. «Ադրբեջանի նախագահի եւ արտգործնախարարի պահվածքը մի կողմից տարօրինակ է, մյուս կողմից՝ ոչ: Եթե հիշենք ամերիկացի համանախագահի վերջին ելույթը, որտեղ նա թույլ է տալիս «համաշխարհային խաղացող Ադրբեջան» արտահայտությունը, բնականաբար պետք է այցելության ընթացքում ակնկալել «համաշխարհային մակարդակով խաղացողի» հերթական քայլ, որը եւ ցույց տվեց Ադրբեջանը: Եւ տվյալ պարագայում Ադրբեջանը փորձեց ոչ թե մանկամտորեն, այլ մեկ այլ ձեւաչափով մոտենալ հարցին: Տարօրինակ է այն առումով, որ այդպիսի պահվածքը մտահոգությունների տեղիք է տալիս: Ադրբեջանն իրեն թույլ տալով այդպիսի վարքագիծ՝ ձեւախեղում է ընդհանուր բանակցային գործընթացը, իսկ հայկական կողմը պետք է օգտվի այդ ամենից: Այսինքն, եթե հավասարը հավասարին սկզբունքով բանակցային գործընթացին մոտեցում չի ցուցաբերվում, ապա հայաստանյան կողմն այստեղ ունի իր հավելյալ խաղաթուղթը, որն, ըստ իս, Արցախն է, իսկ Արցախն իր տեսակետն արդեն հրապարակավ ներկայացրել է»:

ՄԽ համանախագահները, Ադրբեջանում հանդիպելով միայն պաշտպանության նախարարի հետ, տարածեցին իրենց հերթական հայտարարությունը, որտեղ նշված է, որ հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ՝ միտումնավոր կերպով հավասարության նշան դնելով երկու կողմերի միջեւ. «Ադրբեջանի արտաքին քաղաքականության պատասխանատուների կողմից դրսեւորած արհամարանքը համանախագահները փորձել են շատ հպանցիկ մատուցել համաշխարհային հանրությանը,-նշեց Դ. Իշխանյանը եւ հավելեց,- մի կողմից հավասարության նշան դնելով Հայաստանի Հանրապետության նախագահի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարի միջեւ, մյուս կողմից իրենց նկատմամբ ցույց տված արհամարհանքը փորձել են ինչ-որ ձեւով պարփակել»:

Համանախագահներն իրենց հայտարարության մեջ անդրադարձել են նաեւ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսների համատեղ օգտագործմանը: Կարելի է եզրակացնել, թե այդ դրույթն ում առաջարկով է մտցվել հայտարարության մեջ, քանզի ամերիկացի համանախագահ Ուորլիքը մինչ հայտարարության հրապարակումը իր թվիթերյան էջում արդեն իսկ անդրադարձել էր այդ հարցին:

Դավիթ Իշխանյանի հավաստմամբ՝ հնարավոր է համատեղ օգտագործել Սարսանգի ջրային ռեսուրսները. «Գաղտնիք չէ, որ Սարսանգի ջրամբարի մասին դեռեւս մեկ տարի առաջ բարձրաձայնել է ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Հարցն այսօր չէ, որ հրապարակի վրա է, եւ Սարսանգի ջրամբարի ու, ընդհանրապես, Արցախի ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման առաջարկ եւ նման պատրաստակամություն հայկական կողմը միշտ էլ ունեցել է: Սակայն այդ ամենի իրագործման համար Ադրբեջանից համարժեք քայլեր են ակնկալվում: Այդ քայլերը կարող են լինել բազմաբնույթ եւ բազմաթիվ: Օրինակ, մենք կարող ենք Սարսանգի ջրամբարի ջուրը տրամադրել ադրբեջանական կողմին՝ դրա դիմաց ստանալով Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործման անվտանգության երաշխիքներ, կամ ստանալ նավթային կամ գազային ռեսուրսներ Սարսանգի ջրի դիմաց: Այսինքն, մենք պետք է համարժեք պատասխան ստանանք ադրբեջանական կողմից, իսկ եթե ոչ, ապա այդ տնտեսական լծակն ունի իր քաղաքական ազդեցությունը եւ, քաղաքական լծակի վերածվելով, հայկական կողմը բնականաբար պետք է օգտագործի այդ լծակը»:

Արցախի ՀՅԴ ներկայացուցչի հավաստմամբ՝ Արցախն իր հետագա քայլերը չպետք է պայմանավորի համանախագահների այցերով կամ հայտարարություններով. «Համանախագահների հերթական այցից հետո չէ, որ մենք պետք է մեր տակտիկական քայլերը կամ ռազմավարական խնդիրները վերանայենք: Մենք ունենք մեր ռազմավարական խնդիրները: Արցախի միջազգային ճանաչումը կարող է տարբերակներից մեկը լինել բանակցային գործընթացում նոր մոտեցումներ որդեգրելու համար: Պետք է շարունակվի Արցախի միջազգային ճանաչման գործընթացը: Եւ երկրորդ՝ Արցախի տնտեսական հզորացումը եւ Արցախի ժողովրդագրական իրավիճակի ուղղությամբ համապատասխան աշխատանքները, այն, ինչ այսօր որդեգրել է Արցախի Հանրապետությունը եւ իր ռազմավարական ու մարտավարական քայլերով աստիճանաբար փորձում է ազդեցություն թողել բանակցային գործընթացին: Պատահական չէ, որ համանախագահների կողմից նաեւ շեշտվել է ընդհանուր կացության մեջ փոփոխությունները, ենթակառուցվածքներում բարվոք իրավիճակը, բայց նաեւ հղում է արվել ժողովրդագրական իրավիճակին: Ի վերջո, մենք 5 տարին մեկ ականատես ենք լինում միջազգային ճգնաժամային խմբի այցելությանն Արցախ եւ համապատասխան ուսումնասիրությունները: Մենք պետք է մեր շեշտադրումը դնենք ոչ թե բանակցային գործընթացին կամ փակուղային իրավիճակներին, այլ արտաքին ճակատի վրա՝ Արցախի միջազգային ճանաչման հեռանկարներին եւ դրանց շարունակականության ապահովմանը: Մյուս կողմից՝ ներքին կյանքում մենք պետք է ունենանք տնտեսական կայունություն, տնտեսական աճ եւ ժողովրդագրական բարվոք իրավիճակ: Այս ամենը կարող են նոր մոտեցումներ թելադրել բանակցային գործընթացում»:

Անի ԱԶԱՏՅԱՆ

aparaj.am

Տպել Տպել