Դրամական նոր ռեֆորմի ժամանակն է

ՀՅԴ-ն 2013 թ-ի բյուջեի ընդունմանը դեմ էր քվեարկել, այսօր արձանագրվում է, որ ՀՅԴ մոտեցումները ճիշտ էին, անցած տարվա բյուջեի կատարողականը հաստատում է դա:

արծվիկԱԺ նիստում, երբ քննարկվում էր 2013թ բյուջեի կատարողականը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ 2013թ-ին Դաշնակցությունը դեմ է արտահայտվել բյուջեին երկու հիմնարար պատճառով, որ 2013թ նախագծված բյուջեն չէր կարող ապահովել երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները, և կյանքը ցույց տվեց, որ դա այդպես է: Եվ նաև այն պատճառով, որ կառավարության ծրագրերը միմյանց հետ օրգանական կապ չունեին: «Այսօր բյուջեի կատարողականը վերահաստատում է այն, որ մենք, ըստ էության, ճիշտ էինք: Խնդիրն այն չէ, որ քննադատում ենք նախորդ կառավարության գործունեությունը, որովհետև ձախողված կառավարության ձախողված բյուջեն կարելի է անտեղել, բայց մենք իրավունք չունենք դասեր չքաղել նախընթաց ժամանակահատվածից, ահա ինչու Դաշնակցությունը ցանկանում է առանձնացնել մի քանի կարևոր հարցեր, որոնցից հնարավոր է հետագայում դասեր քաղել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Առաջին հարցը վերաբերում է տնտեսական քաղաքականությանը, երբ ծրագրված 6,2 տոկոս տնտեսական աճի փոխարեն ունեցանք 3,2 տոկոս:Եվ որ ամբիոնից կառավարության ներկայացուցիչը հպարտորեն ասում է, որ իրականացվել է հարկա-բյուջետային զսպող քաղաքականություն, այլ կերպ ասած` իրականացվել է տնտեսական աճը զսպելու քաղաքականություն:

Ըստ պատգամավորի, հետայսու պետք է հրաժարվել նման քաղաքականությունից:

Երկրորդ դասը, ըստ պատգամավորի, վերաբերում է բյուջեի փիլիսոփայությանը, երկար տարիներ բյուջեն դիտվում է՝ որպես վերջնանպատակ, բայց այն միջոց է երկրում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը կառուցվածքային հենքի վրա դնելու համար: «Մեր մոտ ցավալիորեն անընդհատ ասում են` բյուջեի եկամուտներն այսքանով ենք կատարվել, սպասի քերենք, բերենք, լցնենք բյուջեն, բայց ո՞րն է նպատակը: Մի՞թե նպատակն ընդամենը բյուջեի եկամուտներն ապահովելն ու ծախսերը կատարելն է:Ոչ, նպատակը պետք է լինի ամբողջական կառուցվածքային տնտեսական քաղաքականությունը»,-նշեց ՀՅԴ պատգամավորը՝ հավելելով, որ ընթքացքում կարող են գերակատարել, թերակատարել բյուջեն, բայց վերջում արդյունքի չհասնեն:

Երրորդ դասն այն է, որ պետք է արագացնեն ծրագրային բյուջետավորման մոտեցումները: «Ասում են՝այսքան ծախս ենք կատարել, որևէ ուղղությամբ թերակատարում չունենք, լավ կատարել ենք, հետո՞, դրանից քաղաքացու վիճակը լավացե՞լ է, ՀՀ քաղաքացին աշխատանք ո՞ւնի, արտագա՞ղթը նվազել է, նվազե՞լ է երկրից հեռանալու ցանկությունը»:

Ըստ Մինասյանի՝ հնարավոր չէ ունենալ կայուն մակրոտնտեսական վիճակ, երբ շուկայում մենաշնորհ է տիրում: Նա նաև հանդես եկավ հետևյալ առաջարկով. «Եկել է ժամանակը դրամական նոր ռեֆորմ իրականացնելու համար: Սա կարող է առաջին հայացքից թվալ մի նոր արկածախնդիր մոտեցում, բայց բոլոր տնտեսագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ ներկա դրամական համակարգն այլևս ի վիճակի չէ սպասարկելու Հայաստանի տնտեսությունը դեպի կայուն, թռիքչքաձև զարգացման հարության մեջ դնելու: Դրամական ռեֆորմ ասելով նկատի ունենք ռեֆորմ, որը թույլ կտա թուլացնելով դրամը հեշտացնել տնտեսվարող սուբյեկտների արտահանման ունակությունը, միաժամանակ չնվասել քաղաքացիների գնողունակությունը»:

ՀՅԴ պատգամավորի խոսքով՝ այսօր անհրաժեշտություն կա նաև հարկային ռեֆորմի՝ միավորելու հարկերն ու դարձնել ավելի նպատակային, ազատ թողնել տնտեսությունը շնչելու ու զարգանալու համար:

Հակառակ դեպքում, ըստ նրա, մյուս տարի էլ կլինի այս վիճակը՝ այստեղ կրկին կգան կառավարությունից ու կասեն, որ Հայաստանը շարունակում է մնալ աղքատ երկրների շարքում ու չեն կարողանում բոլորին հասցնել:

Տպել Տպել