Արևմուտքը խանդավառ չէ, որ Թուրքիան ինքնակամ ձեռնարկումներ անի Սիրիայում

Թուրքիայի ակտիվութունը Սիրիայում վերջին օրերին նվազել է, ինչի մասին ասում են հենց իրենք՝ թուրքերը:

Սեպտեմբերի 27-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը տեսակետ հայտնեց, որ պատճառները երկուսն են՝ ներքին խնդիրները և արտաքին պատճառները՝ Արևմուտքն այնքան էլ խանդավառ չէ, որ Թուրքիան ինքնակամ ձեռնարկումներ անի Սիրիայում:

Սիրիահայերին ցուցաբերվող ՀՀ կառվարության օգնություն ասելով՝ ըստ Կ.Մանոյանի, պետք է հասկանալ այն սիրիահայերին, ովքեր ժամանակավոր կամ մշտապես հաստատվել են Հայաստանում, և այն հայերին, ովքեր մնում են Սիրիայում. «Ամեն ինչի մասին, որ պետությունը անում է, չի կարող խոսել: Իսկ որ անում է՝ մենք համոզվել ենք դրանում: Պարզ է, որ կարող են նաև դժգոհություններ լինել, քանի որ ակնկալիքները կարող էին այլ լինել»: Ամեն դեպքում Սիրիայում անվտանգություն և կայանություն չկա, թեև մի քանի դպրոցներ վերաբացվել են:

Անդրադառնալով Իրանի դեմ ռազմական գործողությունների սկսման հավանականությանը՝ Կ. Մանոյանը նշեց, որ պատերազմը պետք չէ բացառել, հռետորիկան ավելացել է երկու կողմից, բայց դա չի նշանակում, որ կողմերը այդ քայլերին կգնան. «Նման քայլի հետևանքները այնքան անկանխատեսելի կարող են լինել, և կարծում եմ, բոլոր կողմերն էլ հասկանում են, որ նման քայլի կարելի է գնալ, եթե կանխատեսվեց՝ հետևանքները ինչ կարող են լինել:

Բայց հաշվի առնելով, թե Իրանի հակադարձությունը ինչ կարող է լինել՝ քիչ հավանական է»:

Բանախոսը նաև տեղեկացրեց, որ ՀՅԴ-ն օգնություն պետք է ուղարկի Սիրիա, սակայն ուղեբեռն ավելի շատ է հավաքվել, քան նախատեսվել էր և մեկ ինքնաթիռում չի տեղավորվում, փոխադրամիջոցի հարց պետք է լուծվի:

Հայաստանի և Ադրեջանի նախագահների առաջիկա հանդիպում Կիրո Մանոյանը չի սպասում

Հունգարիայի իշխանություններն անհանգստանում են իրենց վրա ճնշումներից այն քայլերի հետևանքով, որ նախաձեռնում է ՀՀ-ն տարբեր միջազգային կառույցներում, նաև ներքին ընդդիմադիրների դժգոհությունից, և փորձում են տարբերակ գտնել, որ հարցը շուտ փակեն.

այսպես մեկնաբանեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Հունգարիայի կառավարության հղած նոտան ՀՀ-ին:

«Ես չեմ հասկանում, թե մեր ԱԳՆ-ն, որն ասում է, թե Հունգարիայից կոնկրետ քայլերի է սպասում, ինչ է ակնկալում, բայց մենք կարծում ենք, որ այն վտանգը, որ իրենք բարձրացրին Արցախի խնդրում, պետք է նվազեցնեն. սա նշանակում է նաև Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում»,- ասաց Կ. Մանոյանը:

Հայաստանի և Ադրեջանի նախագահների առաջիկա հանդիպում Կ. Մանոյանը չի սպասում:

Ըստ նրա՝ երկու նախագահների հանդիպումից առաջ ԱԳ նախարարների լուրջ հանդիպումն է դեռ հարցականի տակ, քանի որ՝ ի՞նչ կարելի է խոսել պետության հետ, որը նման քայլերի է դիմում:

«Նախագահների մակարդակով հանդիպում պետք է բավական երկար սպասվի, եթե նման հանդիպում երբևէ կարող է տեղի ունենալ»,- նշեց Կ. Մանոյնաը:

Ներկայումս Ադրբեջանը ձգտում է բանակցային ձևաչափի փոփոխության, և այդ դեպքում, Կ. Մանոյանի կարծիքով, Ադրբեջանի կողմից ոչ միայն ձևաչափը, այլև ատյանը պետք է փոխվի, այսինքն՝ նկատի ունեն համանախագահողներից մեկին: Սակայն, բանախոսի կարծիքով, դա հեշտ չի կարող լինել, քանի որ ազդակ կլինի, որ նման ձևով կարելի է բանակցային գործընթացը հունից հանել:

«Քսան տարի զբաղվելով այս հարցով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հասկացել են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս: Ատյանը փոխել՝ նշանակում է մի քսան տարի ևս սպասել, մինչև այդ ատյանը հասկանա դա»,- նշեց Կ. Մանոյանը:

«Առաջին Լրատվական»

Տպել Տպել