Օգնել եղբայրներին


Սիրիան սարսափելի աղետի մեջ է: Երկիրը, որը մեր հազարամյա հարևանն է, քաղաքացիական պատերազմի բոցերի մեջ է և բաժան-բաժան է լինում: Բայց չէ՞ որ մենք՝ հայերս, Սիրիան բոլորից լավ ենք ճանաչում: Մեր կապերը հեռավոր անցյալից են սկիզբ առնում: Հիշո՞ւմ եք՝ «Սասունցի Դավիթ» էպոսում հիշատակվում է. «Մեզ համար հաց էին բերում Շամն ու Հալեպը»:

Շամ՝ արաբերեն այդպես են անվանում Սիրիան: Իսկ արաբներից առաջ այն անվանում էին Սուրի: Այդ հողը հիշում է Տիգրան Մեծի հայ զինվորներին և Կիլիկիայի արքա Լևոն Բ-ի ջոկատներին: Շամից էին սկսվում արաբական զավթիչների շատ արշավներ դեպի մեր երկիր: Շամում՝ արաբական քաղաքներում և անապատի քոչվոր ցեղերի վրաններում օթևան գտան ցեղասպանության տարիներին փրկված մեր հայրենակիցները: Այստեղ՝ Միջերկրական ծովի ափին, Քեսաբի շրջանում կարելի է գտնել նաև Կիլիկիայի հայերի վերջին գյուղերը: Այստեղ՝ Հալեպում ապրում են մեր այն ազգակիցների սերունդները, որոնք եվրոպական դաշնակիցներից լքված ու դավաճանված, զենքը ձեռքներին և վիշտը սրտում՝ վերջինն էին Զեյթունից, Այնթապից, Եդեսիայից նահանջում դեպի հարավ՝ Սիրիա…

Հայ-սիրիական կապերի մասին շատ է գրվել: Իմ դրվագային հիշատակումներն ամենևին չեն հավակնում այդ կապերի ամբողջական կամ նույնիսկ մասնակի լուսաբանմանը: Բայց մենք իրավունք չունենք մոռանալ, որ սիրիահայերի համայնքները տասնամյակներ շարունակ որպես կադրային դարբնոց են ծառայել սփյուռքի համար՝ աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդին մատակարարելով ուսուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, հասարակական, եկեղեցական և քաղաքական առաջնորդներ: Նրանք, ովքեր կռվել են հանուն Ղարաբաղի ազատության, երբեք չեն մոռանա Սիրիայից եկած համեստ, տոկուն, առնական և կարգապահ հայ կամավորականներին: Սիրիահայության դերը սփյուռքի ազգային ինքնության պահպանման հարցում անվիճելի է և հայրենիքում այն դեռ արդար գնահատականի կարժանանա:

Իսկ բուն սիրիացիների հետ մենք դարերով առևտուր ենք արել, բայց միմյանց չենք կողոպտել, կռվել ենք, բայց թշնամիներ չենք եղել, միասին պայքարել և տառապել ենք, երբ և Հայաստանին, և Սիրիային պարտադրվել էր թուրքական իշխանության անմարդկային լուծը:

Եվ ահա այսօր Սիրիան աղետի առաջ է: Ո՞վ է մեղավոր: Պատասխանն այնքան էլ ակնառու չէ, որքան թվում է: Ըստ երևույթին ապագայում պետք է վերստին անդրադառնանք այս հարցին՝ հասկանալու համար, թե ինչպես ստացվեց, որ կայուն հասարակությունն այսքան արագ ու հիմնիվեր խարխլվեց, հայտնվեց քաղաքացիական պատերազմի բոցերում. որպեսզի ամբողջովին հասկանալի դառնա տարածաշրջանի և առհասարակ ժամանակակից աշխարհի պատկերը: Աշխարհին տիրելու հավակնողները դեռ փորձում են կիրառել հին կարգախոսը՝ բաժանիր ու տիրիր, բայց նրանց հաջողվում է միայն առաջին մասը՝ բաժանելը, իսկ վարժ կառավարելը, այսինքն իրավունքներ սահմանելը, վաղուց մոռացված է: Իսկ մենք ժամանակն է, որպեսզի հասկանանք, թե հատկապես ինչպես է գործում սունիներին ու շիաներին, քրիստոնյաներին ու հրեաներին, մյուսներին միմյանց դեմ տրամադրելու, թունավորելու կործանարար մեխանիզմը, ո՞վ և ինչպե՞ս է դրանից օգտվում և ի վերջո՝ ինչո՞ւ է Արևմուտքի քաղաքական միտքը «գարուն» անվանում այն իրադարձությունների շղթան, որը ներառում է ոչ միայն ատելի բռնապետի բռնաբարությունն ու տանջամահությունը, այլև ԱՄՆ դեսպանի խոշտանգումն ու անարգանքը և նրա գազանային սպանությունը: Բայց հիմա մենք խոսում ենք այլ բանի մասին: Սիրիան վտանգի մեջ է, և մեր այն հայրենակիցները, ովքեր այդ երկիրն իրենց տունն են անվանում՝ նույնպես վտանգի մեջ են: Մեր պարտքն է օգնել՝ ինչով կարող ենք: Եվ առաջին հերթին դա հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի պարտքն է:

«Օգնիր եղբորդ» հասարակական նախաձեռնությունը կազմակերպել է միջոցների ու մարդասիրական օգնության ժողովում՝ Սիրիայի մեր հայրենակիցների անապահով ընտանիքների համար: Քաղաքացիներից և կազմակերպություններից արդեն հավաքվել են զգալի քանակության բեռ և դրամական միջոցներ, որոնք մոտակա օրերին կուղարկվեն Հալեպ: Հաջորդ շաբաթ կհրապարակվի օգնության թե մուտքերի, թե բաշխման ամբողջական հաշվետվությունը:

«Առեքսիմբանկում» բացված են հաշվեհամարներ՝ նվիրատվությունների համար.
դրամային հաշվեհամար՝ 23800 AMD 01157620300,
դոլարային հաշվեհամար՝ 23800 USD 01157620401:
Ձեր նվիրատվությունները կարող եք ուղարկել Վահան Հովհաննիսյանի անունով՝ «Օգնիր եղբորդ» մարդասիրական ծրագրի համար:
Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, ովքեր արձագանքել են և դեռ կարձագանքեն:

Քաղաքացիական նախաձեռնության անունից՝
Վահան Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ պատգամավոր

«Հայաստանի Զրուցակից»

Տպել Տպել