Արձակուրդից կվերադառնան օգոստոսի 20-ին

karyakԱմառային արձակուրդի մեկնած ոչ իշխանական խորհրդարանական քառյակի հետարձակուրդային առաջին հանդիպումը, ըստ նախնական պայմանավորվածության, նախատեսված է օգոստոսի 20-ին: Այս մասին մեզ հայտնեց քառյակի ներկայացուցիչներից մեկը:

Ըստ նույն աղբյուրի, թեեւ քառյակը թեժ աշուն էր խոստացել, այդուամենայնիվ, աշնանային սրացումներ իրականում չեն սպասվում: Համենայնդեպս, քառյակը չի պատրաստվում ո՛չ կառավարության եւ ո՛չ էլ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել: ԱԺ արտահերթ ընտրությունների պահանջ ներկայացնելը քառյակի կողմից նույնպես բացառվում է: Քառյակի գործողությունները հիմնականում ընթանալու են իշխանություններին ներկայացված 12 կետերի շուրջ, իսկ լուրջ հակասություններ ո՛չ վարչապետի եւ ո՛չ էլ Սերժ Սարգսյանի հետ խորհրդարանում ներկայացված ոչ իշխանականները չունեն: Նրանք չեն բացառում անգամ, որ Սերժ Սարգսյանի հետ համաձայնություն ձեռք բերվի նաեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե չանցկացնելու շուրջ:

Այս ամենը, սակայն, մասնավոր զրույցում միայն: Քառյակի աշնանային գործողությունների վերաբերյալ «ՀԺ»-ի թղթակցի հարցերին երեկ պատասխանել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

– Պարոն Մինասյան, քառյակը թեժ աշուն խոստացավ եւ մեկնեց ամառային արձակուրդի: Աշնանը կոնկրետ ի՞նչ քայլեր են իրականացվելու:

– Հայտարարվել է, որ աշնանը կլինի առաջադրված 12 կետերի ամփոփում, գնահատում եւ ամենայն հավանականությամբ, խոշոր հանրահավաք` նվիրված այդ կետերի ամփոփմանը եւ իրավիճակի հետագա ընթացքին, այդ թվում նաեւ գործողությունների ծրագիր կներկայացվի: Մանրամասնություններ, բնականաբար, այս պահին չեմ կարող ասել, նախ, որովհետեւ մանրամասնություններ չենք քննարկել եւ երկրորդ, դեռ ժամանակ կա:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ քառյակը կառավարության հրաժարականը պահանջի:

– Կարծում եմ, ամեն բան էլ հնարավոր է, ոչ միայն կառավարության, շատ այլ խնդիրներ էլ կարող են օրակարգային դառնալ, որովհետեւ թե՛ երկրում ձեւավորված սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, թե՛ հասարակության անդամների եւ քաղաքացիների հատվող համբերությունը հնարավորություն չեն տալիս ավելի երկար ժամանակահատվածի համար մտածել: Իսկ դա նշանակում է, որ հնարավոր են շատ ավելի սուր հարցադրումներ եւ զարգացումներ:

– ԲՀԿ-ն կհամաձայնի՞ միանալ կառավարության հրաժարականի պահանջին:

– Քառյակում ցանկացած հարց քննարկվում է կոնսենսուսի սկզբունքով: Եթե մի հարցի հետ թեկուզ մեկը համաձայն չէ, այն չի կարող քառյակի կողմից հայտարարություն դառնալ, ամեն ուժ ինքնուրույն է իր գործողությունները իրականացնում, բայց դատելով 12 կետերի քննարկման եւ հրապարակման ու դրանց հիման վրա նաեւ վերջնաժամկետ սահմանելու մոտեցումից՝ կարծում եմ, արդեն բոլոր ուժերն էլ համաձայնել են այդ մոտեցումների հետ: Այլ բան, թե մինչեւ աշնան վերջ յուրաքանչյուր կետի կատարման ուղղությամբ ինչ կոնկրետ գնահատական կտրվի յուրաքանչյուր ուժի կողմից, ըստ այդմ էլ՝ նաեւ սրության աստիճանը կորոշվի: Բայց որ միասնական են լինելու, կարծում եմ, այս պահին երկրորդ կարծիք չկա:

– Սերժ Սարգսյանի հրաժարականը կպահանջի՞ քառյակը:

– Քանի որ այդ հարցը չի քննարկվել, դժվարանում եմ պատասխանել:

– Բայց հնարավոր համարո՞ւմ եք:

– Իմ կարծիքով, ոչ:

– Քառյակի մաս կազմող ՀԱԿ-ի մոտ մի ժամանակ օրակարգային էր արտահերթ ընտրությունների հարցը: Կպահանջի՞ քառյակը ԱԺ արտահերթ ընտրություններ, թե՞ դա բացառվում է:

– Նախ, ես կարծում եմ, որ քանի դեռ ընտրական համակարգը չի փոփոխվել, ցանկացած նոր արտահերթ ընտրություններ նույն վիճակն են ստեղծելու երկրում: Դրա համար սկզբունքային խնդիր կա` սահմանադրական փոփոխությունների եւ դրանով պայմանավորված՝ նաեւ ընտրական համակարգի փոփոխության հետ կապված: Եթե մենք չենք փոխում այս ամենը, ցանկացած արտահերթ նոր ընտրություններ տալու են նույն արդյունքը, որովհետեւ ոչ մի դերակատար չի փոխվել թե՛ ընտրական համակարգում, թե՛ ընտրությունների ազդեցության վրա մեխանիզմների առումով: Անգամ նույնիսկ եթե հիմա որեւէ կախարդական փայտիկով որոշվեր, որ արտահերթ ընտրություններ են լինելու, մենք ունենալու ենք նույն արդյունքը:

– Մի խոսքով, քառյակի աշնան գործողությունները, ըստ էության, կախված են 12 կետերի կատարումից:

– Ես կարծում եմ, 12 կետերից եւ նաեւ դրանց զուգահեռաբար իրականացվող այլ գործողություններից, այդ թվում նաեւ, օրինակ, կուտակային կենսաթոշակների մասին օրենքի սահմանադրական բողոքարկումից եւ շատ այլ հարցերից, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը դեմ արտահայտվող մեխանիզմների զարգացումից ու կատարելագործումից: Միայն 12 կետով չպետք է սահմանափակվել: Դրանք այն նվազագույն կետերն էին, որոնք, որպես հրատապ լուծման քայլեր, առաջարկվեցին քառյակի կողմից եւ որոնք կարող էին երկրում ստեղծել միասնականության մթնոլորտ, այդ թվում նաեւ, ինչու չէ, իշխանությանը հրավիրելու քննարկումների, փոխընկալումների դաշտ, որպեսզի երկիրը այս վիճակից դուրս բերվի: Բայց եթե իշխանությունը չգնա այդ քայլին, քառյակը գոնե նվազագույն համախմբվածությունը ապահովել է 12 կետերով: Սա նշանակում է, որ այդ 12 կետերի ընթացքը եւ զարգացումների հետագա շարունակականությունը հիմք տալիս են պնդելու, որ քառյակը եւ նաեւ պառլամենտից դուրս այլ ուժեր կարողանան օրակարգային հարցերի շուրջ միավորվել:

– Ու այդ 12 կետերից եւ հարակից հարցերի՞ց է կախված՝ աշունը թեժ կլինի, թե` ոչ:

– Աշունը բոլոր դեպքերում, կարծում եմ, թեժ է լինելու, որովհետեւ, նախ, մենք ականատեսն ենք բուռն բանակցային գործընթացների թե՛ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, թե ղարաբաղյան հակամարտության սրացման եւ այլ հարցերով, եւ կարծում եմ, որ իշխանությունը դեռ բավական լուրջ հիմնավորումներ, բացատրություններ եւ տեղեկատվություն պետք է ներկայացնի: Իսկ դրանք բոլորը, բնականաբար, որոշվելու են թեժ ընթացքներով:

Լուսինե Բարսեղյան

armtimes.am

Տպել Տպել