Հայրենիքն ու իշխանությունը միմյանցից զանազանելու իմաստնությունը

g_imageTert. am-ի հետ զրույցում «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանն, անդրադառնալով սահմանին ծայրահեղ լարվածության վերջին օրերին, նշեց, որ հայ մարդու և քաղաքական ուժերի մեջ այսօր հաղթել է պետական, ազգային մտածողությունը : «Մենք հո Գանայի հավաքակա՞նը չենք, որ գնանք աշխարհի առաջնություն (ծիծաղում է ) և ասենք՝ մեր հոնորարը տվեք, խաղանք: Չէ´, հայրենիքի հետ չե´ն խաղում, հայրենիքի համար զոհվու´մ են, հայրենիքը պահու´մ են: Խորհրդարանական բոլոր ուժերի համատեղ հայտարարությունը շատ բնական է՝ կենսական շեշտադրումներով։ Ես նույնիսկ ակնկալում եմ, որ արտաքին վտանգի այս պահին մեր երկու նախկին նախագահները՝ և´ Լևոն Տեր-Պետրոսյանը, և´ Ռոբերտ Քոչարյանը հանդես գան համապատասխան հայտարարությամբ»,-ասաց Լիլիթ Գալստյանը:

Նա նշեց, որ արտաքին վտանգի, սպառնալիքի դեմ մենք իրավունք չունենք ներքին բաժանարարներ ունենալ, իսկ «ոչ՝ պատերազմ, ոչ՝ խաղաղություն» իրավիճակում ապրող երկրի իշխանությունը պարտավոր է այնքան ողջամտություն ունենալ, որ հասարակությունը չպառակտի սոցիալական անարդարության, «ընտրյալների» անպատժելիության ու ցինիկության մթնոլորտում։ Հավասար իրավունքներով հասարակությունն է առավել պաշտպանված արտաքին մարտահրավերներից:

-Շատերը հաճելիորեն զարմացած են առկա իրավիճակում բարոյահոգեբանական այս մթնոլորտում գտնվող մեր հասարակության կողմից ի ցույց դրված կամային հատկանիշներից, մեր ազատամարտիկների՝ 1-ին գիծ մեկնելու պատրաստակամությունից՝ չնայած այն վիճակին, որ իրենց իշխանությունների կողմից անտեսված են զգում, աղքատ ու հուսահատված: Այսինքն՝ սրանք երևույթներ էին, որ բացահայտվեցին ու ոգևորեցին: Սա Ձեզ համար անակնկա՞լ էր:

-Ո´չ, բացարձակապես զարմացած չեմ, որովհետև հայրենիքն ամեն ինչից վեր է, և, փա´ռք Աստծո, Հայաստանում այդպես են մտածում: Չէր կարող հակառակը լինել… այսինքն՝ ինչպե՞ս կարող ենք մտածել, որ մեր սահմանը Երևանն է կամ Հայաստանի 29 000 քառակուսի կիլոմետր տարածքը: Չէ´, մեր սահմանը՝ մեր տունը, մեր զարկերակը սկսում է այնտեղ, որտեղ հայ զինվորն է կանգնած: Մենք՝ հայերս, նախանձելի կոդ ունենք՝ հողի պաշտամունք, հողի սպառնալիքի ժամանակ զարմանալիորեն միաբանվում ենք: Ես երկրի նկատմամբ այդ նույն զգացողությունն եմ ունեցել 1988-ին, Ազատության հրապարակում այդ նույն թթվածինն էր: Նաև մի տեսակ հանգստություն իջավ հոգուս, տագնապներս փարատվեցին: Չէ´, այլ կերպ չէր կարող լինել: Ռուբեն Հովսեփյանն էր շատ լավ մի տող գրել, և շատ լավ է, որ մենք ունենք հայրենիքն ու իշխանութունը զատելու իմաստնությունը: Եվ նույնիսկ սոցիալական ցանցերի պես անպատասխանատու միջավայրում մի ներքին զգոնությամբ բոլորը զուսպ են: Միգուցե մեր գոյատևման կոդերից մեկն էլ սա է։

-Այո´ , Ռուբեն Հովսեփյանը գրեց, որ մենք տեսանք, թե ինչպես Հայաստանի Հանրապետությունը դարձավ Հայրենիք: Իսկ քաղաքական ուժերի պահվածքն ինչպե՞ս կգնահատեք: Նկատի չունեմ միայն ԱԺ բոլոր 6 խմբակցությունների հայտարությունը, որը, ի դեպ, աննախադեպ էր:

– Այլ կերպ չի կարող լինել, հայրենիքը մեկն է: Մենք հո Գանայի հավաքակա՞նը չենք, որ գնանք աշխարհի առաջնություն և ասենք՝ մեր հոնորարը տվեք, խաղանք(ծիծաղում է ): Չէ´, հայրենիքի հետ չեն խաղում, հայրենիքի համար զոհվու´մ են, հայրենիքը պահու´մ են: Խորհրդարանական բոլոր ուժերի համատեղ հայտարարությունը շատ բնական է՝ կենսական շեշտադրումներով։ Ես նույնիսկ ակնկալում եմ, որ արտաքին վտանգի պահին մեր երկու նախագահները՝ և´ Լևոն Տեր-Պետրոսյանը, և´ Ռոբերտ Քոչարյանը հանդես կգան համապատասխան հայտարարությամբ։

Երբ ուկրաինական դեպքերը նոր-նոր էին սկսվել, և Մայդանն անկառավարելի էր դառնում, ակնածանքի մի պահ ապրեցի, երբ այդ երկրի երեք նախագահները նստել էին մի սեղանի շուրջ՝ քննարկելու երկրին սպասվող վտանգները:

Այս պահին Հայաստա՛նի, մեզանից յուրաքանչյուրի´ ճակատագիրն է սահմանին որոշվում : Եվ նաև խոցելի է այն զգացողությունը, որ գուցե ոմանք ունեցել են, թե պատերազմն ավարտվել էր: Չէ´, պատերազմը չէր ավարտվել, պատերազմը շարունակվում է:

Բայց այս ամենը մի երես էլ ունի՝ բոլոր ճգնաժամային իրավիճակները լրացուցիչ ուղիների և ելքերի բանալիներ որոնելու շատ դրական էներգիա կարող են ունենալ: Շատ կուզենայի, որ այս համախմբումը, ոգին, որ մենք ունենք հայրենիքի, հողի, զինվորի նկատմամբ, ունենանք նաև ներքին կյանքում։ Արտաքին ճակատում, թե սահմանի վրա՝ մեր զենքն ավելի զորավոր է, երբ ներսում միասին ենք:

Ես խորապես համոզված եմ և, իսկապես, այլընտրանք չեմ տեսնում, հարգում եմ միջազգային կառույցների տեսակետները կամ դերակատարությունը , բայց մեր բոլոր խնդիրների լուծման բանալին կայացող , զարգացող , արժանապատիվ, ժողովրդավարական Հայաստանն է: Ես ուզում եմ լավատես լինել, որ այն խոհեմությունն ու միասնականությունը, որ ունենք արտաքին սպառնալիքի նկատմամբ, կարող ենք գործադրել նաև երկրի իմունիտետը զորացնելու համար։

-Իսկ ներքին կյանքում իշխանության և ընդդիմության պայմանական ասած՝ ճիշտ պահվածքը ինչպիսի՞ն պետք է լինի: Օրինակ ՝ մենք կենցաղից դեպքեր գիտենք, երբ մարդիկ իրար հետ կռվելուց ու հաշտվելուց հետո իրար նկատմամբ ավելի նրբանկատ են լինում , բայց հետո նորից իշխում են սովորական տրամադրությունները:

– Ներքին կյանքում քաղաքական ճիշտ պահվածքի անկյունաքարը, մոտիվացիան Հայաստան պետության շահն է: Մեզ պիտի միավորի «հանուն Հայաստանին»- ը: Գաղափարախոսական տարաձայնություններն ու զանազանությունները դեռ հանուն Հայաստանի և Հայաստանի ազգային շահերի միավորվելու ունակություն չունենալու հիմք չեն: « Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակը, որն այս օրերին ավելի շատ «պատերազմ» կարգավիճակին է մոտ, դրդում է բոլոր գերակայությունների սանդղակում առաջնահերթություններ վերասահմանել: Հայ մարդու և քաղաքական ուժերի մեջ այսօր հաղթել է պետական, ազգային մտածողությունը։ Կա այլ մոտեցում, քան պաշտպանել հայրենիքը, կանգնել սահմանին: Պարզ ճշմարտություն եմ, չէ՞, ասում:

Արտաքին վտանգի, սպառնալիքի դեմ մենք իրավունք չունենք ներքին բաժանարարներ ունենալ։

Հայաստանից՝ որպես Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորող երկրի, լրացուցիչ քաղաքական իմաստնություն է պահանջվում, « ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» իրավիճակում ապրող երկրի իշխանությունը պարտավոր է այնքան ողջամտություն ունենալ, որ հասարակությունը չպառակտի սոցիալական անարդարության, որոշ «ընտրյալների» անպատժելիության ու ցինիզմի մթնոլորտում։ Հավասար իրավունքներով հասարակությունն է առավել պաշտպանված արտաքին մարտահրավերներից։

Սոսկ մեր ոգուն, ոգեղենականությանն ու հայրենասիրությանը ապավինելն արդարացված չէ, քաղաքական կլիման պետք է սնել տնտեսական, սոցիալական, մարդկային ձեռբերումներով…

-Այ՝ հիմա աշունը գալու է, մարդիկ նորից թանկացած էլեկտրաէներգիայի վարձ են մուծելու, ու ակնհայտ է, որ էլ ավելի ծանր է լինելու:

-Սա քաղաքական խոհեմության հարց է…

-Որը առաջին հերթին՝ ակնկալում եք իշխանություններից, որքան հասկանում եմ:

– Սա առաջին հերթին՝ վերաբերում է քաղաքական մեծամասնությանը, խորհրդարանում «մեկ կոճակի» տիրապետող մեծամասնությանը, որը ներքին կյանքում շարունակում է խուլ մեծամասնություն լինել։ Եվ, բնականաբար, ներքին կյանքի քաղաքական ձախողումների հիմնական պատասխանատվությունը իշխանությանն է: Եվ ինչու չէ՝ արտաքին քաղաքականության մեջ մեր բազմաթիվ ձախողումները՝ նույնպես։

Տեսե´ք, երբ սահմանին դավադիր թուրքի գնդակից 18 ամյա զինվոր է զոհվում, մեր ընտիր տղերքը սեփական կյանքով հող են պահում, օլիգարխներից մեկի լակոտը հերթական ցինիկության մեջ է։ Այդ կոնտրաստներն անընդունելի են:

-Այդ օլիգարխը ասաց՝ լակոտի մեքենան վերացված է, այսինքն՝ այս ցինիկության «գործիքը»:

-Ի˜նչ մեծ պատիժ… պետք է վերացնել այդ արժեքային համակարգը, որը ծնում է այս անպատժելիությունն ու ցինիկությունը: Կրկնում եմ՝ քաղաքական իմաստնությունն ու խոհեմությունը հավասար իրավունքներով հասարակություն կերտելու մեջ է: Հայաստանից մեկնողների, փախչողների մեծ մասը մեկնում է ո´չ այնքան հացի համար, որքան ստորացված արժանապատվության ու անպաշտպանվածության:

Չավարտված պատերազմի երկրում ժողովրդի բարոյահոգեբանական նկարագիրը կարևոր է։ Այսօր Հայաստանի ռազմավարական ռեսուրսը ո´չ միայն զինվորն է, բանակն իր ՝ մարտունակ, ժամանակակից զինատեսակներով, տնտեսությունն ու քաղաքական ինստիտուտների կայացման մակարդակը, այլ նաև՝ երկրի բարոյահոգեբանական մթնոլորտը։

Բայց ինչ լավ է, որ այս երկու-երեք օրը վկայեցին, որ հայի ուժն իր ոգու մեջ է, «Ամեն բանէն վեր՝ ՀԱՅՐԵՆԻՔ», ինչպես կասեր Աղբալյանը։

tert.am

Տպել Տպել