Աղթամար կղզու կռիվը (1904 օգոստոս 21)

Fotor08211133451904 թվականի Կուրավու գյուղի կռվից հետո հայդուկների ռազմամթերքը սպառվում էր եւ նրանք խուսափելով նոր բախումներից, շտապում էին օր առաջ հասնել Ախթամար: Բայց նախախնամությունը նրանց համար նոր կռիվ էր նախատեսել: Օգոստոսի 11-ին հայդուկները հասնում են Շամիրամ գյուղ եւ երկու օր կանգ առնում գյուղի կողքին գտնվող բլուրների վրա:

Այդ մասին լուր է հասնում է Ալա բեյին, ով 400 զինվորով գալիս է Շամիրամ՝ հայդուկների դեմ:
Նա անմիջապես շարժվում է դեպի գյուղի բարձրունքները՝ դիրքեր գրավելու եւ Նեմրութ տանող ճանապարհը փակելու համար: Իրենց զորքերով Շամիրամ են գալիս նաեւ արյունարբու Ֆերիդ փաշան եւ Սայիդ բեյը: Գյուղ ժամանած Ալա բեյը իր հետ բերել էր 400 հեծյալ՝ քրդերից ու չերքեզներից կազմված մարդաշատ խուժան եւ թուրքական կանոնավոր բանակ: Թշնամու ընդանուր թիվը 3000-ից փոքր ինչ ավելին էր:

Հայդուկների մի մասը դիրքեր է զբաղեցնում գյուղի եկեղեցու տանիքին, Գեւորգ Չաուշը 10 հայդուկներով՝ բլուրների վրա գտնվող հին բերդի ավերակներում, Անդրանիկն ու մյուսները՝ գյուղի վերին ծայրամասի բլուրներին: Սմբատն իր խմբով հանձնարարություն էր ստացել պաշտպանելու գյուղի աղբյուրը, որպեսզի թշնամին ծարավ մնալով, հարկադրված հեռանա: Սկսվում է կատաղի ճակատամարտ: Պատմում է Սմբատը. « Թուրքերը ջանում էին օգտվելով հողի անհարթությունից, սողալով կամ արագ ոստյուններով մոտենալ աղբյուրին, բայց շնորհիվ մեր անթերի նշանառության, նրանց գամել էինք իրենց տեղերում: Նրանցից ոչ ոք չէր համարձակվում մի քայլ առաջանալ: Գլուխը վեր բարձրացնողը տապալվում էր առհավետ: Այս մահվան խաղը տեւեց ավելի քան 2 ժամ»:

Գեւորգը տեսնելով, որ Սմբատի վիճակը ծանր է, յոթ հոգով շարժվում է դեպի աղբյուր եւ հարձակվում թշնամու վրա, որը չկարողանալով դիմադրել, ետ է քաշվում: Կռիվը սաստիկ բնույթ է ստանում նաեւ մյուս դիրքերում:

Շամիրամի կռիվը տեւում է 14 ժամ: Թշնամու ամենաուժեղ թեւերի վրա հարձակումը կատարում է Գեւորգը՝ ամեն անգամ հաջողությամբ: Բիթլիսից թուրքերը նոր ուժեր են բերում, բայց մութն արդեն ընկնում է: Գեւորգը մի ռումբ է պայթեցնում, ինչը հայդուկների համար հավաքվելու պայմանանշան էր: Շամիրամում թուրքերը կորցնում են 70-ից ավելի, իսկ հայերը՝ 1 մարդու:
Օգտվելով այն բանից, որ թշնամին խուսափում էր լուրջ գործողություններից, հայդուկները գիշերը դատարկում են գյուղը եւ շարժվում Դատվանի ուղղությամբ: Սմբատը հուժկու հարվածով ճեղքում է Մուշեղաշենը շրջապատող թուրքական շղթան եւ ճամփա բացում դեպի Դատվան: Մոտենալով գյուղին՝ այն դատարկ են գտնում: Առաջ են շարժվում դեպի Վանա ծով եւ ինչ…

Դատվանցիները, մեծ ու փոքր, տեղավորված էին նավակների մեջ: Ամիսներ շարունակ նրանք այդպես էին ապրել:

Հենց թշնամին մոտեցել էր, նրանք նավակներով գնացել էին լճի խորքերը եւ վերադարձել, երբ վտանգն անցել էր: Հայդուկները տեղավորվում են նրանց նավակներում եւ շարժվում դեպի Աղթամար:

Հոգնած ու քաղցած հայդուկները ափ են դուրս գալիս Աղթամարում, սակայն թշնամին դա նկատել էր, մի քանի հարյուր զինվորով ծովից ու ցամաքից պաշարում են կղզին: Ցամաքից թնդանոթները ռմբակոծում էին հայդուկներին (նրանք կղզու վրա 45 ռումբ են գցում): Զինվորները նավակներով մոտենում են կղզուն, բայց ամեն անգամ հայդուկները նրանց ետ են քշում: Թշնամու հիմնական նշանակետերը նավակներ էին, որպեսզի հայդուկները չկարողանան կղզուց հեռանալ: Սակայն հայերը նավակները քաշել էին ծովախորշի խորքը եւ ծածկել թաղիքով: Թշնամուն այդպես էլ չի հաջողվում դրանք հայտնաբերել: Փամփուշտները խնայողաբար օգտագործելու համար Անդրանիկը ճշգրտորեն որոշում էր թշնամու գտնված վայրի հեռավորությունը եւ թույլ էր տալիս կրակել միայն այն դեպքում, երբ պարզվում էր, ու թուրքերը 1000 մետրից մոտ տարածության վրա են գտնվում:

Այդ իրադարձություններին անդրադառնում է նաեւ «Բրեստ ցայտունգ» թերթը. «Այժմ միայն ստացված են հյուպատոսական տեղեկագրեր այն մոլեգին հարձակման մասին, որ արել է հայ հեղափոխականների կատաղի առաջնորդ Անդրանիկը Վանա լճի Աղթամար փոքրիկ կղզու վրա: Նա իր մարտիկներով տեղափոխվել է վերոհիշյալ կղզի եւ դիրքեր բռնել; Այդ լուրը առնելով տաճկական մի զորեղ ջոկատ՝ Անդրանիկին դուրս քաշելու համար եկել, շրջապատել է կղզին:
Մոտ 30 թնդանոթներով նրանք ռմբակոծում են հայ հեղափոխականներին, սակայն ապարդյուն, նրանք դիրքերը չեն զիջում»:

Կռիվը տեւում է մինչեւ ուշ երեկո, բայց թշնամուն այդպես էլ չի հաջողվում կղզի մտնել:
Հայդուկների հետ հանդիպելու համար Վանից գալիս են դաշնակցական գործիչներ՝ Իշխանն ու Վահան Փափազյանը: Աղթամարի տաճարի մոտ նրանք ժողովի են հավաքվում: Վանի գործիչները ամենեւին էլ ուրախ չէին, որ հայդուկային այդ ստվար խումբը Վասպուրական էր եկել: Սա կարող էր հայության դեմ թուրքական նոր գրգռություններ առաջ բերել: Տաք վիճաբանություններ են տեղի ունենում, գործիչները հեռանում են կղզուց:

Գեւորգ Չաուշը հենց սկզբից դեմ է լինում Վասպուրական տեղափոխվելուն, եւ ժողովում որոշվում է, որ Գեւորգը մի քանի հայդուկների հետ պետք է հետ գնա դեպի Սասուն: «Չ՞է որ դուրանն է իմ երկիրը, այնտեղ եմ ծնվել, այնտեղ պիտի մեռնեմ. ասաց Գեորգը, եւ ապա գլուխը կախելով ժպտաց մեղավոր ժպիտով, կարծես թողություն էր խնդրում իր ընկերներից դեպի մահ գնալու իր որոշման համար: Նրան միացան եւս 14 հայդուկ: Մի քանի ժամ հետո Գեւորգը իր ուղեկից ընկերների հետ նավակ նստեց: Նրանք ճանապարհ բռնեցին դեպի Նեմրութ»:

Թուրքական զորամասերը շրջապատել էին տարածաշրջանը, նպատակ ունենալով թույլ չտալ հայդուկներին հեռանալ կղզուց: Բարեբախտաբար, մառախլապատ եղանակ էր: Սկսվում է ուժեղ փոթորիկ: Նավակն իր ուղղությունը կորցնում է եւ շարժվում դեպի Ախլաթ: Գիշերը վրա էր հասել, երբ վերջապես երկար չարչարանքից հետո հաջողվում է նավակը մոտեցնել Կծվակի ժայռոտ ափին: Բարձրանում են, եւ հանկարծ հենց դիմացից՝ մոտ 30 մետր հեռավորությունից, ուժեղ հրաձգություն է սկսվում: Պարեկություն անող թուրքական զորքերն էին, որ շարժման ձայն առնելով կրակ էին բացել: Հայդուկները չեն ընկճվում, հուժկու կրակով ցրում են հակառակորդին, ճանապարհ բացելով դեպի Նեմրութ: Հրաձգության վայրում մնում է միայն Ասատուրը, ով ծանր վիավորվել էր, եւ որպեսզի թշնամու ձեռքը չընկնի, բարձր ժայռից իրեն նետում է լճի փոթորկահույզ ալիքների մեջ ու խեղդվում: Գեւորգը ընկերների հետ հասնում է Սասուն, եւ համոզվում եւս մեկ անգամ, որ Սասունից հեռանալը սխալ էր, քանզի քրդերի հրոսակախմբերը իմանալով հայդուկների հեռանալու փաստը սկսել էին թալան ու ավեր իրագործել:

Իսկ Անդրանիկն ու մյուս հայդուկները Աղթամարում են մնում եւս մի քանի օր: Այստեղ ծավալվում են դաժան մարտեր խիզախների փոքրիկ ջոկատի եւ թուրքական վիթխարի բանակի միջեւ: Երբ ուտելու պաշարը վերջանում է, խումբը կղզում թողնելով երկու դրոշակ, հեռանում է: Կանգուն մնացած դրոշակները երկու օր խաբում են թշնամուն, ովքեր ամենայն եռանդով շարունակում էին ռմբակոծել կղզին, կարծելով, թե հայդուկները այնտեղ են: Խումբը շարժվում է Վան, իսկ որոշ ժամանակ անց, Պարսկաստանի վրայով Արեւելյան Հայասատան:

Տպել Տպել