Իշխանությունը պետք է զգա ընդդիմության շունչն իր թկունքում

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերի ն պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը

արծվիկ-Պարոն Մինասյան, ըստ Ձեզ, ընդդիմությունը կկարողանա՞ նույն եռանդով քննադատել իշխանությունների վարած քաղաքականությունն այն դեպքում, երբ վերջին ժամանակահատվածում իշխանության հետ հանդես է գալիս համատեղ հայտարարություններով:

-Նախ` ես կարծում եմ, որ արտաքին վտանգի դեպքում իշխանություն-ընդդիմություն հասկացությունները երկրորդ պլան են մղվում, որովհետեւ հարցն արտաքին ագրեսիայի դեմ պայքարելն է, այդ տեսակետից ոչ միայն ողջունելի է, այլ նաեւ ուսանելի: Ու եթե այդ ամենից ծնվի նաեւ մի օրենք` կապված սահմանապահ գյուղերի հետ, որով կամրացվի այդ բնակավայրերի թե՛ պաշտպանական, թե՛ սոցիալ-տնտեսական վիճակը, ապա դա մեծ արդյունք է: Երկրորդ կարեւոր հանգամանքը չպետք է մոռանանք, որ մենք բոլորս` լինենք իշխանություն, թե ընդդիմություն, ուզում ենք երկրի դիմադրողականության բարձրացում: Եթե անհրաժեշտ է, որպեսզի ներքին դիմադրողականության սահմաններում ընդդիմությունն ավելի թեժ գործողությունների գնա, ապա պետք է գնա, որովհետեւ գլխավոր խնդիրն, ինչպես արդեն արձանագրել ենք, փոփոխություններն են երկրի ներքին կյանքում: Բացարձակապես ձեր նշած տեսակետը չեմ կիսում, սա ցույց տվեց, որ բոլորի միակ նպատակը երկրի անվտանգության հարցն է: Եթե իշխանությունը քայլ է արել այդ անվտնագությունը մեծացնելու ուղղությամբ, ապա գովելի է նման իշխանությունը: Իհարկե, իշխանությունը պետք է միշտ զգա ընդդիմության շունչը իր թիկունքում, որպեսզի ինքն էլ փոփոխությունների գնա: Ընդդիմությունը հանդարտության է մատնում նաեւ իշխանությանը, իսկ հանդարտ իշխանությունը երկրի զարգացման տեսանկյունից կարող է նաեւ վտանգավոր լինել, դրա համար, որտեղ որ անհրաժեշտ է լինել միասնական` պետք է լինենք, այնտեղ, որտեղ պետք է ներքին դիմադրողականություն` ուրեմն պետք է այդպես անել:

-Բայց իշխանությունը երբեւէ չի ցանկացել որեւէ հարցում զիջումների գնալ, եթե այդ հարցը բարձրացրել են ընդդիմության ներկայացուցիչները, այսինքն` ըստ Ձեզ իշխանությունները «փոխվե՞լ» են:

-Եթե ինչ-որ մի բան չի ստացվել,ապա դա դեռ չի նշանակում, որ պետք է թեւաթափ լինել ու որեւէ գործողություն չանել, պետք է մտքում ունենալ, որ ցանկացած լավ արդյունք կարելի է ստանալ համագործակցության ձեւաչափով եւ ոչ թե առճակատմամբ: Առճակատումը կարող է բերել այնպիսի փոփոխությունների, որոնք կհանգեցնեն ավելի մեծ վտանգների: Դրա համար էլ չպետք է երբեք մերժել երկխոսության հնարավորությունը` հանուն իրական փոփոխությունների եւ ոչ թե ձեւական մոտեցումների:

armlur.am

Տպել Տպել