ՄԻԵԴ-ի առջեւ թուրքերի ցույցն ակնհայտորեն հակառակ արդյունքն ունեցավ

PhapazyanՍտարսբուրգում, այսօր՝ հունվարի 28-ին, Մարդու իրավունքների դատարանի գերագույն պալատում «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով քննության ժամանակ հայերն ու թուրքերը զուգահեռաբար ակցիաներ են կազմակերպել դատարանի շենքի դիմաց:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը, ով եղել է դատարանի շենքում:

Նրա խոսքով՝ մոտ 500-600 թուրքեր դեռ առավոտյան ժամը 08.00-ին ՄԻԵԴ-ի շենքի մոտ էին: «Նրանք հիմնականում թուրք ազգայնականներ էին, քեմալականներ, Փերինչեքին աջակցողներ, որոնք եկել էին ավտոբուսներով, սակայն իրականում նրանց ցույցը որեւէ արժեք չուներ, որովհետեւ նախ ներսից լսելի չէր նրանց գոռոցները, դատախազները չտեսան էլ, որ ցույց է ընթանում, իսկ այդ ցույցին ականատես լրագրողների համար էլ այն շատ վատ տպավորություն ու ազդեցություն ունեցավ, քանի որ նրանք ցույց տվեցին իրենց ազգայնականությունը: Թուրքերի ձեռքին միայն Թուրքիայի դրոշներ էին, քեմալական խորհրդանիշներ: Նրանց ձեռքին չկային Ֆրանսիայի դրոշներ, չունեին անգլերենով գրված պաստառներ եւ միայն վայրենի ձեւով բղավում էին ու շատ ագրեսիվ էին պահում իրենց»,-ասաց Փափազյանը՝ հավելելով, որ ակնհայտ էր, որ նրանք անգամ Ֆրանսիայի թուրքեր չեն, այլ Թուրքիայից եկած, եւ, ըստ էության ցույց տվեցին իրենց թուրքական բնույթը:

«Ես համոզված եմ, որ այն դատախազները, լրագրողները եւ անցորդները, որոնք տեսան այդ ցույցը, դա հակառակ արդյունքն է բերելու, քանի որ բոլորի մոտ բացասական կարիք ձեւավորվեց Շատ լրագրողներ կային, որոնք անկասկած բացասական ֆոնի ներքո են ներկայացնելու այդ ակցիան: Այս քայլը չի օգնել թուրքերին»,-նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների խորհրդի համանախագահը:

Ինչ վերաբերում է հայերի անցկացրած ակցիային, Փափազյանը նշեց, որ դրանք հենց Ստրասբուրգի հայերն են եղել՝ մոտ 50-60 երիտասարդներ, որոնք ի տարբերություն թուրքերի, եկել էին անգլերեն գրված պահանջ-պաստառներով, Ֆրանսիայի դրոշներով եւ ակնհայտորեն շատ ավելի եվրոպական դիմագիծ ուներ ցույցը:

Հարցին, թե ինչ ակնկալիքներ ունեք ՄԻԵԴ-ում քննվող այս գործի ընթացքից, Փափազյանը պատազխանեց. «Մենք շատ դրական ակնկալիքներ ունենք եւ համոզված ենք, որ դատարանը չի կարող Փերինչեքի օգտին որոշում կայացնել: Երկու ժամ տեւեց դատավարությունը, բայց մինչ այդ հունվարին կողմերը ներկայացրել են իրենց գրավոր եզրակացությունները, եւ դատախազները այս փաստաթղթերը ուսումնասիրել են: Մի կողմից թուրքական կառավարությունն ու Փերինչեքն է, մյուս կողմից Շվեյցարիայի կառավարությունը, Հայաստանը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում Թուրքիայից ու Հայաստանից: Մեր կողմը հարուստ է նյութերով, պատրաստված է, իրավական առումով հագեցած: Այս պայմաններում անհնար է, որ Փերինչեքը հաղթի: Թուրքական կողմի դիրքերը թույլ են, իսկ մերն անհամեմատ ուժեղ»:

news.am

Տպել Տպել