Ես պատրաստ չեմ, որպես քաղաքացի, ամեն անգամ նման փաստի առաջ կանգնել

Աղվան Վարդանյանը` էլեկտրաէներգիայի թանկացման մասին

FotorCreatedԱյսօր ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդրին: «Այսպես չի կարող անվերջ շարունակվել. կառավարության խնդիրն է մասնավոր ընկերությանը առաջարկել այնպիսի ծրագիր, որը հստակ երաշխիքներ կտա այդ համակարգի ապագայի վերաբերյալ»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` կառավարությունը պետք է նախաձեռնի ամբողջական հետազոտություն համակարգի ընդհանուր վիճակի, համակարգում կուտակված պարտքերի, աղբյուրների վերաբերյալ, ինչպես են ծախսվել վարկերը, և եթե կան մեղավորներ, ապա նաև հետևություններ արվեն:

Ըստ Վարդանյանի` ամենակարևորը ապագայի հարցն է, և կառավարությունը պետք է ներկայացնի համակարգի առողջացման ծրագիր, որը հնարավորություն կտա և’ մեր տնտեսվարողներին, և’ քաղաքացիներին հստակ պատկերացում ունենալ առաջիկա տարիների վերաբերյալ: «Այնպիսի ծրագիր առաջարկեն, որը երաշխիքներ կտա, և եթե անգամ ինչ-որ ձևով սակագինը բարձրանում է, ապա 5 տարի կամ 10 տարի մենք երաշխիքներ ունենանք, որ այլևս նման բան չի լինի»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ կառավարությունը պետք է կանխատեսելիություն տա քաղաքացիներին ու տնտեսվարողներին:

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի այն հայտարարությունը, որ պետք է սակագնային քաղաքականությունը փոխվի այնպես, որ ամեն տարի վերանայվի սակագինը, այնպես, ինչպես արվում է եվրոպական մի շարք երկրներում, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Համակարգերի խնդիր է, և համեմատել Հայաստանը եվրոպական երկրների հետ` ի սկզբանե սխալ է` նկատի ունենալով մեզ մոտ մենաշնորհային վիճակը, ակնհայտ ոչ արդյունավետ մենեջմենթը, կորուստների` ակնհայտ չափազանց լինելը, նաև` եվրոպական երկրներում մարդիկ լավ աշխատավարձ են ստանում, վճարունակ են, իսկ աղքատությունը 35 տոկոս չէ: Ես էլ համաձայն եմ` եթե խաղի կանոնները հստակ են, ու եթե իմանամ, որ մոնոպոլ համակարգն աշխատում է արդյունավետ, կարելի է քննարկել: Բայց մթի մեջ, առանց հասկանալու այդ գումարներն ինչպես են ծախսվել, ուր են գնացել, հարյուրավոր միլիոնների վարկերն ինչպես են ծախսվել, ես պատրաստ չեմ, որպես քաղաքացի, ամեն անգամ նման փաստի առաջ կանգնել: Չի կարող ամեն տարի նման թանկացում լինել: Թող կառավարությունը մասնավորի հետ քննարկի, գտնի լուծումները, առողջացման ուղիները, որովհետև այս համակարգը մեր տնտեսության ողնաշարն է, այստեղ փլուզումները ազդելու են ողջ տնտեսության վրա»:

yerkir.am

Տպել Տպել