Ելքը երաշխավորել, ցավոք, չեմ կարող

Գևորգ Կոստանյանը` Հրաչ Մուրադյանի սպանության գործի բացահայտման մասին

FotorCreatedԱյսօր ԱԺ նիստում, երբ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներկայացնում էր գլխավոր դատախազության` 2014թ. տարեկան զեկույցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց` նախապես ասելով, որ համաձայն է այն տեսակետին, որ քրեական գործերի մասին խոսելիս պետք է իրավական-մասնագիտական մոտեցում ցուցաբերել: Սակայն, պատգամավորի խոսքով, հանրային հնչեղություն ունեցող գործերի դեպքում իրավապահ համակարգը հաճախ չի կարողանում հանրության վստահություն ներշնչող արդարադատություն իրականացնել:

Աղվան Վարդանյանը երկու նման դեպքերի կապակցությամբ գլխավոր դատախազի կարծիքն էր ուզում իմանալ: «Առաջինը, գիտեք, մեր ցավն է` Պռոշյանի համայնքապետ, Մարտական խաչի ասպետ Հրաչ Մուրադյանի սպանության դեպքը, որը կատարվեց օրը ցերեկով, մարդկանց աչքի առաջ: Անցել է երկու տարի, ի՞նչ ընթացք ունի գործը, Ձեր խոստացած նոր օպերատիվ հետախուզական խումբը շարունակո՞ւմ է աշխատել, թե՞ ոչ: Նախկինում Դուք լավատես էիք, որ բոլոր շանսերը կան` գործը բացահայտելու համար: Այսօր ունե՞նք այդ լավատեսությունը, գործը կբացահայտվի՞, թե՞ ոչ»,- հարցեց Աղվան Վարդանյանը:

Երկրորդ հարցն առնչվում էր տաղանդավոր դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ պատահարին: «Դարձյալ երկու տարի է անցել, և վերջը չի երևում, կրկին ողջամիտ ժամկետների խնդիր կա: Ի՞նչ հանգուցալուծում եք տեսնում այս հարցում»,- հարցրեց պատգամավորը:

Գևորգ Կոստանյանը չհամաձայնեց այն տեսակետին, որ Վարդան Պետրոսյանի գործով կա ողջամիտ ժամկետների խնդիր: Նա նշեց, որ Վարդան Պետրոսյանի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Իսկ Հրաչ Մուրադյանի սպանության գործի վերաբերյալ նշեց, որ նոր օպերատիվ քննչական խումբը դեռ շարունակում է աշխատել: «Եթե համարեինք, որ ամեն ինչ արել ենք` գործը բացահայտելու համար, բայց գործը չի բացահայտվել, մենք ստիպված պետք է կասեցնեինք գործի վարույթը, բայց գործի վարույթը շարունակվում է, օպերատիվ քննչական աշխատանքը: Ելքը երաշխավորել, ցավոք, չեմ կարող, բայց վստահ եմ` ամեն ինչ անելու ենք, որ արդյունքը երաշխավորենք, ավելին ասել չեմ կարող»,- ասաց դատախազը:

Տպել Տպել