Հայոց ցեղասպանության թեմայի արծարծումը կարող է լսումների հնարավորություն ստեղծել թուրքական խորհրդարանում

FotorCreatedԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Եթե քրդամետ Ժողովրդա–դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հետևողական լինեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ապա դա կարող է թուրքական խորհրդարանում համապատասխան լսումների հնարավորություն ստեղծել, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Լիբանանի «Ազդակ» հայկական թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը` մեկնաբանելով Թուրքիայում անցած ընտրությունների արդյունքները։

Նախնական տվյալներով` քվեաթերթիկների 100 տոկոսի հաշվարկից հետո հաղթել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը ստացել է ընտրողների քվեների 40,8 տոկոսը և 258 տեղ խորհրդարանում։ Չնայած հաղթանակին` կուսակցությունը կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը։ Ձախակողմյան Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը ստացել է քվեների 25 տոկոսը և 132 տեղ խորհրդարանում, ազգայնական Ազգային շարժում կուսակցությունը` 16,4 տոկոս և 80 աթոռ, քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը` 13.1 տոկոս և 80 տեղ։ Ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն հաջորդ շաբաթ բողոքարկումների ուսումնասիրությունից հետո։

«Իսկ եթե նկատի ունենաք նաև Կարո Բալյանին առաջադրած կուսակցությանը` ժողովրդների ժողովրդավարական կուսակցության բարձրացրած Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, այդ խնդրի արծարծման հետևողականության դեպքում նաև ականատես կլինենք Թուրքիայի խորհրդարանում Ցեղասպանության հարցի առնվազն լսումներին»,– ասաց Գանտահարյանը։
ԺԴԿ միջազգային գործերով նախագահի տեղակալ Նազմի Գյուրը հունիսի սկզբին հայտնել էր, որ խորհրդարանական ընտրություններում հաջողության դեպքում կուսակցությունը կփորձի հասնել Հայաստանի հետ հարաբերությունների շուտափույթ բարելավմանը և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի կողմից։

Միաժամանակ, Գանտահարյանի խոսքով, երեք հայ պատգամավորների հայտնվելը Թուրքիայի խորհրդարանում կտրուկ բեկում չեն առաջացնի հայկական հարցերի ուղղությամբ պաշտոնական Անկարայի կիրառած քաղաքականության մեջ։

Նախօրեին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Թուրքիայի խորհրդարան են անցել երեք հայեր` լրագրող Մարգար Եսայանը (ներկայում իշխող «Արդարություն և զարգացում»կուսակցություն), Կարո Բալյանը (քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցություն) և փաստաբան Սելինա Օզուզունը (Ժողովրդահանրապետական կուսակցություն, ԺԴԿ–ն Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր քաղաքական ուժն է)։

«Երկարաժամկետ կտրվածքով, սակայն, երեք տարբեր ուղղությունների հիման վրա խորհրդարան մուտ գործած հայերը, յուրաքանչյուրը իր քաղաքական շրջանակում պիտի փորձի ազդեցիկ դառնալ հատկապես Անկարա-Երևան հարաբերությունների նորմալացման աշխատանքներում և այդ առումով ճիգ չխնայի, որ այդ հարաբերությունները լինեն առանց նախապայմանների»,– ասաց Գանտահարյանը։

Ըստ նրա` դա իր հերթին ենթադրել կտա, որ հարաբերությունների նորմալացման և դիվանագիտական կապերի հաստատման համար երկու պետությունների համար անհրաժեշտ է բանակցային նոր փաստաթուղթ մշակել։

Իսկ ներքին առումով, պատգամավորի խոսքով, ազգությամբ հայ պատգամավորները աշխատելու են Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք հարգումին ձգտել և վերացնել նրանց նկատմամբ գոյություն ունեցող խտրական քաղաքականությունը։

«Կարծում եմ որ սրանք կլինեն հիմնական երկու ուղղությունները, որոնց ընդառաջ կաշխատեն հայ պատգամավորները, անկախ ներթուրքական հարթության վրա յուրաքանչյուրի պատկանած կամ հարած կուսակցության գաղափարախոսական կամ քաղաքական տարբերություններից և հակասություններից»,– ասաց Գանտահարյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

Թուրքիայի մասնատման հարցի առկայությունը աշխարհաքաղաքական կենտրոնների օրակարգում չի բացառվում.

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի մասնատման հարցի առկայությունը աշխարհաքաղաքական կենտրոնների օրակարգում չի բացառվում, «Նովոստի Արմենիա» գործակալությունը հայտարարեց Լիբանանի «Ազդակ» հայկական թերթի խմբագիր Շահան Գանտահարյանը` մեկնաբանելով Թուրքիայում անցած նախագահական ընտրությունների արդյունքները։

«Այս ընտրությունները մեկնաբանելիս պետք է անպայման հիշել Էրդողանի նախընտրական հռետորաբանությունն ու ընտրաճառերի ընթացքում կատարած մեղադրանքները, թե ովքեր են ուզում Թուրքիան թուլացնել և մասնատել։ Այս բոլորի դիմաց Էրդողանը խոստանում էր հաղթել` թույլ չտալու համար իր երկրի մասնատումը։ Հիմա երբ նա ընդունում է, որ չի հաղթել, նշանակում է, որ Թուրքիայի մասնատման գործընթացը սկսվել է»,– ասաց Գանտահարյանը։

Նրա խոսքով` այդ գործընթացի կանգնեցման գլխավոր պատասխանատուն նկատվում է քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը, իսկ Թուրքիայի մասնատումը ցանկացողների թվում են արևմտամետ լրագրողները և հայկական լոբբին, այսինքն` Հայկական Սփյուռքը։

«Սրանք բոլորը կարող են ներքին սպառման համար ծառայած լինել։ Այնուամենայնիվ, այսօր թուրքիայի մասնատումը արծարծում է ոչ միայն էրդողանը. չի բացառվում որ նման օրակարգ հայտնվի աշխարհաքաղաքական կենտրոններում նկատի առած տարածաշրջանում կտրուկ զարգացում արձանագրող իրադարձությունները»,– ընդգծեց Գանտահարյանը։

Թերթի խմբագիրը նշեց նաև, որ անցկացված ընտրությունները որոշ ժամանակով կանգնեցրին նախագահական իշխանավարմանն անցնելու գործընթացը` ստիպելով գործող իշխանություններին կոալիցիոն կառավարություն ձեւավորել այլ քաղաքական ուժերի հետ։

Տպել Տպել