Մտադիր ենք շարունակել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ երկխոսությունն այս հարթակում

FotorCreated«Սոցինտերնի»՝ ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի երեւանյան երկօրյա ժողովի ավարտին այսօր բանաձեւ է ընդունվել:

Կառույցի գլխավոր քարտուղար Լուիս Այալան եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը համատեղ ասուլիսում ներկայացրել են ժողովի արդյունքները։

«Տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորում, ժողովրդավարության ապահովում եւ ամրապնդում, ԱՊՀ, Կովկասյան եւ Սեւծովյան երկրներում սոցիալ դեմոկրատական առաջնահերթություններ. այս հարցերը Սոցինտերնի օրակարգում են, եւ երեւանյան ժողովում էլ շատ կարեւոր հաստատումներ արվեցին»,- ասել է Լուիս Այալան։

Նրա խոսքով, շատ կարեւոր է, որ ի դեմս ՀՅԴ-ի` իր ղեկավարած կառույցն այս տարածաշրջանում գործընկեր կուսակցություն ունի։ «Սոցինտերնի անդամ քաղաքական ուժերն իրենց երկրներում փորձում են ամրապնդել ժողովրդավարությունը, եւ կարելի է անգամ ասել, որ շատ երկրներում նրանք գործող իշխանությունների այլընտրանքն են։ Մյուս կողմից, շատ կարեւոր է, որ այստեղ՝ Երեւանում էին նաեւ Ադրբեջանի սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչները։ Մենք մտադիր ենք շարունակել Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ երկխոսությունն այս հարթակում։ Իսկ հակամարտությունների, ոչ միայն՝ Լեռնային Ղարաբաղի, լուծման համար շատ կարեւոր է նաեւ ժողովրդավարության ամրապնդումն այդ երկրներում»,- ասաց Այալան։

Արմեն Ռուստամյանն էլ նկատել է, որ ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախումբը տարածաշրջանի հակամարտող երկրներին հնարավորություն է տալիս հանդիպել նույն հարթակում եւ քննարկել խնդիրները։

ՀՅԴ-ի հյուրընկալած ժողովին մասնակցելու համար Երեւանում են սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հունգարիայից, Ղրղզստանից, ինչպես նաեւ Ադրբեջանից։

Մենք բաց ձևաչափով վեր ենք հանում կոնֆլիկտը. Արմեն Ռուստամյան

FotorCreated
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր տեղի է ունեցել Սոցիալիստական ինտերնացիոնալի ԱՊՀ-ի, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի ժողովը:

ՀՅԴ-ի կողմից հյուրընկալվող հանձնախմբի ժողովին մասնակցելու համար Երևանում են սոցիալիստական և սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հունգարիայից, Ղրղզստանից, ինչպես նաև Ադրբեջանից։

Հանձնաժողովի հայաստանյան ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը համաժողովից հետո լրագրողների հետ զրույցում նշեց. «Ես ուզում եմ ընդգծել հանձնաժողովի դերը: Շատ յուրահատուկ ձևաչափ է սա: Մենք բաց ձևաչափով վեր ենք հանում կոնֆլիկտը: Մասնավորապես` Հարավային Կովկասի բոլոր երկրների սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչներն այս հարթակում հանդիպում են և քննարկում բոլորին հուզող խնդիրները: Այս հանձնաժողովը բավական կենսունակ է և կարողանում է իր ուրույն դերակատարումն ունենալ»:

Անդրադառնալով ադրբեջանցի ներկայացուցչի դիրքորոշմանը` նա ասաց. «Մենք իսկապես այստեղ փորձում ենք հասնել համախոհության: Մեր հիմնական նպատակը փոխադարձ ըմբռնման հասնել է: Պետք է ամեն ինչ անել, որ ժողովրդավարության ներդրման միջոցով հասնենք փոխհամաձայնության: Ադրբեջանի մեր կոլեգաներն էլ են ընդունել այս սկզբունքները: Մենք բացառել ենք պատերազմի միջոցով հարցերի կարգավորումը»:

yerkimedia.am

Տպել Տպել