Սահմանադրական փոփոխություններն առնչվում են ԵՄ հետ գործակցության նոր փաստաթուղթ մշակելուն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը

FotorCreated– Պարոն Կանդահարյան, սահմանադրական փոփոխությունների 1-7-րդ գլուխները հրապարակվել են, և հիմնականում քննադատություններ են՝ երկփուլ ընտրությունների և այլնի հետ կապված։ Ի՞նչ կարծիք ունեք այս փոփոխությունների առնչությամբ։ Արդյոք ժողովրդավարության փոփոխություններ անհրաժե՞շտ էին առհասարակ։

– Կարծում եմ՝ խորհրդարանական համակարգը կսահմանափակի նախագահի լիազորությունները, և իբրև քաղաքագիտական սկզբունք՝ միանձնյա լիազորությունները նվազ ժողովրդավարական են, քան հավաքականը։ Ընդհանուր գծերով սա գործող նախագիծ է եվրոպական միջավայրերում, որոնք բնութագրվում են իբրև ժողովրդավարական հասարակարգեր։

– Նոր Սահմանադրությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրելու և ընտրվելու իրավունք ունեն ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձինք, օտարերկրացիները, որոնց 18 տարին լրացած է, և որոնք մշտական բնակություն են ունեցել տվյալ համայնքում: Շատ սփյուռքահայերի կարծիքով՝ ՀՀ նախագահին պետք է ընտրեն միայն ՀՀ քաղաքացիները։ Ո՞ր տարբերակին եք դուք կողմնակից։

– Խորհրդարանական համակարգին կողմ լինելով հանդերձ՝ կարծում եմ, որ որոշ բարեփոխումներ կարելի է անել։ Անձնապես կողմ եմ, որ ընտրելու և ընտրվելու համար անհատը պիտի լինի ՀՀ քաղաքացի։ Այն օտարերկրացիները, ովքեր ունեն նաև ՀՀ քաղաքացիություն, կներառվեն այս հասկացության մեջ, բնականաբար։ Այստեղ կարելի է ճշտել նվազագույն ժամկետներ, որ կսահմանեն ՀՀ-ում բնակվելու ժամանակահատվածը իբրև պայման ընտրելու կամ ընտրվելու։ Սակայն միաքաղաքացու կամ երկքաղաքացու տարբերություն չպետք է իրավականացնել։

– Շատերը նշում են, որ սա բռնապետություն հաստատող փաստաթուղթ է՝ նպատակ ունենալով իշխանության վերարտադրության։ Դուք մտահոգություններ չունե՞ք։

– Իշխանության վերարտադրությունը, կարծում եմ, ավելի շատ կապ ունի ընտրական համակարգի հետ, քան սահմանադրական. այլ խոսքով՝ ընտրակեղծիքների, վարչական ռեսուրսի օգտագործման, ընտրակաշառքի և նման մշակույթի հետ։ Գործող Սահմանադրությունն էլ կարող է նպաստել իշխանության վերարտադրմանը։ Միևնույն կուսակցությունը եթե կեղծի ընտրությունները, կարող է մեծամասնություն գոյացնել ԱԺ-ում, միայնակ ճշտել ԱԺ նախագահին, վարչապետին և այլն։ Ուզում եմ ասել, որ խնդիրը գիտակցված ձևով ազատ, արդար և թափանցիկ ընտրությություններ կազմակերպելու կամքին մեջ է։

Եվս մեկ դիտարկում. այստեղ խնդիրը քաղաքական երես ունի։ Հատկապես Վիլնյուսից հետո ակտիվացել են Սահմանադրական փոփոխությունների խնդիրները։ Եվ յուրաքանչյուր հոդված համաձայնեցվում է Վենետիկի հանձնաժողովի հետ։ Իսկ Վենետիկի հանձնաժողովը, փաստորեն, եվրոպական կառույցների սահմանադրագետների գործող խումբն է, որի գործառույթներում է նաև ինդեգրացվող երկրների սահմանադրությունները համապատասխանեցումը եվրոպական մոդելներին։ Կարծում եմ՝ Սահմանադրության բարեփոխումը կարող ենք դիտարկել «և՛, և՛»-ի կամ «թե՛, թե՛»-ի քաղաքականության ոլորտում. սա հնարավորություն կբացի նաև ԵՄ-ի հետ արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության նոր փաստաթուղթ մշակելու համատեքստում։

– Շատերը փաստում են, որ խնդիրը Սահմանադրության մոդելը չէ, այլ այն, որ Սահմանադրությունը չի գործում. արդյոք համամիտ չե՞ք։

– Սահմանադրությունները լավ մշակված, փորձագիտական և իրավագիտական քննարկումներից հետո բյուրեղացած փաստաթղթեր են։ Խնդիրն այն իրականացնելն է: Եվ այստեղ շատ կարևոր է Սահմանադրական դատարանի անկախ ու ինքնուրույն աշխատելը, Սահմանադրությունը հարգելը ինչպես հասարակության, այնպես էլ իշխանությունների կողմից գիտակցված մոտեցում է պահանջում։

Հեղինակ՝ Սիրանույշ Պապյան

Տպել Տպել