Մեզ համար «այո»-ից ոչ պակաս կարևոր է, որ այս հանրաքվեն անցնի լեգիտիմ պայմաններում

FotorCreatedԱյսքան տարի ՀՅԴ-ն մասնակցել է ընտրություններին՝ բազմաթիվ ձևերով, բազմաթիվ տարբերակներով, և մի բան ակնհայտ է՝ եթե չհաջողվի տեղամասերում վերահսկողություն իրականացնել, այդ մեխանիզմը կմնա թղթի վրա. այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Վերահսկողության առումով՝ ընդդիմությունն այս մոբիլիզացիան չի ունեցել: Ընդդիմության ամբողջ պրոբլեմը դա է: Նրանք չեն կարողացել 2000 տեղամասում պատշաճ վերահսկողություն իրականացնել: Սրա իմաստն այն է, որ կարելի է հասկանալ՝ ինչ խախտումներ են եղել: Եթե լինի վերահսկողություն, անվավերության հարցը փաստարկներով ներկայացնելու հնարավորություն կլինի: Դրա համար ես ասում եմ, որ այս համակարգն ամբողջությամբ պետք է փոխվի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ քանի դեռ սահմանադրական կարգը, ընտրական կարգը չեն փոխվել, այս խոսակցությունները շարունակվելու են:

«Ես վստահ եմ, որ ամբողջական համակարգը պետք է փոխվի: Քանի չենք փոխել համակարգը, մենք չենք կարող խոսել անբիծ ընտրությունների մասին: Դրա համար պետք չէ սայլը դնել եզներից առաջ: Պետք է անցնել նորմալ, բալանսավորված համակարգի և նոր անցնել ընտրությունների վերահսկողության մեխանիզմին վստահությանը»,- նշեց ՀՅԴ-ականը:

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն այս ամենի մեջ է մտել շատ պարզ տրամաբանությամբ: «Մեզ համար «այո»-ից ոչ պակաս կարևոր է, որ այս հանրաքվեն անցնի լեգիտիմ պայմաններում: Մենք էլ պետք է վստահ լինենք, որ ամեն ինչ անցել է անկեղծ ու բաց: Դաշնակցության մասով ասեմ, որ, ի տարբերություն այլ՝ մեծ-մեծ խոսող քաղաքական ուժերի, ներկա ենք գտնվելու 2000 ընտրատեղամասում: Մենք բոլոր տեղերում ներկա ենք լինելու և վերահսկելու ենք, որ այս քվեարկությունը լինի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»,- ասաց Ռուստամյանը:

Վարչական ռեսուրսների օգտագործման հետ կապված խոսակցությունները չեն վերանա, քանի դեռ չկա վստահություն ընտրությունների նկատմամբ, իսկ որ այդ վստահությունը չկա, դա փաստ է,- հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ արձագանքելով հարցին, թե ի՞նչ կասի ընդդիմության այն մտահոգությունների մասին, թե իշխանությունն իր վարչական ռեսուրսներն է օգտագործում, ID քարտեր է օրակարգ բերում, բացի այդ՝ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ պնդում է, թե գյուղապետերին հրահանգված է հարյուր քվեարկողի պարագայում ապահովել 150 «այո»:

«ID քարտերի հետ կապված իրավիճակը լուրջ խնդիր է: Միջազգային կառույցներն էլ են ասում, որ որևէ մեկը չի կարող զրկվել իր ընտրական իրավունքից: Ամենագլխավոր իրավունքը ընտրական իրավունքն է: Այս հարցի լուծման մեխանիզմներն են քննարկվում: Ես կարծում եմ, որ այս հարցը գերակա նշանակություն ունի: Ընդդիմությունն ու իշխանությունը չեն կարող այս խնդիրն անտեսել: Խնդիրը ընտրողների թվի մեջ չէ: Մեկ ընտրողի իրավունքն էլ պետք է լիարժեք իրականացվի»,- ասաց Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ մենք հիմա հանրաքվե ենք անում, և դա առնչվում է մեր հեռանկարին: «Մենք արմատապես փոխում ենք մեր կառավարման համակարգը: Որևէ քաղաքացի չի կարող այս գործընթացից դուրս մնալ: Սա շատ կարևոր հարց է: Մենք ուզում ենք լուծել այս խնդիրը, բայց այն պետք է այնպես արվի, որ վերահսկման պարագայում խնդիրներ չառաջանան: Մենք պետք է կարողանանք քվեարկության լիարժեք վերահսկողական մեխանիզմներ մշակել: Այդ առնչությամբ մենք չորս մեխանիզմ ենք առաջարկել»,- ասաց ՀՅԴ պատգամավորը:

Տպել Տպել