Քարոզարշավն արդեն ընթացքի մեջ է

FotorCreatedԴաշնակցության դիրքորոշումը, սահմանադրական բարեփոխումների հետ կապված, բոլորին հայտնի է, իսկ քարոզարշավն արդեն ընթացքի մեջ է. այսօր, նոյեմբերի 2-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա նշեց, որ ՀՅԴ Գերագույն մարմինը ձևավորել է շտաբ, որի աշխատանքը ղեկավարելու է ինքը: «Աշխատելու ենք մի քանի ուղղություններով: Նախընտրական հիմնադրամ է ստեղծվել, երկրորդ ուղղությունը քարոզչական նյութերի պատրաստումն է: Կունենանք 5-6 էջանոց բուկլետ, որում հստակ ձևակերպված կլինեն, թե որոնք են գործող Սահմանադրության թերությունները, և որոնք են նորի առավելությունները: Մոտ հարյուր շտաբներ կբացվեն, մեկ երևանյան և տասը մարզային կոմիտեներ կլինեն»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով` այժմ կա մոտ հիսուն կոմիտե, որոնք կդառնան շտաբներ: «Գերագույն մարմնում երեկ հանդիպում ենք ունեցել մարզային շտաբների ղեկավարների հետ, այնուհետև հանդիպեցինք Երևանի շտաբների ղեկավարների հետ: Առաջիկա շաբաթ և կիրակի օրերին կունենանք մարզային հանդիպումներ: Ստեղծվել են քարոզչական հինգ պատկառելի խմբեր` քսան հոգուց բաղկացած անձնակազմով: Կղեկավարեն Արմեն Ռուստամյանը, Արսեն Համբարձումյանը, Լևոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, մյուսն էլ կղեկավարեմ ես»,- ասաց Աղվան Վարդանյանը` հավելելով, որ Երևանում բոլոր կոմիտեների տարածքներում կունենան ոչ միայն դահլիճային հանդիպումներ, այլև` մասնագիտական:

Նա հայտնեց նաև, որ նախապատրաստում են նյութեր, և ամսի 6-ից արդեն կսկսվի հեռուստառադիոքարոզարշավը: «Մենք առանձին ենք անելու քարոզարշավը և դրա ներուժը ունենք: Մենք պետք է այնպես անենք, որ բնակչության մեծ մասի մոտ կասկածներ չմնան, որ այս Սահմանադրությունը, նախկինի համեմատ, ունի հսկայական տարբերություն»,- ասաց Վարդանյանը:

Ըստ նրա՝ կառավարման խորհրդարանական համակարգի մոտեցումը եղել է ՀՅԴ-ի առանցքային տեսակետներից մեկը: «Մենք որևէ մեկին չենք միացել, այլ մեզ են միացել: Մեզ մեղադրել, որ մենք գնացել ենք՝ իշխանությանն ենք միացել՝ կնշանակի, որ սայլը եզից առաջ է ընկնում: ՀՅԴ-ն քսանից ավելի տարիներ հետևողականորեն գնացել է այս ճանապարհով: Նայեք՝ ԱԺ-ում ցանկացած կուսակցություն անընդհատ փոխել է իր տեսակետը, բայց ոչ մենք: Գեղեցիկ չէ, որ մեզ ասում են, թե մենք գնացել՝ միացել ենք իշխանությանը»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն առանձին է կատարում քարոզչություն, Վարդանյանը նշեց. «Մենք առանձին քաղաքական ուժ ենք: Մենք բոլորս նույն տեղում չենք հավաքվելու ու քարոզչություն անելու: Մեր փաստարկներն ավելի խորն են: Մենք ունենք մեր հիմնավորումները, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն` իրենցը: ՀՅԴ-ն չի եղել ու չի լինի այլ քաղաքական ուժի սպասարկող ուժ: Մենք կհամագործակցենք այն քաղաքական ուժի հետ, որի հետ մեր տեսակետները կհամընկնեն: Մեր փաստարկներն ավելի հզոր են ու խորը, քան անգամ ՀՀԿ-ինը»:

Հայտնի է, որ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը նույնականացման քարտերով քվեարկելու չորս տարբերակ է առաջարկել:

Առաջինը տեղեկանքի առկայությունն է, որը հնարավորություն կտա ընտրական հանձնաժողովներում փաստելու, որ նույնականացման քարտով հանրաքվեին մասնակցող անձը նույն անձն է, և այդ տեղեկանքի վրա կդրվի համապատասխան դրոշմակնիք:

Երկրորդ տարբերակը 9-րդ ձևին է վերաբերում, որը կարող է տրվել քվեարկողներին:

Երրորդ տարբերակը նույնականացման քարտ ունեցողների տվյալների փոխանցումն է ընտրական հանձնաժողովներին և դրանց հրապարակումը, ինչը հնարավորություն կտա հանձնաժողովներին պատշաճ վերահսկողություն իրականացնելու:

Չորրորդ տարբերակով՝ ՀՅԴ-ն առաջարկում է մատները թանաքոտել:

Yerkir.am-ի հարցին, թե Դաշնակցության առաջարկների ընդունումն ի՞նչ փուլում է, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ իրենք իրենց առաջարկներով ցանկանում են այնպիսի մեխանիզմ ներդնել, որը կվերացնի խախտումների հավանականությունն առնվազն տեսականորեն:

«Եթե քայլ անում ես, պետք է անես նաև դրան հակակշող քայլը: Մեր առաջարկներից որն էլ ընտրվի, մեզ համար ինչ-որ չափով կլինի հակակշիռ: Հիմա քննարկումներն ընթանում են, և ես չեմ բացառում, որ այսօր ևս քննարկումներ կունենանք քաղաքական մեծամասնության, օրենքի նախագծի հեղինակների հետ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ տարբերակներից գոնե մեկն ընդունվի»,- ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով`շատ կարևոր է նաև այն, որ մենք պիտի ունենանք անձը հաստատող միասնական փաստաթուղթ: «Չի կարող այս խառնաշփոթը լինել` չորս-հինգ տեսակի անձնագրերին և այլնին վերաբերող: Մեկ միասնական փաստաթուղթ պետք է ունենան բոլորը, բնականաբար, այս պայմաններում թեկուզ հենց նույնականացման քարտը: Պետությունը պարտավոր է քաղաքացիներին ապահովել նույնականացման քարտերով, եթե անգամ ծախսերը շատ են: Մենք պետք է կարողանանք ընտրությունների ժամանակ մեկ միասնական փաստաթուղթ ունենալ»,- ասաց Վարդանյանը և հավելեց. «Եթե մենք ուզում ենք նորմալ, արդար ընտրություններ անցկացնել, անհրաժեշտ է իքս գումար: Բազմաթիվ արտասահմանյան կառույցներ պատրաստ կլինեն այդ ներդրումն անել: Ես ափսոսում եմ, որ Հայաստանում ID քարտերի գործընթացը կիսով չափ տապալվել է, և դրա համար մեղավորներ կան»:

Տպել Տպել