Դաշնակցության Նոր Նորքի տարածքային նորաբաց կենտրոնը կրում է Նիկոլ Դումանի անունը

FotorCreatedԵրեւանի Նոր Նորք վարչական շրջանում Նանսենի փողոցում գտնվող Դաշնակցության տարածքային նորաբաց կենտրոնը դառնալու է ոչ միայն կուսակցության աշխատանքների կազմակերպման, այլ նաեւ երիտասարդների միավորման կենտրոն։

1989 թվականին Նոր Նորքում ձեւավորված կուսակցական միավորը կրում է հայ ազատագրական պայքարի լեգենդար հերոս Նիկոլ Դումանի անունը։ Գրասենյակը վերանորոգվել է ՀՅԴ Ավստրալիայի «ԴՐՈ» կոմիտեության, Երիտասարդական Միության եւ Հայ Օգնության Միության աջակցությամբ:

Ավստրալիայի դաշնակցականները 2014-ին են որոշել աջակցել կենտրոնի բացմանը, եւ ՀՅԴ Ավստրալիայի Կենտրոնական կոմիտեի անդամ Հայկ Կայսերյանի խոսքով, շնորհակալ են գրասենյակը վերանորոգելու հնարավորության համար, քանի որ այն նաեւ դառնալու է Դաշնակցության գաղափարների շուրջ երիտասարդներին համախմբելու հավաքատեղի։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի խոսքով, Բյուրոյի նախաձեռնությամբ Սփյուռքի տարբեր կառույցներ որոշել են աջակցել Հայաստանի կուսակցական միավորներին նման կենտրոններ ունենալու գործում։

Ամիսներ առաջ մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում վերաբացվեց «Մովսես Տեր-Գալուստյան» Դաշնակցության տարածքային կենտրոնը։

yerkirmedia.am

Տպել Տպել